Լրահոս
Օրվա լրահոսը

Независимая газета-ի բողոքի նոտան՝ ՀՀ-ին. «Նման գործողությունները հավասարազոր են ՀԱՊԿ-ի դեմ ուղիղ ագրեսիայի»

Օգոստոս 10,2018 21:44

Ռուսական Независимая газета-ն հոդվածով անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմատեխնիկական գործակցությանը՝ մատնանշելով, որ վարկով սպառազինություն գնելը սովորական գործ է, որին դիմում են այդ ոլորտում գործակցող գրեթե բոլոր երկրները: «Վարկառու՝ սպառազինությունը գնող երկիրն այդ դեպքերում դիտարկվում է եթե ոչ դաշնակցի, ապա՝ շատ մտերիմ գործընկերոջ եւ ընկերոջ կարգավիճակում: Հենց այդպիսին էր Հայաստանը համարվում Ռուսաստանի համար՝ երկար տարիներ»,-մատնանշում է թերթը: Հոդվածագիրը շեշտում է. «Երեւանը Մոսկվայից ստանում է տնտեսական, ռազմական (այդ թվում՝ ռուսական ռազմակայանը) եւ քաղաքական օգնություն:
Կրեմլի դիրքորոշումը հստակ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում: Հենց այդ պատճառով ոչ մեկի համար զարմանալի չէր փաստը, որ 2015թ. Ռուսաստանը համաձայնեց Հայաստանին սպառազինության գնման 200 միլիոն դոլարի վարկ տրամադրել: Նախորդ ամիս մատակարարումներն ավարտվել են: Հայաստանը ստացավ «Սմերչ», «Игла-С», «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ, «ТОС-1А» ծանր կրակային համալիրներ, «Тигр» զրահամեքենաներ, РПГ-26 նռնականետ եւ այլն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ ստացված սպառազինությունը ժամանակակից է, մոդեռնիզացված եւ անգամ  ռուսական զինանոցում չկա:

Անդրկովկասում վերջին տարիներին խախտվել է ռազմատեխնիկական հավասարակշռությունը՝ Ադրբեջանի ռազմական ներուժի աճի պատճառով: Վերջինս Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սրելու սպառնալիքներ է հնչեցնում: Ռուսաստանից ՀՀ-ին մատակարարված սպառազինությունը կօգնի կանգնեցնել հակամարտության սրացումը՝ կողմերից մեկի ռազմական առավելությունը հասցնելով որոշակի հավասարակշռության: Բայց Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ռազմատեխնիկական գործակցությունը ոչ բոլորին է դուր գալիս: ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցում ասվում է, որ կողմերի՝ փոխզիջումների գնալու ցանկության բացակայությունը, Ադրբեջանի կայուն ռազմականացումը եւ 2018թ. ՀՀ-ի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումը կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների:

Գուցե սրանով է պայմանավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել եւ նրա հանդիպումները՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Նա հայտարարեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, եւ որ ինքը Հայաստանին հենց այդ կառույցի կազմում է տեսնում: Վարչապետը Ռուսաստանին մտերիմ դաշնակից է համարում, բայց հույս ունի հարաբերությունները զարգացնել նաեւ ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ: Երեւանի դիրքորոշման փոփոխությունը, սակայն, շատ փորձագետներ նկատեցին: Ինչպե՞ս չնկատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը…իհարկե, դատարանը որոշեց նրան գրավի դիմաց ազատ արձակել, բայց նրա վրայից չհանեցին մեղադրանքը:

Ի՞նչ է ստացվում: Մի կողմից խոսում ես ՀԱՊԿ-ն հավատարիմ լինելու մասին, մյուս կողմից՝ ճաղերի հետեւն ուղարկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՞ն: Չէ՞ որ կարելի էր հարցը քննարկել ՀԱՊԿ մյուս անդամ-երկրների հետ եւ նախ դադարեցնել Խաչատուրովի լիազորություններն այդ պաշտոնում, հետո՝ հսկողության տակ առնել: Չէ՞ որ նման գործողությունները ՀԱՊԿ-ին հարվածում են այնպիսի ուժգնությամբ, որը հավասարազոր է կառույցի դեմ ուղիղ ագրեսիայի: Այս ամենով հանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարն էլ իր հերթին է ռուսական զենքը գովելիս ասում՝ «թեեւ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրագրված են շատ համաձայնագրերով, այդ փաստաթղթերում որոշակի դրույթներ վերանայելը բացառված չէ»:

Իսկ գուցե ավելի հե՞շտ վարվել, ասենք՝ վարկով չվաճառել ժամանակակից զենք (վարկը, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադառնում տնտեսական պատճառներով), այլ այն մատակարարել գումարի դիմաց: Այդ ժամանակ ամեն ինչ կլինի ազնիվ. առանց նեղանալու»,-հոդվածի ավարտը:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Ինչքան շուտ հասկանանք Ռուսի վարքագիծը այնքան անվտանգ կլինենք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031