Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանն Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով 2018 թ. ՀՀ պետական միասնական քննությունների արդյունքների համառոտ վերլուծությունը՝ մի քանի մտահոգիչ փաստեր ներկայացրեց:
Օրինակ` այն, որ մասնագիտություններ կան, որտեղ որեւէ դիմորդ չի ընդունվել: Դրանց թվում են՝ սուրդոմանկավարժությունը, տիֆլոմանկավարժությունը, օլիգոֆրենոմանկավարժությունը, շախմատը եւ այլն: Ինչ վերաբերվում է մանկավարժական մասնագիտություններին, նշյալները կապված են ներառական կրթության հետ, եւ սա այն դեպքում, երբ խոսվում է համընդհանուր ներառականության անցնելու մասին:
Մեր զրույցի ընթացքում պարոն Նասիբյանը հայտնեց, որ քննությունների առաջին փուլում հայտագրվել էր 5087 դիմորդ, «կտրվածների» թիվը 1125 է, առաջին փուլում քննությունն ընդհատածները 20-ն են եղել, որոնցից 1-ը հեռացվել է, բողոքարկողների թիվ՝ 92, քննության չներկայացածների թիվը՝ 450:
Միասնական քննությունների առաջին փուլում հայոց լեզու եւ գրականություն առարկայի ամենացածր միավորը եղել է 1.75, միջինը՝ 12.63, քիմիայից նույնպես ամենացածր միավորը 1.75 է եղել, միջինը՝ 12.99: Ֆիզիկան եւս տխուր պատկեր ունի, ամենացածր միավորը 0.75 է եղել, միջինը՝ 11.44:
Ռուսաց լեզվի, հայոց պատմության, անգլերենի, աշխարհագրության, գերմաներենի, կենսաբանության, ֆրանսերենի, մաթեմատիկայի, իսպաներենի, պարսկերենի, համաշխարհային պատմության նվազագույն միավորները համապատասխանաբար այսպիսին են՝ 2.25, 2.50, 2.25, 3.50, 2, 2, 6.25, 2, 13.25, 13.75, 3:
Պարոն Նասիբյանի տեղեկացմամբ, քննությունների երկրորդ փուլի համար հայտագրվել էր 745 դիմորդ, «կտրվածների» թիվը 357 էր, 3 հոգի ընդհատել էր քննությունը, իսկ 49-ը չէր ներկայացել:
ԳԹԿ փոխտնօրենը վստահեցնում է, որ քննության երկրորդ փուլի մասնակիցների մի մասն ուղղակի գալիս է քննության՝ մտածելով, որ գուցե հաջողեցնի դրական միավոր ստանալ, շատերն էլ գալիս են՝ հետեւելով ծանոթների, ընկերների օրինակին:
Երկրորդ փուլի միավորները եւս առանձնապես բարձր չեն: Այստեղ եւս հայոց լեզվի նվազագույն միավորը 1.75 է, իսկ Հայոց պատմության նվազագույն միավորը՝ 1:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելի՛ Գոհար Հակոբյան, իսկ դո՞ւք ինչ եք ստացել հայերենից ընդունվելիս։ Ձեր գրածը կարդացե՞լ եք հրապարակելուց առաջ։ Խոսքը միայն հայերենի՞ն է վերաբերում։ Իսկ գուցե նաև վրիպա՞կ ունեք։ Իսկ բառօգտագործման սխա՞լ….
Եվ ընդհանրապես, Aravot.am-ը խմբագիր-սրբագրիչ ունի՞։ Նպատակը ո՞րն է այս հոդվածի։
Հարգելի Հասմիկ Ղազարյան, եթե ձեզ հետաքրքրում է, կասեմ. ես հայոց լեզվից 5 եմ ստացել` բուհ ընդունվելիս: Հանձնաժողովի նախագահն էլ լուսահոգի Հենրիկ Հարությունյանն էր:
Դառնալով կոնկրետ լուրին` ասեմ, որ մեր վրիպակն ու բառօգտագործման սխալը մենք կուղղենք, եթե հուշեք, թե հատկապես ինչը նկատի ունեք, բայց դա հաստատ ոչ մի կապ չունի 1.75 ստացած դիմորդների հետ:
Հարգանքով` Գոհար Հակոբյան