Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռաֆթինգը էքստրեմալ մարզաձեւ է եւ Հայաստանում զբոսաշրջության զարգացման կարեւոր պրոդուկտ

Օգոստոս 10,2018 20:20

Օգոստոսի 11-ին Ախթալայում՝ Դեբեդ գետում, անցկացվելու է ռաֆթինգի Հայաստանի անդրանիկ առաջնությունը: Այդ առիթով Rafting.am մարզական ակումբի հիմնադիր, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը եւ Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը հանդիպեցին լրագրողների հետ:

«Ռաֆթինգի անդրանիկ առաջնությունը հետապնդում է մի քանի նպատակ: Էքստրեմալ մարզաձեւ լինելով՝ ռաֆթինգը Հայաստանում զարգացման փուլում է եւ վերջերս հիմնադրված Rafting.am մարզական ակումբն արդեն հաջողություններ արձանագրում է: Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացվող Հայաստանի անդրանիկ առաջնությունը սիրողական է, կորպորատիվ բնույթ է կրելու, քանի որ մասնակցում են տարբեր կառույցների ու հաստատությունների թիմեր:

Նպատակն է՝ ռաֆթինգի միջոցով խրախուսել թիմային ոգին, քարոզել ռաֆթինգը որպես մարզաձեւ, նաեւ մեր երկրում որպես զբոսաշրջության շատ հետաքրքիր պրոդուկտ: Շատ կարեւոր է, որ այս առաջնությունից գոյանալիք հասույթը մենք ֆեդերացիայի հետ համատեղ ուղղելու ենք մարզաձեւի ավելի մասսայականացմանը, որպես ակտիվ ժամանցի ձեւ երեխաներին եւ այն երիտասարդներին ընդգրկելուն, որոնք ունեն հաշմանդամության խնդիր: Այսինքն, փորձելու ենք սպորտ ինտեգրել նաեւ ազգաբնակչության խոցելի խավերին: Նաեւ նախատեսում ենք առաջիկայում նրանց համար կրթական դասընթացներ կազմակերպել», – ասաց Լ. Ասատրյանը: Նա նաեւ նշեց, որ արդեն կան հայտ ներկայացրած խմբեր եւ նրանց թիվը դեռ ավելանում է:

Ֆեդերացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը նշեց, որ Rafting.am ակումբը եւ ֆեդերացիան իրականացրել են հրահանգիչների վերապատրաստում թե Հայաստանում եւ թե արտասահմանում, որոնք հիմա ունեն բարձր որակավորում, որ ապահովված են ամենաժամանակակից նավակներով ու գույքով: Խոսելով ռաֆթինգի, որպես էքստրեմալ մարզաձեւի բարդությունների մասին՝ նա հատուկ հորդորեց. «Եթե կան մարդիկ կամ խմբեր, որոնք ռաֆթ են ձեռք բերել եւ ցանկանում են օգտվել, ինքնագործունեությամբ թող չզբաղվեն, այլ դիմեն կամ ֆեդերացիա, կամ Rafting.am մարզական ակումբ», – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031