Երևի սա էլ է փուլ, որ կհաղթահարվի։ Երևի սա էլ է նորմալ ընթացք այս փուլի համար, չգիտեմ։ Բայց չեմ ընդունում…
Չեմ ընդունում ամեն ինչի տակ արդարացումներ փնտրողներին, իմաստունի տեսքով հանդես գալուն պատրաստվող, սեթևեթող կոմֆորմիստներին (տեղ թողնեն, որ հետո ասեն.֊«ես ասում էի, չէ՞»)։
Չեմ ընդունում խոժոռ դեմքով ու մտածողի կեցվածքով դատարկ թմբուկներին ու էլի շատ ու շատ բաներ։
Բայց առավել չեմ ընդունում էսօրվա էս կույր ծայրահեղականությունը. կամ քոչարյանական ես կամ հեղափոխական։
Պարզ ու հանրահայտ ճշմարտություն են ասում մարդիկ։ Ասում են այ մա’րդ Աստծո, փաստաբանը պաշտպանում է ոչ թե անձին մեղսագրվող արարքը (դեռ չապացուցված, ի դեպ), այլ անձի պաշտպանության իրավունքը։ Սա արդարադատության, օրենքի գերակայության հիմքն է, ինչի համար դու, ես, նա ու էլի մի ամբողջ մարդկություն ամեն գնով ձգտում ենք հասնել։ Պաշտպանել կարող են օրենքով չարգելված ցանկացած ձևով ու եղանակով, ստրատեգիական ու տակտիկական քայլերով (սա էլ չափ ու սահման ունի, իհարկե)։ Կուզեն կոչով կդիմեն մեր վարչապետին, կուզեն ռուսաց թագավորին, կուզեն Թրամփին։ Կգտնեն նպատակահարմար գործին, կստեղծեն այս գործողությունների կատարման պատրանք։
Բայց, միևնույն է, ամենանողկալի (հենց մտքիդ եկածը) արարքում մեղադրվող մարդն անգամ, պիտի կարողանա պաշտպանվել։ Սա անխախտելի նորմ է։
Ավելին (սա արդեն իմ կողմից), այդ փաստաբանները տարիներ առաջ ու առ այսօր էլ պաշտպանում ու պաշտպանել են նաև այն ցմահ դատապարտվածներին, ովքեր կտրատել են, սղոցել ու մուրճով ջախջախել են, մարմինները մասնատել ու տարածել են, մորթել ու վերացրել են մարդկանց, որոշ դեպքերում՝ ամբողջ ընտանիքներ։ Այսօր, մի շարք ԶԼՄ ներկայացուցիչներ (և ոչ միայն նրանք), մեջբերելով պատժի կրման ընթացքում ու դրանից հետո մահացածների թվերը, պահանջում են այդ մարդկանց գործերի վերաբացում, ում պաշտպանությունը ևս, կարող են ստանձնել նաև հենց այս պաշտպանները։ Սա ուղղակի։
Ասում են՝ պաշտպանել անձին, դեռ բնավ, չի նշանակում լիովին արդարացնել նրան կամ սիրել, փայփայել, տանել տանը պահել։ Բայց դատաստան տեսնելու ցանկությունն ու ներքին արդարության պատրանքը դեռ արդարադատություն չեն։ Չէ, չի լինում։
Նման բան ասելը, բացատրելը, նման կարծիք հայտնելը դառնում է բանդիտիզմ, մեղադրողին պաշտպանելը՝ ալտրուիզմ։
Ախր էլի տրիվիալի շարքից է չէ՞, որ ոչ մի ծայրահեղություն լավ բանի չի հանգեցնելու։ «Մենք ու դուք»-ի մեջ էինք 25 տարի ու դեռ դրա պտուղներն ենք վայելում։ Կարծեմ թե բավ է արդեն …
Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ