Այսօր գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսելով թուրքական ապրանքների՝ հայկական շուկայում հայտնվելու արգելքի անհրաժեշտության մասին՝ ասաց. «Մենակ թուրքականին չանդրադառնանք, իհարկե, այստեղ խոսքը գնում է շուկայի պրոտեկցիոնիզմի մասին: Վերջերս ուսումնասիրում էինք գյուղատնտեսության սուբսիդավորման քաղաքականությունը, վարչապետին էլ եմ զեկուցել, հաշվետվություն եմ տվել՝ ինչքան են թուրքերը օգնում իրենց գյուղացիներին, ինչքան ենք մենք օգնում, հետո ասում ենք…Ի՞նչ մրցակցության մասին է խոսքը, նույն ռուսական շուկայում իրենք օգնում են իրենց գյուղացիներին, մենք էլ պետք է օգնենք, այսինքն, պետությունը հստակ պետք է թիրախավորի, դոտացման քաղաքականության միջոցով, սուբսիդավորման քաղաքականության միջոցով կարողանա խրախուսի ներքին արտադրողին: Մեր փաստաթղթի մեջ կարմիր թելով անցնում է ներկրման փոխարինումը, հիմա լինի թուրքական, թե ինդոնեզական, տարբերությունը մեծ չի, թուրքականը՝ իհարկե, զգացողական մակարդակի վրա ու մեր անվտանգության համար է շեշտվում: Բայց ամեն դեպքում, տեղական արտադրողների համար մենք պետք է նպաստող պայմաններ ստեղծենք»:
Նախարարն ասաց. «Վերջերս Դոնալդ Թրամփն ի՞նչ արեց՝ բռնեց տարիֆները բարձրացրեց, ասում են՝ չէ, դա չի կարելի, դա արգելվում է, բայց փաստ է՝ Թրամփը վերցրեց տարիֆային բարիերներ դրեց, քվոտավորման տարբերակն էլ կարող է լինել: Այսինքն, եթե դու ունես գաղափարախոսություն, քո քաղաքականությունը քո արժեքային համակարգից է բխում: Եթե քո արժեքային համակարգը, գաղափարախոսությունը բերում են պրոտեկցիոնիզմի, ասում ես, որ դա ճիշտ է, սկսում ես մեխանիզմներ մշակել, որ դա ճիշտ լինի: Իհարկե, հակառակ կողմն էլ կա, իրենք էլ կարող է արգելեն, որ ծիրան արտահանվի, պետք է շատ զգույշ լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ