Լրահոս
Օրվա լրահոսը

Հին Գյումրին՝ իտալական կապրիզների մեջ․ Սամվել Բալասանյանը դեռ շոկային վիճակում է

Օգոստոս 10,2018 17:59

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է այդքան արտոնություններ տվել Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին, որ առանց քաղաքապետարանի հետ համաձայնության, քանդի Գյումրու պատմական կենտրոնում՝ Ռուսաթվելի ու Վարպետաց փողոցների խաչմերուկում գտնվող իրեն պատկանող կերամիկայի արտադրամասին հարող մայթը։

Նշենք, որ այս թեմայի շուրջ բավական կրքեր բորբոքվեցին․ գյումրեցիները Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցի վրա դողում են, մինչդեռ Իտալիայի հյուպատոսը, նշելով, որ ջրահեռացման համակարգը կառուցվել է թերություններով, որի պատճառով իր արհեստանոցը խոնավանում է, քանդել էր մայթը։ Կատարվել էին ուսումնասիրություններ ու պարզվել, որ հյուպատոսը Գյումրիին 1 միլիոն 534 հազար դրամի վնաս էր պատճառել։

Այս պատմության մեջ ամենատարօրինակը հյուպատոսի պահվածքն է․ նա քաղաքային իշխանությունների հետ հանդիպման ժամանակ խոսում էր բարձր տոնով, տանտիրոջ իրավունքով։ Անգամ հասցրել էր բղավել իրենից բացատրություն պահանջող քաղաքապետարանի աշխատակիցների վրա։

Սամվել Բալասանյանն ասաց․ «Զավեշտ է նման պահվածքը, մտածել ենք, որ մարդը եկել է արտասահմանից, դե մենք էլ մեր հյուրասիրությամբ, նա էլ որոշ ներդրումներ է կատարել: Բայց եթե հիշում եք, մենք նրան նույնիսկ մի շենք անհատույց տվեցինք, որպեսզի ինքն այնտեղ ճարտարապետների դպրոց կառուցեր և Գյուրջիևի կենտրոն բացեր։ Ողջունեցինք, բայց ինքը պայմանագրային կետերը չկատարեց։ Հիմա չեմ հասկանում՝ այն ժամանակ, երբ նախագիծը կար, այդ մարդը որևէ բան չի ասել, հիմա ասում է, թե փողոցը քանդեմ, դուրս է գալիս, ինքուրույն, ինքնագլուխ բաներ է անում։

Իհարկե, մենք քննարկում կազմակերպեցինք մեր քաղաքաշինական խորհրդով՝ լրատվամիջոցների ներկայությամբ, ժամկետ ենք դրել 15 օր, որպեսզի ինքը կարողանա նաև վերականգնել նույն ձև, ոնց որ եղել է։ Եթե առաջարկություն ունի, թող կատարի, բայց ինքը ժամկետների մեջ անպայման պիտի կարողանա տեղավորվել, որովհետև հակառակ դեպքում դիմելու ենք իրավապահ մարմիններին, որովհետև ուրիշ տարբերակ չունենք։ Մենք ասում ենք՝ հյուպատոս է, որը ներդրում ունի այստեղ, ինքն, իմիջայլոց, շատ շենքեր է վերցրել քաղաքում, բայց չի անում ոչ մի բան»։

Դիտարկմանը՝ միգուցե ձեռքից վերցնեք այդ շենքերը, քաղաքապետը պատասխանեց, որ ուզում են բանակցությունների միջոցով հասնել իրենց նպատակին, որպեսզի «Կումայրի» արգելոց- թանգարանում գտնվող այդ պատմական շենքերը վերականգվեն։

«Պատահական չէ, որ 2013 թվականից նորից վերականգնեցինք «Կումայրի» ՊՈԱԿ-ը, տնօրեն ունենք, իրականացնում ենք շատ կարևոր ծրագրեր։ Ես՝ որպես քաղաքացի ու գյումրեցի, իմ սիրտը շատ ցավում է, երբ մեկ հատ քար խախտվում է պատմական արժեքներից։ Գիտեք, որ ես Ռուսթավելու վրա վերականգնեցի մի հյուրատուն, որը օրինակելի դարձավ ամբողջ քաղաքի համար, մի քար չեմ խախտել պատմական տեսքից»։ ( Տես լուսանկարում):

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031