Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ փոշմանեց «Տաշիր գրուպի» սեփականատերը․ Սամվել Բալասանյանի պարզաբանումը

Օգոստոս 10,2018 16:32

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե Գյումրու պատմական կենտրոնը տուրիստական գոտու վերածելու ծրագրի շրջանակներում կա՞ն նոր մարդիկ, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել․ պատմական մի որևէ կառույց գնել, վերանորոգել, հյուրատուն կամ ռեստորան, սրճարան հիմնել։

Սամվել Բալասանյանն ասաց․ «Այս պահին, որ ասեմ շատ ներդրողներ կան, շատ առաջարկություններ, այս պահին ոնց որ սառեցված վիճակ է։ Անկեղծ ասած՝ ներդրողները չեն էլ գալիս իմ մոտ, և այն մարդիկ, որոնք ներդրում էին ուզում կատարել, ոնց որ նրանք նույնպես փոխում են իրենց այն ծրագրերը, որոնք ուզում էին իրականացնել Գյումրիում»։

Մեր ճշտող հարցին՝ արդյոք խոսքը «Տաշիր Գրուպի» սեփականատիրոջ՝ Սամվել Կարապետյանի՞ մասին է, Գյումրու քաղաքապետը պատասխանեց․ «Այո՛, «Տաշիր Գրուպը» Ռուսթավելու փողոցում հիմա պուրակ է սարքում, բայց այնտեղ պատմական արժեք կա, պատմական շենք, որը պետք է պահպանի, վերականգնի։ Պուրակը գեղեցիկ կլինի, բայց լավ կլիներ, որ իրագործեր այն ծրագիրը, որը որպես հայտ ներկայացրել էր մեզ՝ տուրիզմի հետ կապված, հյուրատուն և այլն։ Նա մտադրված էր շենք կառուցել, իհարկե, հետագայում կարող է և սարքեն, բայց այս պահին այդպիսի առաջարկություն կատարեցին։

Իհարկե, որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչ՝ մենք ողջունում ենք ամեն մի քարը, որը դրվում է պատմական փողոցների որևէ հատվածի վրա, որտեղ գիտեք՝ տնակներ էին, խայտառակ իրավիճակում էին գտնվում։ Հիմա կարգավորվել է, լավ է, նորմալ է: Իհարկե, որոշ թերություններ կան, մենք կհարթենք, որպեսզի կարողանանք դեկտեմբերի յոթին պատմական բոլոր փողոցները բացենք»։

Գյումրու քաղաքապետը նշում է, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ ստեղծված «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը լուծարված չէ։

«Հիմնադրամի ներկայացուցիչը երկու օր առաջ է Գյումրի եկել, խոսեցինք։ Ինչ-որ ձևաչափ են փոխելու, բայց հիմնադրամը, ինձ թվում է, կշարունակի գործունեությունը: Կառավարությունն ինքը կորոշի, որ գերատեսչության տակ կգործի, դա կառավարության որոշելիքն է, չեմ կարող այդ հարցին պատասխանել: Բայց որ հիմնադրամը կա, գործում է, ու աշխատողները, ներկայացուցիչները գալիս են, իմ հետ հանդիպում են, դա ես ողջունում եմ։ Շատ կարևոր կլինի հիմնադրամի հետագա գործունեությունը, կարևոր է, որ գոտիավորեցին, ամեն մի նկարագիրն ունեն, նախագծերի հետ կապված աշխատել են»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031