Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր օգոստոսի 11-ին «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպան է եղել կալանավորված անձ Վ.Գ-ն։ Մեր տեղեկություններով` վերջինս ազգությամբ գնչու է, Մոլդովայի քաղաքացի։ Նա բոքսի չեմպիոն է եղել եւ Հայաստանում մարզվում էր Օլիմպիավանում։ Նա ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքում էր պահվում, որը այսպես ասած «գողական» մասնաշենք չի համարվում եւ զուրկ է քրեական ենթամշակույթի տարրերից։ Որոշ տեղեկություններով կալանավորը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել։
Ըստ մեր տեղեկությունների` երկու օր առաջ նույն մասնաշենքում ինքնասպանության փորձ է արել օգոստոսի 1-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը։ Վերջինիս կյանքը, սակայն, հաջողվել է փրկել։ Ավետիսյանը դիմել է վարչապետին, գլխավոր դատախազին՝ վերանայելու իր գործը։ Նա մեղադրվում է 2008 թվականի մարտի 16-ին Գորիսի ճանապարհին տաքսու վարորդի սպանության մեջ։ Նա չի ընդունել մեղքը եւ պնդում է, որ դատվել է մեկ հոգու վկայության վրա։ Սակայն քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը մեր հարցմանն ի պատասխան նշեց, որ Վաղարշակ Ավետիսյանը ինքնասպանության փորձ չի կատարել, կատարել է ինքնավնասում:
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելության ընթացքում ընդունել է Վաղարշակ Ավետիսյանին: Վերջինս հանդիպումից հետո դադարեցրել է հացադուլը: Ի դեպ օգոստոսի 9-ին հիվանդանոցում սրտի կաթվածից մահացել է «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքի ցմահ դատապարտյալ 43-ամյա Արտաշես Հովհաննիսյանը։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ