Միրգ-բանջարեղենը մեր երկրում նկատելի թանկացել է: Դեղձը, որի բերքն այս տարի առատ է, 400-500 դրամից չի էժանանում, սուպերմարկետներում դեղձի գինը նույնիսկ 1000 դրամից անցնում է: Սալորի, խնձորի, հատապտուղների եւ այլ մրգերի, կանաչեղենի գները նույնպես բարձրացել են: Ճիշտ է, մասնագետների գնահատմամբ, վերավաճառողների դերակատարումն էլ այստեղ կա, սակայն առաջին ձեռքից՝ գյուղացուց առնելու դեպքում էլ, նախորդ տարիների համեմատությամբ, գներն էական բարձր են:
Նախորդ շաբաթ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թանկացումների առնչությամբ բողոքներին ի պատասխան, հրապարակեց ուսումնասիրության արդյունքները՝ նշելով, որ ձեթի, կարագի, կաթնամթերքի, մակարոնեղենի, ձկան, հավի մսի եւ այլ շուկաներում թանկացումներ չի արձանագրել, ավելին, որոշ ապրանքներ անգամ էժանացել են: Սակայն նշեց, որ նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը եւ գյուղմթերքների գների բարձրացման հետ կապված սպառողների մտահոգությունը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է ոլորտի պետական լիազոր մարմին՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը: Լիազոր մարմնի պարզաբանմամբ, խնդիրը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես՝ գյուղատնտեսության համար անբարենպաստ շոգ եղանակային պայմաններով:
Սակայն սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը գտնում է, որ միրգ-բանջարեղենի թանկացումը երկու հիմնական պատճառ ունի, մեկը՝ որ խոշոր սուպերմարկետներն անցան ԱԱՀ-ի հարկման դաշտ, որը քիչ ազդեցություն ունի, մյուսը, որ պետությունը չունի ագրարային քաղաքականություն, ինչի պատճառով էլ շուկան ինքն է գները կարգավորում: Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց մսամթերքի թանկացումը, երբ սուպերմարկետները սկսեցին ԱԱՀ-ով աշխատել. «Խոշոր սուպերմարկետների գալուց հետո փոքրերը մնացել էին խաղից դուրս, եւ մսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեության կտրուկ նվազումը բերել էր նրան, որ դաշտում խաղացողը խոշորն էր, այդ իսկ պատճառով, երբ խոշորը հայտնվեց ԱԱՀ-ի դաշտում շատ լուրջ խնդիրներ առաջ եկան: Պետությունը պետք է հստակեցնի, կարողանա արագ խաղի կանոն ստեղծել, որպեսզի փոքրը գնա ու սկսի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել»:
Ինչ վերաբերում է միրգ-բանջարեղենին, ապա, պարոն Պիպոյանն ասում է, որ ագրարային քաղաքականություն չունենալը ազդել է նաեւ միրգ-բանջարեղենի դեպքում. «Երբ պետությունը չի վարում ագրարային քաղաքականություն, երբ պետությունն ի դեմս գյուղնախարարության չի չափում իրացման ծավալները եւ ներմուծման ծավալների անհարժեշտությունը եւ դրանց մրցակցային դառնալը տեղականի նկատմամբ, որովհետեւ հարկի՝ ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն է ստեղծվում ներմուծման պարագայում, այստեղ գյուղնախարարության սիրողականությունն ու խավար լինելն է, որ այսօր կուրսը չի փոխվում, բայց այն, որ տարիներ շարունակ գոռում էինք, որ այսպես գյուղատնտեսություն չեն զարգացնում, սրա համար էինք ասում: Այն երկիրը, որը ինքնարժեքից էժան ապրանք վաճառող գյուղացու կողքը չի կանգնում, որպեսզի գյուղացին ստիպված չլինի հաջորդ տարի իր մշակաբույսը փոխի, վաղը որ գյուղացին իր բերքը դեֆիցիտի պատճառով բարձր գնով վաճառի չի կարող ասել՝ էս ինչ ես անում եղբայր»:
Պարոն Պիպոյանի խոսքով, «Երբ նախկին վարչապետն ասում էր՝ մենք ունենք «ձեդո-բաբո» գյուղատնտեսություն, ես ասում էի՝ չի կարող երկիրն ունենա գյուղատնտեսության մեջ «ձեդո-բաբո» քաղաքականություն եւ չունենա «ձեդո-բաբո» գյուղատնտեսություն:
Գյուղացու վրա թող չբարդեն: Նույնը հիմա է, մենք շարունակում ենք ունենալ «ձեդո-բաբո» գյուղատնտեսություն»:
Երբ դու թողում ես առանց խառնվել շուկան ինքն իրան կարգավորի, ոչ մի կտրուկ բան չես անում, Եթե գյուղատնտեսության նախարարությունն ինձ ցույց տա որեւէ երկիր, որն առանց միջամտելու կարգավորվում է, որեւէ կարգավորման մեխանիզմ երբեւէ չի ներդրել եւ այսօր լավ գյուղատնտեսություն ունի, ես այլեւս չեմ խոսի: Գյուղոլորտը բառիս բուն իմաստով, ձախողել ենք տարիներ շարունակ, այս պահին էլ այնպիսի քայլ չենք անում, որ բեկումնային փոփոխություն լինի, անգամ քաղաքական ազդակ չկա: Մոդել չենք փոխում, այն ինչ ունենք, շարունակում ենք:
Քանի դեռ պետությունը իրատեսական գնի սահմանումը չունի, ինքն ինչ է իմանում, որն է թանկը, որն է էժանը: Չգիտի իրատեսական գինը որն է այս կամ այն ապրանքի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ