Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին աշխարհի կենտրոնում․ գունային փառատոնով երիտասարդների միջազգային օրն են նշում (Ֆոտոշարք և տեսանյութ)

Օգոստոս 11,2018 20:52

Գյումրիում այսօր 4-րդ անգամ նշվեց երիտասարդների միջազգային տոնը։ Մեծ թվով երիտասարդներ, այդ թվում նաև աշխարհի տարբեր երկրներից, գունեղ շապիկներ հագած, ցուցապաստառները ձեռքերին ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակից քայլերթ ու հեծանվաերթ կատարեցին դեպի Թատերական հրապարակ՝ անսովոր աշխուժություն հաղորդելով քաղաքին։ Մեքենաների վարորդներն ազդանշաններ էին տալիս ու  ողջունում քաղաքի կենտրոնական փողոցներով անցող երիտասարդներին, իսկ շենքերի բնակիչները դուրս էին գալիս պատշգամբ՝ ձեռքերը թափահարելով ու այս ձևով նրանց տոնը շնորհավորելով։

Գյումրու Թատերական հրապարակում առաջին անգամ այս քաղաքի պատմության մեջ տեղի ունեցավ գունային փառատոն։ Մասնակիցները մի քանի րոպեի ընթացքում դարձան անճանաչելի՝ ներկվելով տարբեր գույներով, գունազարդեցին նաև քաղաքի փողոցները՝ տոնական տրամադրություն հաղորդելով։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» նախագահ Արթուր Նաջարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն 4-րդ տարին է՝  կազմակերպում են երիտասարդների միջազգային օրվա միջոցառումները ու ամեն անգամ փոխում են ձևաչափը։ Հարցումներ կատարելով՝  պարզել են, որ այս տարի երիտասարդներն ավելի շատ ժամանցային միջոցառման կարիք ունեն։

Ըստ մեր զրուցակցի, յուրաքանչյուր տարի այս տոնն ունի հստակ խորհուրդ, այս անգամ համագործակցելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի և «ArmEvents»-ի հետ, հիմնական նպատակը եղել է երիտասարդների առողջ ապրելակերպի խրախուսումը, այդ պատճառով էլ հեծանվաերթ են կազմակերպել դեպի Թատերական հրապարակ։

Արթուր Նաջարյանն առանձնացնում է հայ երիտասարդներին հուզող երեք կարևոր խնդիրներ։ Ըստ նրա, վերջին վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ խնդիրներից առաջնահերթը գործազրկությունն է, բնակարանների ձեռք բերումն ու շարժունակությունը։

«Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության երիտասարդը իր զբաղվածությունը չի կարողանում ապահովել, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները՝ ոչ թե աշխատատեղերի պակասի պատճառով, այլ շատ աշխատատեղեր աշխատաշուկայում առկա են, սակայն երիտասարդները մրցունակ չեն աշխատաշուկայի համար։ Դա լուրջ խնդիր է, որ ծառացել է․ կամ մասնագիտությունը չի համապատասխանում, կամ ընտրում են այնպիսի մասնագիտություն, որի կարիքը չկա աշխատաշուկայում։

Մեր կազմակերպությունը փորձում է գոնե այդ առումով աջակցել երիտասարդներին ճիշտ մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչու չէ՝ եթե արդեն ունեն մասնագիտություն և աշխատաշուկայի պահանջներն այլ են, կարողանանք եվրոպական տարբեր երկրների մեր ընկերների հետ համագործակցությամբ տանել ուսումնական այցերի, փորձի փոխանակման, աշխատանքային պրակտիկաների։ Մեկ տարի շարունակ աշխատանքային պրակտիկայի իրագործումն արդեն ցույց է տվել, որ այն մեծ թվով երիտասարդների համար դիտարկվել է որպես հաջողության գրավական։ Չկա որևէ մի երիտասարդ, որը մասնակցելով այս ծրագրերին, չլինի աշխատաշուկայում պահանջված», -ասում է մեր զրուցակիցը:

Ըստ Արթուր Նաջարյանի, դրսից մեծ թվով երիտասարդների այսօր Գյումրի հրավիրելով՝ նպատակ ունեն Հայաստանի այս գողտրիկ, պատմական եզակի հուշակոթողներ ունեցող մշակութային քաղաքը՝ որպես ինքնուրույն դիմագիծ ունեցող տուրիստական վայրի, լոբինգ անել։ Գյումրի եկողներն արդեն խոսում են Գյումրիում մնալու մասին, քանի որ այս քաղաքը, Արթուր Նաջարյանի ասելով՝ իրենց համար տարբեր է։

Ավելին, ըստ մեր զրուցակի, հյուրընկալել են Եվրամիության կողմից իրականացվող «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի 40 կամավորներին, որոնք 2017 թվականին որպես կամավոր եղել են Եվրամիության որևէ երկրում։

«Երկար ջանքերից հետո երիտասարդական միջազգային հավաքը տեղի ունեցավ Հայաստանում, ավելին մեր Գյումրի քաղաքում, սովորաբար տեղի է ունենում Թբիլիսիում, բայց այս տարի կարողացանք կազմակերպել Գյումրիում։ Նպատակը նաև դրսից երիտասարդների բերելն է,  այսինքն՝ այսօր միջազգային կազմակերպությունների մեծ թվով ներկայացուցիչներ կան, նրանց, ինչպես նաև տուրիստական ընկերությունների հետ համագործակցությամբ այսօր մեր համերգային ծրագրին մեծ թվով մարդիկ են միանալու»։

Արթուր Նաջարյանի ասելով, նոր սերունդը իրավագիտակից է, վերջին քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ հենց հայ երիտասարդները փոխեցին իրենց կյանքը։ «Մեր մոտ երիտասարդները սկսել են ավելի անհանդուրժող դառնալ, ինչը նաև կրթության, դաստիարակության հետ կապ ունի։ Մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն ավելի շատ հարմարվող էին ցանկացած իրավիճակի հետ, հատկապես Սովետական Միության ժամանակ կրթությունն այդպիսին էր, պետք էր հարմարվել այն ամենին, ինչը որ առկա էր։ Հիմա մեր երիտասարդներն ավելի անհանդուրժող են ցանկացած բացասական երևույթի։ Կարևորն այն է, որ նրան ոչ միայն բողոքում են, այլ քայլեր են ձեռնարկում բացը լրացնելու համար, լուծման ուղիներ են փնտրում», -ասում է Արթուր Նաջարյանը։

Նշենք, որ այս պահին Գյումրու Թատերական հրապարակում բացօթյա համերգ է, երիտասարդներին հաջողվել է տներից դուրս հանել գյումրեցիներից  շատերին։

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031