Լրահոս
Օրվա լրահոսը

«Վտանգավոր է. շտապ պետք է միջոցներ ձեռնարկել Սեւանի փրկության համար». Կարինե Դանիելյան (տեսանյութ)

Օգոստոս 11,2018 13:22

Բնապահպան, ՄԱԿ-ի ազգային փորձագետ Կարինե Դանիելյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում նոր իշխանության օրոք ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները եւ ակնկալում է, որ տարիներով սրված բնապահպանական  խնդիրները վերջապես կսկսեն լուծվել: «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա առաջնահերթ մատնանշեց Սեւանա լճի պահպանությունը: Վերջին շրջանում լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվ ծաղկումը նա լճին տարիներ շարունակ հասցրած վնասների հետեւանք է համարում: «1964 թվականից Սեւանում ծաղկում լինում էր, բայց ոչ՝ զանգվածային բնույթի: Պատճառը Սեւանի աղտոտվածությունն է, թեեւ մաքրման կայանների կառուցման ծրագրեր կան: Դրանք այդպես էլ մնացին…»,-արձանագրեց Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները փաստում են, որ վերջին 5 տարում 3 անգամ իջել է Սեւանի ջրի մակարդակը. «Ափերը չպետք է կառուցապատվեին, մինչդեռ կառուցապատվեցին: Ափերը չմաքրվեցին, ջուրը կեղտոտվեց կոմունալ թափոններով: Այս ամենն ազդեց ճահճացման ցուցանիշի բարձրացման վրա: Վտանգավոր է՝ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել Սեւանի փրկության համար»: Կարինե Դանիելյանը հիշեցրեց, որ օրերս վարչապետի հանձնարարականով Սեւանի հարցով հանձնաժողով է ստեղծվել, մասնագետներն էլ սպասում են վերջինիս աշխատանքների արդյունքներին:

«Լիճը կորցնելու իրավունք չունենք: Այնքան կորուստ ունենք ոռոգման ցանցում: Այդ ջուրն ավելի շատ է, քան այն ջուրը, որը Սեւանից ենք վերցնում՝ ոռոգման նպատակով: Նոր իշխանություններին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել»,-ահազանգեց Կարինե Դանիելյանը: Առաջնահերթ խնդիրներից նա մատնանշեց նաեւ մետաղական հանքերի գործունեությունը հատկապես  Լոռիի եւ Սյունիքի մարզերում:

«Ինչ վերաբերում է Երեւանին, ապա այն շուրջ 29 ոչ մետաղական հանքերով է շրջապատված: Փոշու պարունակությունը բավականին բարձր է, հողերը հարուստ են ծանր մետաղներով, ինչը շատ վտանգավոր է, մարդկանց առողջությունն արձագանքում է դրան»,-եզրափակեց Կարինե Դանիելյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2129315823753588/%C2%A0

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սոնա Ֆահրադյան says:

    ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՄՈՒԼՍԱՐ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
    Հայ մարդու քավից կարելի է գլուխգործոցներ կերտել
    Գ. Նժդեհ
    Կարինե Դանիելյանին և նրա կողմնակիցներին, որոնք տարիներ շարունակ քրտնաջան և ազնվորեն պայքարում են Հայաստանում բնապահպանական զանազան խնդիրների շուրջ: Սա հայրենասիրության վառ օրինակներից մեկն է:
    Վերջերս Պետրոս Ղազարյանի մոտ կազմակերպված ասուլիսին Կարինե Դանիելյանի ելույթը համոզիչ էր, հայրենասիրական, առանց ամպագոռգոռ բառերի և ամենակարևորը՝ սրտացավ: Սեփական հայրենիքի էկոլոգիան տեսնել մաքուր, աշխատել չվնասելու սկզբունքներով և պայքարել մինչև վերջ անհարթությունները ուղղելու համար:
    Ընդդիմադիրները՝ «Լիդիան Արմենիա» ընկերության բնապահմանության խմբի պետը և աշխատակիցներից մեկը, պնդում էին, որ իրենք պակաս հայրենասեր չեն և բազմաթիվ փաստարկ բերում աշխարհում բազմաթիվ գեոլաբորատորիաների ցուցմունքները, թե ինչքան անվնաս է սեփական հայրենիքի ոսկի կամ գունավոր մետաղներ կրող սարերի պայթեցնելը և այնտեղից թանկարժեք մետաղների հանելը և վաճառելը հարստանալու տենդով բռնկված մարդկանց:
    Հանքարդյունաբերության այս ծառայողները ամրագրում էին այն փաստը, որ «հավատ է պետք` չե որ մենք աշխատատեղեր ենք բացում և տասնյակ մարդկանց ապահովում աշխատանքով և նրանց վճարում ենք»՝ այո, ավերիչ աշխատանքից ստացած գումարներից:
    Մի՞թե գիտնական պետք է լինի մարդը, ակադեմիկոս, քիմիկոս, աշխարհագրագետ, երկրաբան, որ տեսնի այս պարզ ճշմարտությունը:
    Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է լինի խիստ հսկողության տակ սրտացավ գիտնականների կողմից:
    Մեր հողը մեր Մայրն է: Նրա պարունակությունը՝ հայի տեսակի պարունակությունը: Հիմա պատկերացրեք՝ հողից քաշեն ոսկին, մոլիբդենը, նիկելը, քրոմը և այլն, մենք կվերածվենք կավի՝ կավ էիր, կավ դարձիր: Ընդերքը մեր ոտքի հենարանն է, մեր բաց երկնքի հատակը և նրան քանդել, ավիրել այս գարշելի միջոցներով միայն հարստանալու մարմաջով:
    Հիմա հասկանու՞մ եք, թե ինչքան կարևոր է մեր ընդերքը, այսինքն երկրի արգանդը առողջացնել, վերականգնել առողջ սերունդ ունենալու համար, ոչ թե վաճառել, վաճառել ու վաճառել, միայն հարստանալ:
    Հնար լիներ՝ Մասիսն էլ կպայթեցնեին, տեսնեին՝ էլ ինչ կա վաճառելու:
    Ովքե՞ր են այս հարստացողները, օտար ներդրողնե՞րը, իսկ ի՞նչ է մնում մեզ:
    Ինչ որ Աստծուց ստացել ենք, այդ գանձերներն էլ ենք վաճարում: Ամեն ինչ վաճարում ենք՝ և սրբություն, և ջուր, և ընդերք…
    Օ՜, իմ թշվառ խեղճ հոգի,
    Կենտրոն հողի մեղավոր
    (Այդ հողի մեջ էլ մնացին մեղքերը…)
    Եթե ըմբոստ ուժերից ծաղրված ես հանց գերի,
    Ինչու՞ տանջվում, այրվում ես կարոտ կյանքի հոգևոր,
    Մի՞թե այդ է փայփայված նպատակդ վերջնական,
    Որ որդերի բաժին դառնաս հավիտյան,
    Հոգիտ սնիր գործերով տզրուկ մահվան ի հաշիվ,
    Դու այսպես ես ապրելու,
    Եվ երբ մահը մահանա, Դու անմահ ես մնալու
    Շեքսպիր
    Եկեք մեր գործերով, մեր առաքինի կեցվածքով, մեր առողջ միտվածությամբ ճանաչենք իրական հայրենասիրությունը:
    Տիկին Կարինե Դանիելյան, ժողովուրդը, որը մտահոգված է հայրենիքի ճակատագրով, սատարում է Ձեզ Ձեր հայրենանվեր գործում:
    Մենք Ձեր կողքին ենք: Մենք հավատում ենք Ձեզ:
    Սիրով և հարգանքներով՝ Սոնա Ֆահրադյան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031