Հայ-Ռուսական համալսարանում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը (օգոստոսի 10-24-ը), որին այս տարի մասնակցում են 13-21 տարեկան 440 սփյուռքահայ պատանիներ և երիտասարդներ:
Ծրագրի կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն): ՀՌՀ-ն անվճար հիմունքներով «Քայլ դեպի տուն» ծրագրի համար տրամադրել է անհրաժեշտ քանակությամբ լսարաններ և ապահովել դասընթացների համար նախատեսված պայմանները:
«Գրեթե 21 տարի առաջ մենք հիմնադրեցինք այս համալսարանը՝ հագեցնելով այն Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս առկա լավագույն պրոֆեսորներով և դասախոսներով, նաև ուսումնական ժամանակակից տեխնոլոգիաներով և այսօր մենք համարվում ենք ՀՀ առաջատար ԲՈւՀ-երից մեկը: Հայ-Ռուսական համալսարանն, ըստ էության, հայապահպանության բացառիկ օրինակ է, քանի որ մեր համալսարանի ուսանողության շուրջ 35-36 տոկոսը սփյուռքահայեր են: Այնպես որ սա ձեր համալսարանն է, բարի երթ դեպի մեր համալսարան»,- շեշտել է Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը:
Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր։
Իր հերթին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասել է հետևյալը. «Ես չգիտեմ երբ՝ 2-3 տարի անց, Հայաստանում, թե այլ վայրում, ես ձեր մի մասի հետ դեռ հանդիպելու եմ: Բայց նաև գիտեմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեզանից շատերը տեղափոխվեն Հայաստան: Նրանք, ովքեր կրկին կվերադառնան իրենց երկրներ, նրանց ուղղակի մի բան եմ ուզում ասել, եթե գա մի օր, երբ դուք կկարոտեք և դուք նեղացած կլինեք աշխարհից, տխուր կլինեք, ուղղակի ուզում եմ, որ մի բան լավ հիշեք ու մտաբերեք՝ դուք այստեղ հյուրեր չեք, դուք տանտիրոջ կարգավիճակով եք: Եվ որ կա մի փոքր պետություն, բայց մեծ ներուժով, 42 հազար կիլոմետր տարածքով, որը սպասելու է ձեզ»,- ընդգծել է նա:
Միջոցառման ավարտին «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունել են երգիչներ Հայկ Ստվերն, Հայկ Եսայանը և Վլադիմիր Ահարոնյանը:
Հայ-Ռուսական համալսարանի հաղորդագրություն