Դիտելով ամեն օր սրան-նրան բռնելու միլիոնավոր ու միլիարդավոր դրամների չարաշահումների մասին հաղորդագրությունները` հազիվ իրենց գոյությունը պաշտպանող հազարավոր մեր հայրենակիցները սարսափ ֆիլմերի ազդեցության նման ընկնում են ճգնաժամի կամ, ինչպես սկսել են անվանել` ընկճախտի մեջ: Մարդ կա` ամեն մի դրամը տասն անգամ հաշվում է ծայրը ծայրին հասցնելու համար, իսկ հեռուստացույցը նրան մատուցում է օր օրի բացահայտվող թալանի տեսարանները:
Իհարկե, հակակոռուպցիոն պայքարը պետք է լինի հրապարակային և թափանցիկ, բայց մեր ներկա քաղաքական իրավիճակը թելադրում է այս փուլում գործել առավել զգույշ և հաշվի առնել դրա իրական հետևանքները: Դրանք կարող են նաև բացասական հետևանքներ ունենալ:
Օրինակ` ասենք, խոր թերահավատություն ազգային պետության նկատմամբ և նույնիսկ պետականության անհրաժեշտության թերարժևորում: Ի՞նչ է մտածում շարքային ՀՀ քաղաքացին… ստացվում է, որ այդ ապազգային կոմունիստական իշխանությունները, ոչ ժողովրդավար, տոտալիտար խորհրդային Հայաստանում էտ ինչ հարուստ երկիր են կառուցել, որ մեր ազգային պետականակերտողները 25 տարուց ավելի է թալանում են, բայց դեռ չի վերջանում: Ստացվում է, որ հայկական պետությունը վերականգնել ենք այն թալանելու ու ոչնչացնելու նպատակով:
Այս տխուր մտայնության տարածման համար այսօր բավականին պարարտ հող է ստեղծվում, որն անցանկալի և վնասակար է բոլոր առումներով: Այն իրողության քարոզը, որ երկիրը եղել է անպաշտպան և թալանվել է անարգել, ստեղծում է շատերի մոտ պետական իշխանության չգոյության տպավորություն: Բայց դա այդպես չէ: Բազմաթիվ սխալների հետ մեկտեղ Հանրապետության երեք նախագահներն էլ իրենց ներդրումն են ունեցել պետության կայացման, բանակաշինության անվտանգության ապահովման և միջազգային հարաբերությունների կառուցման գործում:
Հայաստանը ոչ թե անկախացավ բառիս բուն իմաստով, այլ մնաց անպաշտպան երկիր խորհրդային կայսրության փլատակների տակ առանց կոմունիկացիաների, էներգետիկ ռեսուրսների և գոյատևման հեռանկարի: Հայ մարդու դիմացկուն և աշխատասեր տեսակի ու բարձր ազգային պատասխանատվության շնորհիվ երկիրը լավ թե վատ պահպանվեց ու դիմակայեց նաև պատերազմին:
Հիմա քառորդդարյա այդ հերոսական մաքառումը, զոհերը, տիտանական աշխատանքը սևացնում ենք, այդ ամենում եղած ու աշխատած մարդկանց ոտնատակ տալիս, բղավում, որ Երրորդ հանրապետությունը, ըստ էության գողապետություն էր, գցում ենք մեր, իսկ հեղինակությունը և դեռ գործ չարած և արդյունքի չհասած հռչակում չորրորդ հանրապետությունը:
Պետք է մտածել նաև միջազգային արձագանքների մասին: Դուրս է գալիս, որ ՄԱԿ-ին, եվրոպական և եվրասիական կառույցներին անդամակցել է և նաև արցախյան հակամարտության բանակցային գործընթացում եղել է գողապետությո՞ւնը: Նման կեցվածքով մենք մեզ մեր թշնամիների ձեռքն ենք հանձնում ներքին գզվռտոցների ազդեցության տակ:
Սխալները պետք է շտկել զուսպ, համեստ և գործունյա կեցվածքով: Մենք հիմա սպասում ենք ստեղծագործ աշխատանքի արդյունքների: Հասարակության ուշադրության կենտրոնում նաև սա է, որին ինչ որ պահի կոռուպցիոն սկանդալներից բացի կհետաքրքրի նաև կատարած աշխատանքի հաշվետվությունը:
Գարիկ ՔԵՌՅԱՆ
ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ