«Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, գործարանի 50 տոկոսի բաժնետեր Սուրեն Գեւորգյանը ՀՀ նոր կառավարությանը տնտեսական զարգացման ծրագիր ունի ներկայացնելու, որը ներառում է նաեւ հանքարդյունաբերական թափոնների արդյունավետ վերամշակման նախագծեր: «Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի պոչամբարներում 700 միլիոն խորանարդ/մետր պոչհանքեր կան: Ես տարիներ առաջ մշակել ու փորձարկել եմ ջերմամեկուսիչներ, որոնք այդ պոչհանքերի վերամշակումներից եմ ստացել: Կարող ենք դա անել՝ առանց գործարանին ֆինանսական վնաս տալու, եւ վաճառել Իրանին: Ես պատրաստ եմ այդ ծրագիրը ներկայացնել կառավարությանը»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողներին հայտնեց Սուրեն Գեւորգյանը:
Նա կարծում է, որ պետք է զարկ տալ ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակմանը. «Հայաստանում 3 միլիարդ խ/մ պեռլիտի հանքավայրեր կան, մինչդեռ ամերիկյան ընկերություն է դրանք սեփականաշնորհել: Կառավարությանն առաջարկում եմ զբաղվել այդ հարցով»: Ըստ Սուրեն Գեւորգյանի՝ ոչ մետաղական հանքանյութերի վերամշակումից մինչեւ տասը միլիարդ դոլարի շրջանառություն կարելի է ապահովել:
«ՀՀ-ն ունի տնտեսապես ինքնաբավ եւ միջազգային շուկայում մրցունակ պետություն դառնալու հավակնություն: Իսկ մետաղական հանքանյութերի արտադրությունը պետք է դադարեցնել, քանի որ դրանք ոչնչացնում են Հայաստանը»,-համոզմունք հայտնեց գործարարը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2129315823753588/%C2%A0
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ