Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք ցանկանում շտապեցնել ՔՊ-ի՝ մեր գործընկերներին, բայց անպատրաստ էլ չենք ցանկանում մասնակցել ընտրություններին». Դավիթ Խաժակյան

Օգոստոս 10,2018 15:00

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բավարարված չեն «Սանիտեքին» ներկայացրած դիմում-պահանջին՝ ընկերության կողմից ներկայացված հիմնավորումներով:

«Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանը Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասաց. «Սանիտեքը մեր պահանջին ի պատասխան բերել է փաստարկներ, որոնք ոչնչով չեն տարբերվում նախորդ ասածներից և ոչ մի կերպ արդարացված չեն: Մի հիմնավորումն այն է, որ աղբավայրերը գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Մինչդեռ պայմանագրում կա դրույթ, որի համաձայն՝ քաղաքապետարանը պարտավոր է փաստարկված տեղեկություն տրամադրել աղբավայրերի վիճակի մասին, ուստի հղում անել աղբավայրերի վիճակին՝ ճիշտ չէ, քանի որ «Սանիտեքը» հստակ տեղեկություն է ունեցել, թե ինչ վիճակում է գտնվում Նուբարաշենի աղբավայրը: Հղում է կատարվում մեքենաների անսարքություններին: Բայց պայմանագրում կա կետ, որ կապալառուն պիտի բավարար փոխադրամիջոցներով ապահովված լինի, որպեսզի արագ արձագանքի, որ նման անսարքություններն ազդեցություն չունենան: Երբեք «Սանիտեքը» ո՛չ ձմեռվա, ո՛չ ամառվա պահպանման ժամանակի համար պատրաստ չի եղել: Մյուս փաստարկին, թե ավտոմեքենաների՝ աղբարկղերի դիմաց կայանումը խոչընդոտում է, բակերում առկա արգելափակոցների պատճառով աղբատար մեքենաները ծախսում են երկար ժամանակ, ևս արդարացված չէ, քանի որ կապալառուն պիտի տեղյակ լինի, որ կան վայրեր, որտեղ հասանելիությունը սահմանափակված է: Ուստի մենք գոհ չենք, քանի որ «Սանիտեքը» ոչ միայն չի կարողացել ցածր հաճախելիության գոտիներում վերացնել աղբակույտերը, այլև բարձր հաճախելիության գոտիներում: Այս օրերին նկատում էինք, որ կենտրոնական փողոցներից մեզ ուղարկում էին լուսանկարներ, որ դրանք կորած են աղբի մեջ: Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես են երեխաները խաղում աղբի մեջ»:

Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանն էլ պատմեց, որ շուրջ 20 օր առաջ այցելել է «Սանիտեք» ընկերություն և խոսել ընկերության տնօրինության հետ: Այդ ժամանակ ղեկավարությունը խոստացել է, որ մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում քաղաքը կբերվի իդեալական վիճակի: Սակայն Թեհմինե Վարդանյանը ևս դժգոհ է. «Արդեն 20 օր է անցել, բայց խնդրին ամբողջական լուծում չի տրվել: Այս պահին փաստացի քաղաքի վիճակը ոչ կայուն է, որոշակի տեղեր մաքրվել են, բայց դա չնչին մաս է կազմում: Քաղաքն աղբի մեջ կորած է»:

Դառնալով հետագա քայլերին՝ Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնեց. «Լուծումը «Սանիտեքի» հետ չորս տարի առաջ կնքված գործարկում է եղել: Այն ժամանակ, երբ պիտի քաղաքում փոփոխվեին սանմաքրման և աղբահանման մեքենաները, նախատեսված է եղել Երևանը երկու մասի բաժանել և հայտարարել մրցույթներ ու հանձնել երկու տարբեր օպերատորներին. մեկը եղել է «Սանիտեքը», մյուսը հրաժարվել է կատարել, ուստի պետք է հայտարարվեր նոր մրցույթ: Այսինքն՝ աղբահանությունը պիտի կատարեին երկու կազմակերպություն, որոնք կմրցեին միմյանց հետ: Այդ մրցակցությունը կբերեր նրան, որ մենք կհասկանայինք՝ որ մեկն է ոչ պատշաճ կատարում պայմանագրի պարտավորությունները և ստիպված չէինք լինի նման պայմանագրային դրույթների մեջ խորամուխ լինել»:

Դավիթ Խաժակյանը հայտարարեց՝ կան կնքված երկու տարբեր պայմանագրեր: Մի պայմանագիրը կնքվել է միջազգային «Սանիտեքի» հետ և երկրորդ օպերատորի համար մրցույթ չի հայտարարվել: Որպեսզի լինեն երկու տարբեր իրավաբանական անձեր, գրանցվել է «Սանիտեք Հայաստանը», որն այլ իրավաբանական անձ է, բայց ստորագրող անձը նույնն է: Դավիթ Խաժակյանը մանրամասնեց. «Դե յուրե տարբեր, դե ֆակտո նույն իրավաբանական անձերն են: Մեր առաջարկն է խզել պայմանագրերից մեկը, հայտարարել նոր և միջազգային մրցույթ, ներգրավել նոր օպերատորի, որը աղբահանություն, սանմաքրման աշխատանքներ կիրականացնի քաղաքի մեկ այլ հատվածում: Նախ մոնոպոլիան կվերցնի «Սանիտեքից» և կստեղծի մրցակցային դաշտ: Այս դեպքում «Սանիտեքն» իր ուժերը կարող է հնարավորինս կենտրոնացնել քաղաքի մի կեսում, նոր օպերատորը՝ նոր ներդրումներ կկատարի»:

Նա տեղեկացրեց, որ այս առաջարկը ներառելու են նաև իրենց նախընտրական ծրագրում:

Դառնալով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափին՝ Դավիթ Խաժակյանն ասաց. «Թե՛ Լուսավոր Հայաստանը, թե՛ Հանրապետություն կուսակցությունը հայտարարել են, որ եթե Քաղաքացիական պայմանագիրը որոշի առանձին ցուցակով մասնակցել ընտրություններին, մենք պատրաստ ենք երկու կուսակցությամբ դաշինք կազմել և մասնակցել ընտրություններին, ու նաև քննարկել ենք Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Եվ քանի որ ժամանակը գնում է և մեր գործընկերներին չենք ցանկանում շտապեցնել այս հարցում, բայց մյուս կողմից էլ չենք ցանկանում անպատրաստ մասնակցել ընտրություններին, ուստի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Եթե կայացվի որոշում պահպանելու ԵԼՔ-ի ձևաչափը, այդ ծրագրերը կմեկտեղվեն, եթե ոչ, մեր ծրագրերը հանդես կգան որպես ինքնուրույն քաղաքի զարգացման ծրագրեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031