Օգոստոսի 11-ին խոշորացված Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղը բազմամարդ էր,շուքով նշվեց գյուղի 200-ամյակը: Գյուղի կենտրոնում տոնավաճառ էր, տաղավարներում ներկայացված էին ձեռքի գեղեցիկ աշխատանքներ, թխվածքներ, մեղր եւ այլն:
Հաղարծնի 200-ամյակի միջոցառմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհավորեց գյուղի տոնը, նշելով գյուղի հին անունը՝ Ջարխեչ: Փաշինյանը հայտարարեց, որ ինքը այդ գյուղի թոռ է: Նա ասաց, որ շատ դժվար ժամանակներ Տավուշի մարզի բնակիչները դիմակայել են անտառ հատելով, հորդորեց ապրել բնության հետ ներդաշնակ, առանց անտառը վնասելու, հաղարծինցիներին հորդորելով. «Կոչ եմ անում անջատել «Դրուժբաները« եւ միացնել միտքը»: Վարչապետը հայտարարեց, որ ինքը Հաղարծնին նվեր է բերել 140 հազար դոլարանոց դրամաշնորհային ծրագիր, որից կարող են օգտվել առանց բնությանը վնասելու տնտեսական գործունեություն նախաձեռնողները: 2-3 հազար դոլարանոց դրամաշնորհները կտրվեն անասնապահության, չորանոցների ստեղծման եւ այլ նպատակներով:
Նիկոլ Փաշինյանը Հաղարծնի բնակիչներին կոչ արեց օգտվել Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորություններից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ