Այսօր Վանաձորում էր ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նախարարը Լոռու մարզ էր եկել փոխնախարար Վահե Բուդումյանի ուղեկցությամբ: Լոռեցի մտավորականների հետ մարզպետարանում նախատեսված հանդիպումը սկսվեց մեկ ժամ ուշացումով: Նախարարը նախ ներկաներից ներողություն խնդրեց ուշացման համար, ապա անցավ բուն քննարկմանը:
Մակունցը տեղեկացրեց, որ երկրում մշակույթը զարգացնելու համար նախատեսում են մի շարք ծրագրեր իրականացնել: Նախարարը ասաց, որ առաջին ծրագրերը պատրաստվում են կյանքի կոչել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ:
Հանդիպման ընթացքում դրամատուրգ, մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը նախարարին դիմեց ոլորտում օրենսդրական դաշտը կարգավորելու հարցով. «2014 թվականից ի վեր, ԱԺ-ում հոգեդարձի վիճակում է թատրոնի մասին օրենքը: Թատրոնի մասին օրենքը սոսկ թատրոնի մասին չէ, դրա մեջ մտնում են՝ երգարվեստի, պարարվեստի թատրոնը եւ մյուսները: Իսկ այդ օրենքը չլինելով այսօր տեղում է տալիս մի քանի արվեստ»:
Նախարարը տեղեկացրեց, որ այժմ ձեւավորման փուլում են գտնվում աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են օրենքի քննարկմամբ. «Միանշանակ կարեւորում ենք, եւ հասկանում ենք, որ շատ խնդիրներ այստեղից են գալիս: Այս պահին կա թանգարանների ուղղությամբ ձեւավորված հանձնաժողովը, պետք է ձեւավորված լինի նաեւ կինոյի մասին հանձնաժողովը: Թատրոնը նույնպես ընթացքի մեջ է»:
Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանն էլ բարձրացրեց թարգմանական գրականության հարցը: Բացի այդ, առաջարկեց նաեւ ուշադրություն դարձնել մուլտֆիլմերի եւ ֆիլմերի հայալեզու թարգմանություններին. «Ցանկությունս այն է, որպեսզի լինեն ավելի շատ թարգմանական գրականություններ՝ ոչ թե հայերենից այլ լեզուներ, այլ հակառակը՝ այլ լեզուներից հայերեն: Ինչպես նաեւ կուզենամ, որ նախարարությունը ուշադրություն դարձնի նաեւ ֆիլմերի ու մուլտֆիլմերի թարգմանություններին: Մեր հեռուստաընկերությունները պետք է նախանձախնդիր լինեն առաջին հերթին հայերեն հնչող ֆիլմերի ստեղծմանը»:
Հանդիպմանը ներկա մտավորականները բարձրացրեցին մի շարք այլ հարցեր: Լսելով դրանք նախարար Մակունցն էլ ասաց, որ խնդիրները բոլոր մարզերում գրեթե նույնն են: Իսկ նախարարությունը պատրաստվում է դրանց հնարավորին չափ լուծում տալ. «Խնդիրներին նախարարության մասնակցությունը պատկերացնում ենք առաջին հերթին նախարարության աջակցության ծրագրերի միջոցով, որոնք 2019 թվականից լինելու են մրցութային: Սա նշանակում է, որ մենք աջակցելու ենք այն նախագծերին, որոնք իրենցից կարեւորություն ու հետաքրքրություն են ներկայացնում հատկապես այդ համայնքի համար: Հայտերն ընդունվելու ու քննարկվելու են համապատասխան հանձնաժողովի կողմից: Լուծման հիմնական տարբերակը այս ենք տեսնում»:
Պատասխանելով լրագրողների հարցին, Լիլիթ Մակունցն ասաց, որ բյուջեի բաշխվածությունն այլեւս առաջվա պես չի լինելու. «Նախկինում խնդիր կար բյուջեի բաշխվածության հետ կապված: Այն ոլորտները, որոնք նախկինում անտեսված են եղել կամ ընդհանրապես ուշադրությունից դուրս են եղել՝ մասնավորապես կերպարվեստը եւ գեղանկարչությունը, մենք հիմա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում»:
Մտավորականների հետ հանդիպումից հետո նախարարը եղավ նաեւ Լոռու մարզային գրադարանում, Ստեփան Զորյանի տուն-թանգարանում եւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Տարիքն անց, փառամոլ ու ոչ մի նոր բան անող ղեկավարներին փոխեք մարղերում, մեղք են դերասանները: