Ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը փակ մարդ էր: Հարցազրույցներ հազվադեպ է տվել, հանրության առջեւ էլ երբեք ելույթներ չի ունեցել: Նա ամենից շատ կարևորում էր իր անձնական կյանքի գաղտնիությունը: Քըրքորյանի ընկերներից շատերը համոզված են, որ նրա մեկուսացվածությունն անգամ հետմահու էր պետք պահպանել: Այնինչ, հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը Քըրքորյանին փորձել է բացահայտել, ներկայացնել նրա կյանքն ու գործը, ԱՄՆ-ում հրատարակելով «Խաղացողը» գիրքը: Որն արդեն իսկ դարձել է բեսթսելեր:
Գրքում պատմվում է բարերարի անցած կյանքի մասին, թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը: Գիրքը անգլերեն լեզվով լույս է տեսել այս տարվա հունվարի 23-ին:
Այն հայերեն ու ռուսերեն տարբերակով հրատարակելու իրավունքը ձեռք է բերել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքի թարգմանիչներն են Ալինա եւ Աննա Միրզոյանները: ՔըրքԱրշավի շրջանակներում հրատարակչությունը շրջում է Հայաստանի տարբեր քաղաքներում, ներկայացնում գիրքը: Այսօր Վանաձորի Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը. «Քըրքորյանի նման մարդիկ մենք շատ քիչ ենք ունեցել: Նա համեստ մարդ էր, եւ իրեն երբեք չի գովազդել: Մեր ժողովուրդն այդքան էլ լավ չի ճանաչում նրան: Սակայն այս գիրքը կարդալով մարդիկ կհասկանան, կտեսնեն, թե իսկապես ո՞վ է եղել Քըրքորյանն ու ի՞նչ է արել: Ես կուզեմ, որ Լոռիում էլ կարդան գիրքը, քանի որ այն բոլորիս համար է»,- ասաց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը:
«Խաղացողը» գիրքը Հայաստանում վաճառվել է մեծ արագությամբ: Այժմ պատրաստվում են երկրորդ հրատարակչությանը: Լոռեցի մտավորականների կողմից եւս գիրքը ընդունվեց մեծ ոգեւորությամբ:
«Ես 15-20 րոպեում ծանոթացա գրքի սկզբնական մասին, ծանոթացա ոճին, շարադրանքին: Զգացվում է, որ գիրքը պրոֆեսիոնալ գրող է գրել: Իսկ «Էդիթ Պրինտ»-ի կողմից էլ արժանվույն է պահպանվել տպագրական որակը: Քըրքորյանը հսկայական գործ է արել, եւ մեր պատմության ընթացքում մեր սերունդների կողմից արժանի է մեծարանքի: Նա շատ լավ օրինակ է հարուստների ու գործարարների համար, որպեսզի նրանք նույնպես իրենց հնարավորություններն օգտագործեն եւ ներդրումներ անեն, եւ օգնեն Հայաստանին»,-իր խոսքում ասաց ՀՀ գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը:
«Խաղացողը» գրքում Ռեմփելը ներկայացնում է Քըրքորյանի կյանքի մասին երկար ժամանակ գաղտնի պահվող մի շարք տեղեկություններ: Պատմում հակասություններ լի մարդու հաջողությունների մասին:
«Գիրքը միայն ճանաչողական նշանակություն չունի: Սա նաեւ դաստիարակող եւ ուսուցողական կարեւորություն ունի: Պատմում է մի մարդու մասին, որը մեր ժողովրդի համար մեծ գործ է կատարել: Նա մեծ գործ է կատարել նաեւ ամբողջ աշխարհի համար՝ մարդասիրական տեսանկյունից: Քըրքորյանը մեր ազգային հերոսներից մեկն է, բայց դա իրեն բնավ պետք չէ, դա մեզ է պետք՝ իր հայրենակիցներին, իր ժողովրդի ներկայացուցիչներին, որպեսզի տեսնենք, թե ի՞նչ մարդ է եղել նա»,- ասում է բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը:
Վանաձորից հետո ՔըրքԱրշավը կլինի նաեւ հանրապետության այլ քաղաքներում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ