Ազատամարտիկ, գնդապետ Աիդա Սերոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա արդյունքները դրական է գնահատում եւ հույս ունի, որ նոր կառավարության շնորհիվ ազատամարտիկների սոցիալական կարգավիճակի խնդիրները վերջապես կլուծվեն: «Պատերազմից վերադարձած կռվողները դարձան մուրացկան, իսկ թալանչիները՝ օլիգարխ: Աղդամն ազատագրեցինք եւ դեռ օդանավակայան չհասած՝ այն արդեն թալանված էր: Պատերազմում կռվածները կորցրեցին ամեն ինչ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր ասաց Աիդա Սերոբյանը:
Նրա խոսքով՝ շատ ազատամարտիկներ այսօր սովահար են լինում, չեն կարողանում ընտանիք պահել, անգամ դեղամիջոցների գումար չունեն. «Եթե ազատամարտիկը հաշմանդամություն չունի, գումար չի ստանում, բայց չէ՞ որ իր կյանքն է տվել պատերազմում»: Գնդապետն ակնկալում է, որ իրական հերոսները վերջապես կգնահատվեն. «Մեզ լիմուզին ու ինքնաթիռ պետք չէ, այլ վերաբերմունք: Մեր արածը պետք է գնահատել»:
Աիդա Սերոբյանը նոր կառավարությանը կոչ է անում ազատամարտիկների բնակարանային խնդիրներն առաջնահերթության կարգով լուծել. «ՊՆ-ից բացի, Երեւանի քաղաքապետարանն էլ կարող է տներ տալ ազատամարտիկներին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ