«Վանաձորցի վարորդների ակումբ» ֆեյսբուքյան խմբի անդամները դժգոհում են, որ մարզկենտրոնի փողոցներն անբարեկարգ են, փոսերն էլ գնալով ավելանում են: Նրանք նշում են, որ թեեւ պարտաճանաչ վճարում են հարկերը, փոխարենն օգտվում են անորակ փողոցներից, ինչի հետեւանքով վնասվում են մեքենաները, իրենք էլ կրում են ֆինանսական ծախսեր:
Վարորդներին զայրացրել էր նաեւ այն հանգամանքը, որ իրենց բողոքները ոչ մի կերպ չեն արժանանում պատկան մարմինների ուշադրությանը։ Այդ իսկ պատճառով վերջիններս որոշել էին վաղը՝ օգոստոսի 11-ին Հայքի հրապարակում կազմակերպել բողոքի ցույց, այդ կերպ ուշադրությունը հրավիրելով խնդիրների վրա:
Մինչ խմբի անդամները քննարկում էին իրենց անելիքները, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արձագանքել էր վարորդների դժգոհությանն ու նրանց այսօր հրավիրել հանդիպման:
Հանդիպման ընթացքում վարորդները քաղաքապետին ներկայացրեցին մի քանի կետից բաղկացած իրենց պահանջները: Շարքը գլխավորում էր ճանապարհների վերանորոգման համար նախատեսված գրաֆիկների փոփոխությունը. «Պարոն Ասլանյան ի՞նչն է խանգարում, որ այդ մրցույթները լինեն փետրվար-մարտ ամիսներին, որպեսզի գոնե այդ աշխատանքները սկսվեն մայիս ամսին»,- հետաքրքրվեցին վարորդները:
Մամիկոն Ասլանյանն էլ հակադարձեց, ասելով, որ նման բան հնարավոր չէ: Ապա` պարզաբանեց պատճառը. «Բյուջեի հետ կապված խնդիրներ կան, չի կարող այդպես լինել: Հիմա տեսեք, կառավարությունը մեզ ասել է ձեր բյուջեի միջոցները վարչականից տեղափոխեք ֆոնդային: Վարչականում եղած միջոցներով մենք չենք կարող հիմնանորոգում անենք, դա տեղափոխել ենք ֆոնդային: Որ տեղափոխում ենք, դա համարվում է նորմատիվ ակտ, որն էլ գնում է Երեւան՝ Արդարադատության նախարարություն, այնտեղ էքսպերտիզա է անցնում, նոր այնտեղից կարողանում է հարցը ավագանի մտնել»:
Ճանապարհների նորոգման համար հայտարարված մրցույթը շահած կազմակերպությունն արդեն հայտնի է: Ընկերությունը խոստացել է նշված աշխատանքներն իրականացնել 99 միլիոն դրամով: Ինչի արդյունքում համայնքային բյուջեից խնայվում է մոտ 60 միլիոն դրամ: Քաղաքապետը վստահեցրեց, որ այդ միջոցները նույնպես կօգտագործվեն մի շարք այլ փողոցների նորոգման ու փոսալցման համար: Իսկ աշխատանքները շուտով կմեկնարկեն:
Հանդիպման ընթացքում վարորդները բարձրաձայնեցին նաեւ քաղաքում ճանապարհային նշանների բացակայության հարցը. «Քաղաքում նաեւ ճանապարհային նշանների հետ կապված բավականին խնդիրներ կան: Նշանները բացակայում են: Օրինակ, Զորավար Անդրանիկի փողոցը համարվում է գլխավոր փողոց եւ միջպետական ճանապարհ է, բայց հատող ճանապարհները նույնիսկ վթարների պարագայում ՃՈ փորձագետները եզրակացություն են տալիս, որ հավասարազոր ճանապարհ է, եւ մեղավորը հանդիսանում է գլխավոր ճանապարհով երթեւեկողը»,- ասաց համայնքի ավագանու անդամ Վահե Կռոյանը:
Այս պահին քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի եւ ՃՈ աշխատակիցներն գույքագրում են իրականացնում, որպեսզի տեսնենք ընդհանուր առմամբ Վանաձոր քաղաքում ինչքան ճանապարհային նշանի խնդիր ունենք, որ մենք գոնե գումարային պատկերացում ունենանք: Եթե լինի 5 կամ 10 հատ, դա ընթացքում էլ է արվում: Բայց հիմա գլոբալ խնդիր ունենք»,- ասաց Ասլանյանը:
Հանդիպմանը ներկա վարորդները բարձրաձայնեցին մի շարք այլ խնդիրներ եւս: Քաղաքապետն էլ խոստացավ հնարավորության սահմաններում դրանց լուծում տալ:
Խմբի հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանը մեզ տեղեկացրեց, որ վաղը նախատեսվող բողոքի ակցիան չի կայանա. «Ակցիան կհետաձգվի անորոշ ժամանակով, մինչեւ կտեսնենք թե ինչ աշխատանքներ են իրականացվում: Հետեւողական ենք լինելու: Հետո անհրաժեշտության դեպքում ակցիան կիրականացնենք»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ