Հերթական կանգառներն էին Նոր Գեղին, Արգելը, Թեղենիքն ու Քարաշամբը:
Նոր Գեղի համայնքի դպրոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռոմանոս Պետրոսյանն առանձնացրեց սկզբունքային երկու կետեր, որոնք կարևոր են դպրոցների արժանապատիվ աշխատանքի և որակյալ կրթություն ապահովելու համար:
«Դպրոցներում այլևս ոչ ոք չպետք է խոսի քաղաքականությունից, սա կրթօջախ է: Եվ երկրորդը, օրենքով արտաբյուջետային միջոցներ դպրոցներում լինել չեն կարող, սա նշանակում է, որ ցանկացած լումա հավաքելը հակաօրինական է»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Հանդիպումների ընթացքում մարզպետը խոսեց յուրաքանչյուրի՝ սեփական դերի կարևորության գիտակցման մասին, քանի որ բոլորն այսուհետ առաքելություն իրականացնող են:
«Տքնաջան պետք է աշխատենք բոլորս՝ ամենքս մեր տեղում, արդյունքների համար էլ լինենք պատասխանատու: Ոչ ոք չպետք է ուղղակի գնա «գործի». դա այլևս անթույլատրելի է»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Շրջայցի ընթացքում հանդիպումներ եղան Նոր Գեղիի «Ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում»-ում, բոլոր մշակույթի կենտրոններում, դպրոցներում, համայնքապետարաններում, որոնց ներկա էին նշված կառույցների աշխատակիցները և քաղաքացիներ:
Ամենատարբեր ոլորտներին առնչվող մի խումբ հարցեր, մարզպետի հանձնարարականով, կլինեն պաշտոնատար անձանց ուշադրության կենտրոնում:
«Ես տեսնում եմ, որ փոքր շրջանակներում դեռ երբեմն ճիգեր են գործադրվում մեղմելու դժգոհությունները, բայց վստահեցնում եմ. այլևս որևէ մեկին լռեցնելու ջանքերն ապարդյուն են լինելու»,- ասաց մարզպետը, երբ դժգոհություններով հանգես եկող քաղաքացուն սաստելու փորձ եղավ:
Այցի պահին Արգել համայնքի մշակույթի տանն աշխատում էր «Լուսաբաց» պարի համույթը, ինչը կարևորվեց՝ գյուղաբնակ երիտասարդների կրթամշակութային դաստիարակությունը գործնականում տեսնելու և գնահատելու տեսանկյունից:
Մարզպետը նաև ծաղիկներ դրեց Արգելի զոհված ազատամարտիկների պուրակում ամփոփված շիրիմներին:
Կոտայքի մարզպետարան