Երեւանի պետական բժշկական համալսարանի մի խումբ շրջանավարտներ և ուսանողներ ՀՀ վարչապետի հետ հանդիպում են խնդրում: Նրանք ցանկանում են որպես լեյտենանտ զորակոչվել բանակ:
Аravot.am-ի հետ զրույցում բժշկական համալսարանի վեցերորդ կուրսի ուսանող Գևորգ Բակլաչյանը նշեց. «Երբ 2017 թ. օրենքում փոփոխություն եղավ, եւ դրա հետեւանքով տարկետում չէր տրամադրվում որեւէ մեկին, այժմ այդ կետը տարածվում է մեզ վրա: Ինտեգրված կրթությունն ավարտելուց հետո մեզ պետք է զորակոչեն բանակ: Միեւնույն ժամանակ՝ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մենք իրավունք ունենք ստանալու լեյտենանտի կոչում:
Պաշտպանության նախարարությունն այժմ մեզ չի ուզում տրամադրել սպայի կոչում եւ ցանկանում է մեզ զորակոչել բանակ՝ որպես շարքային, պատճառաբանում է, որ լեյտենանտի համապատասխան հաստիք չունեմ, որ ձեզ տրամադրեմ»:
Գեւորգ Բակլաչյանն ասում է, որ դա իրենց խնդիրը չէ. «Մենք ի՞նչ անենք, որ հաստիք չունեք, ինչու պետք է հրաժարվենք մեր՝ լեյտենանտի կոչումից: Պաշտպանության նախարարությունը մեզ առաջարկում է մի տարբերակ, որ մեզ զորակոչի բանակ որպես շարքային, մեկ տարի ուղեգրի ինտերնատուրա սովորելու, դրանից հետո լեյտենանտի կոչումով երկու տարի ծառայելու: Բայց այդ տարբերակը մեզ համար ընդունելի չէ, որովհետեւ եթե մենք ունենք իրավունք ստանալու մեր լեյտենանտի կոչումը, ինչի՞ համար զորակոչվենք որպես շարքային»:
Գեւորգ Բակլաչյանից տեղեկացանք, որ այս տարի 33 հոգի է բժշկական համալսարանն ավարտում, իսկ դրանից հետո՝ ընդհանուր երեք տարիների ընթացքում, որ այս խնդրի առաջ են կանգնած, շուրջ վաթսուն հոգի են:
«Մենք առաջարկում ենք մեր տարբերակը, որը եղել է այսքան ժամանակ. թույլ տան մեզ սովորել մեր կլինիկական օրդինատուրան՝ տարկետում տրամադրելով օրդինատուրայի համար, սովորենք, բժիշկ դառնանք ու որպես բժիշկ զորակոչվենք ծառայության…Չենք ուզում, որ սա դիտարկվի որպես բանակից խուսափում, ընդհակառակը մենք ուզում ենք ծառայել մեր ամբողջ ներուժով, ինչը հնարավոր կլինի՝ որպես բժիշկ զորակոչվելու դեպքում»,- ընդգծեց բժշկական համալսարանի վեցերորդ կուրսի ուսանողը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գեւորգ Բակլաչյանի ֆեյսբուքյան էջից