Այսօր` օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Տավուշի մարզ է այցելել: Նրան ուղեկցում են տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:
Այցելության առաջին վայրը «Տավուշտեքստիլ» ընկերության Բերդի գործարանն էր: «Տավուշտեքստիլ» ՍՊԸ տնօրեն Սուրեն Երիցյանը հայտնեց, որ ընկերությունը Բերդի տարածաշրջանում ունի 517 աշխատող, որից 250-ը` Բերդի գործարանում, գործարանի արտադրանքը սպառվում է Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Նիկոլ Փաշինյանը ձեռնոցների արտադրության, իրացման վերաբերյալ հարցեր ուղղեց Սուրեն Երիցյանին, շրջեց գործարանի արտադրամասերում: Նա փորձարկեց, ձեռքին հագցրեց գործարանի արտադրանք տարբեր տեսակի ձեռնոցներ:
Ժամը 12.45-ին Բերդի քաղաքապետարանի առաջ կայացավ հանդիպում-հանրահավաք: Հրապարակը լեփ-լեցուն էր: Բնակիչները ջերմորեն դիմավորեցին Փաշինյանին: Հավաքվածների մի մասը -ձեռքին ունեին ՀՀԿ-ական գործիչների լուսանկարներով, այդ գործիչներին մերժող պաստառներ: Ներկաներից ոմանք Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հրաժարականը պահանջող կոչ հնչեցրին: Վարչապետն ասաց, որ ՏԻՄ ղեկավարների վերաբերյալ գովեստի կամ քննադատական ելույթներ պետք չեն, այդ հարցերն այլ տեղ, ուրիշ ձեւաչափով են քննարկվում:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում կատարված հեղափոխության նվաճումներին, եւ պնդեց՝ այլեւս Հայաստանում բիզնես ներդրումները պաշտպանված են: Նա հայտարարեց, որ մայիս ամսից Հայաստանից արտագաղթը դադարել է, մեր երկիր վերադարձողների քանակն ավելի մեծ է, քան մեկնողներինը: Ասաց, որ արտերկրից հարազատներին Հայաստան օգնություն գումարներ ուղարկելու, բարեգործության փոխարեն ճիշտ կլինի բիզնես ներդրումներ կատարել:
Վարչապետը հայտարարեց` բողոք է ստացվել, որ Բերդի բժշկական կենտրոնում ծննդկաններից ապօրինաբար գումարներ են վերցվում, սակայն բողոքողներից ոչ մեկը չի ներկայացրել իր ինքնությունը: Փաշինյանը հայտարարեց`եթե ազգովի գողական ենք, թալանի դեմը ո՞վ պետք է առնի:
Հանրահավաքի ավարտին երիտասարդ մի աղջիկ Նիկոլ Փաշինյանին նվիրեց «դուխով» գրառումով փափուկ խաղալիք:
Բերդի քաղաքապետարանում կայացավ հանդիպում, որի ժամանակ հարցեր արծարծվեցին Բերդի տարածաշրջանի համայնքների խոշորացման նպատակահարմարության, սահմանագոտու բնակիչներին տրվող արտոնությունների, սահմանամերձ, չմշակվող հողերի, բանակին սահմանագոտու բնակիչների աճեցրած բերքի մթերման, Վարագավանի պահածոների գործարանի վերագործարկման,Վերին Ծաղկավանի մշակույթի տան վերանորոգման հնարավորությունների մասին: Վարչապետ Փաշինյանը հանգամանալից պատասխանեց հարցերին, նշեց, որ առանձին հարցեր պետք է հետո քննարկել, որպեսզի դրանց վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացվեն:
Բերդից վարչապետը մեկնեց Նոյեմբերյան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ