Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ստեղծված եկամտի արդար ու հավասար բաշխում է ուզում. Դաշնակցության նոր նախագիծը

Օգոստոս 10,2018 16:07

Այսօր ՀՅԴ-ն հանրային քննարկման ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը:

Ըստ նախագծի, ՀՅԴ-ն գտնում է, որ մեր երկիրը, որպես սոցիալական պետություն, պետք է իր քաղաքացիների բարեկեցության, կյանքի որակի ապահովման համար ստանձնի իր դերը: Տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե շուկայական, տարերային մոտեցմամբ, այլ պետք է միջամտի, կարգավորի

«Ազատություն, արդարություն, համերաշխություն». Այս արժեքներն է սահմանում ՀՅԴ-ն՝ տնտեսական ու սոցիալական բնագավառների խնդիրները լուծելու համար:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասաց, որ վերջին տարիներին տնտեսությունն անշեղորեն աճել է, բայց երբ որ խոսում ենք տնտեսական աճի մասին, մարդիկ զայրացած իրենց են նայում, որովհետեւ հասարակությունը բեւեռացված է: Ըստ նրա, տնտեսությունն անշեղորեն աճում է, բայց ունենք արտագաղթ, որովհետեւ կա անարդարություն. «Ժողովրդի համբերության բաժակը լցվեց եւ ժողովուրդը դուրս եկավ փողոց: Մենք սրա մասին խոսում էինք: Միակ քաղաքական ուժն ենք եղել, որ արժեքի ստեղծումից բացի խոսել ենք նաեւ այդ արժեքի արդար բաշխման վերաբերյալ»:

Նախարարն ասաց, որ ժողովրդի սեփականությունն է անտառը, հանքը, ջուրը, ոչ թե հանքի տիրոջ դուքանը, որ շահագործի ինչպես ուզում է՝ թունավորելով մեր կյանքը, վտանգի տակ դնելով գալիք սերունդները:

Արթուր Խաչատրյանը նշեց, որ իրենց քաղաքականությունը միտված է առաջանցիկ տեմպերով արդյունք ստեղծելուն, ստեղծված արդյունքը հասարակության անդամների միջեւ արդար բաշխելուն, ով ինչ ներդրում ունեցել է՝ ներդրմանը համարժեք հատուցում պետք է ստանա, ստեղծված արդյունքը ներկա եւ գալիք սերունդների միջեւ արդար ու հավասարապես պետք է բաշխվի. «Տեսեք ամենաձախողված ձեռնարկությունները պետակա՞ն են եղել, թե՞ մասնավոր: Մենք այս մոտեցմանը, որ պետությունը վատագույն տնտեսվարողն է, չպետք է խառնվի տնտեսական գործունեության մեջ՝ մենք այս մոտեցմանը դեմ ենք: Մենք ասում ենք՝ երբ ունենք շուկայի ձախողում, պետությունը ստեղծում է ստիմուլներ, բայց շուկան չի արձագանքում, այդ դեպքում պետությունը պետք է ուղղակի ինքը տնտեսական գործունեություն իրականացնի: Որտեղ շուկան ձախողում է, պետությունը պետք է միջամտի եւ անմիջական խոսի: Կան ոլորտներ, որոնք ռիսկային են եւ մասնավորը չի ուզում մտնել դրա տակ, այստեղ պետությունը պետք է վերցնի այդ ռիսկը: Երբեւիցե մենք չենք խոսել տնտեսության արդյունքի բաշխման մասին, վերցրեք ԱՎԾ տվյալները, բոլոր գործակիցները կան, բայց գործակիցներ, որոնք կարող են խոսել եկամտի բեւեռացման կամ ծախսերի բեռեւացման մասին, պետք է մեծ մասնագետ լինեք, որ կարողանաք գտնել այդ թվերը: Մենք գտնում ենք, որ պետք է ճիշտ բաշխում լինի, ու այդ մեխանիզմը պետք է լինի կառավարության ուշադրության կենտրոնում»:

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը ներկայացրեց նախագծի բովանդակությունը: Ըստ այդմ, նախագծով ամրագրվում է, որ պետք է ունենալ առաջանցիկ տնտեսական աճ, նախկինում դանդաղել ենք: Հարկային քաղաքականության հիմքում պետք է դրվի «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը: Խոշոր գործարարների համար պետք է պարտադրանք լինի, պարտադիր սահմանվի, որ աշխատատեղերով ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց: Սոցիալական ձեռնարկություններ պետք է լինեն՝ պետության մասնակցությամբ, այսինքն, ձեռնարկություններ, որոնք եկամուտ չեն ապահովում, բայց սոցիալական հարց են լուծում: Նվազագույն աշխատավարձի չափը պետք է շարունակաբար բարձրացվի՝ ոչ թե կապելով պետբյուջեի հնարավորության հետ, այլ՝ սոցիալական գործոնի հետ:

Թադեւոսյանի խոսքով՝ «Անապահովության նպաստները պետք են, ունենք աղքատության բարձր մակարդակ, բայց ունենք հասցեավորման ոչ բավարար մակարդակ: Մարդիկ ձգտելով անընդհատ նպաստների՝ հաճախ աշխատում են ստվերում, կամ լոդրանում են, չեն աշխատում ու իրենց ընտանիքի տեսանելի եկամուտը փոխարինում են հաճախ պետության խղճուկ նպաստներով: Կարիքի գնահատման անհրաժեշտություն կա: Հետեւյալ սկզբունքն ենք առաջարկում՝ անապահովության նպաստ պետք է ստանան աղքատ այն ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատունակ տարիքի աշխատունակ անդամներ: Աշխատունակ տարիքի մարդկանց պետությունը պետք է ապահովի աշխատանքով:

ՀՅԴ-ն առաջարկում է նաեւ կենսաթոշակային նոր համակարգ: Կենսաթոշակի չափը պետք է կախված լինի որոշակի ցուցանիշներից, դրա համար լավ օրինակ է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կամ երկրի միջին աշխատավարձը: Այսինքն, տվյալ պահին երկրի միջին աշխատավարձի առնվազն 40 տոկոսի չափով պետք է սահմանվի եւ աշխատանքային ստաժը պետք է շարունակվի հաշվառվել՝ թոշակի չափի որոշման համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031