Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Կազանչյան. «Ժամագործության համար կանացի նուրբ ձեռքեր են պետք»

Օգոստոս 10,2018 14:41

«Կազանչյան» ընկերության հիմնադիր, Ժամագործների միության նախագահ Րաֆֆի Կազանչյանը մտադիր է Հայաստանում ժամագործության դպրոց հիմնել. առայժմ բանակցություններ են ընթանում Շվեյցարիայի դեսպանատան հետ: Այսօր այս մասին «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Րաֆֆի Կազանչյանը:

Նա ասաց, որ դպրոցում դասախոսությունների համար նախատեսում են Շվեյցարիայից մասնագետներ հրավիրել, որոնք բացի տեսական գիտելիքներից՝ նաեւ գործնական աշխատանքներում հմտություններ կսովորեցնեն. «Դա ճարտարապետական գործ է, նուրբ ձեռքեր են պետք: Շվեյցարիայում գործարաններում աշխատողների 90%-ը կանայք են, քանի տղամարդու կոշտ-կոպիտ ձեռքերի գործ չէ»:

Րաֆֆի Կազանչյանն ասաց, որ Հայաստանում ժամագործությունը զարգացնելու մեծ ներուժ կա. «Այսօր Շվեյցարիայում ժամացույցների արտադրության ոլորտում մի քանի նշանավոր ընկերություններ կան, որոնց սեփականատերերը հայեր են: Սփյուռքահայության մեջ ընտանիքներ կան, որոնք ժամագործության բիզնես են անում մի քանի տասնամյակներով ու սերունդներով: Հայաստանում Սովետի ժամանակ կար լավ ժամագործություն, այս ամենը միասին օգտագործելով՝ կարող ենք զարգացնել ոլորտը»:

Գործարարը վստահեցրեց՝ բիզնեսում որեւէ խնդիր չունի, բացառությամբ իրացման ծավալների անկման, բայց դա էլ պայմանավորված է աշխարհաքաղաքական իրադարձություններով, հատկապես «Լաքշըրի» կարգի ժամացույցների սպառումը կրճատվել է. «Շվեյցարիայում 100 ամյա մի ցուցահանդես կա, որին բավականին մեծ ընկերությունները արդեն հրաժարվել են մասնակցել: Սա նշանակում է՝ ոլորտը հոգեվարքի մեջ չէ, բայց վատ դրության մեջ է»:

Գործարարը նաեւ վստահեցրեց՝ թավշյա հեղափոխությունը դրական է ազդելու Հայաստանում ժամագործության եւ մեր արտադրանքը դրսում վաճառելու համար:

Կազանչյանը որեւէ դժգոհություն չունի հարկային մարմիններից. «Մի օր 5 տոպրակով եկան, ասացին, որ վերադարձնում են ժամացույցները: Դրանք 10-15 օրվա ընթացքում ամեն մեկը եկել, գնել էր, որ պարզեն՝ ՀԴՄ կտրոն տալի՞ս ենք, թե՞ ոչ: Խնդիր չէ, դա իրենց իրավունքն է: Եթե մաքուր ես աշխատում, ի՞նչ խնդիր կա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031