Խոր ցավով տեղեկացա քանդակի մեծ վարպետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյանի մահվան մասին:
Նա ծնվեց Հայաստանում, ապրեց Հայաստանից դուրս, բայց միշտ կապված մնաց իր հայրենիքին ու մեծ հետք թողեց ոչ միայն հայ քանդակագործական արվեստում, այլև իր մոնումենտալ ու մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործություններով յուրօրինակ հմայք հաղորդեց Երևանի գեղեցիկ դիմագծին: Հայաստանի մայրաքաղաքն այսօր դժվար է պատկերացնել առանց Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, իսկ Գյումրին՝ առանց Ավետիք Իսահակյանի արձանների, որոնք Նիկողայոս Նիկողոսյանը կերտեց ականավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ընկերակցությամբ: Միաժամանակ նրա բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և Տրետյակովյան պատկերասրահում:
Հայաստանում միշտ սիրել ու բարձր են գնահատել Նիկողայոս Նիկողոսյանի արվեստն ու կապվածությունը հայրենիքին, ինչի վկայությունն են նրան շնորհված Հայաստանի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանները:
Հայրենի մշակույթի համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկողայոս Նիկողոսյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը:
Վստահ եմ, որ Նիկողայոս Նիկողոսյանի ստեղծագործական ուրույն ոճն իր շարունակությունն ու զարգացումն է գտնելու հայ քանդակագործական արվեստում:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն