Օգոստոսի 3-ից 5-ը Բուխարեստի հայկական փողոցում անցկացվեց Ստրադա Արմենեասկա փառատոնի 5-րդ թողարկումը, ուր երեք օր շարունակ ռումին հասարակությանը ներկայացվեց հայկական մշակույթն ու ավանդույթները, ավանդական երգն ու պարը:
Փառատոնն ընդգրկել էր նաև Հայկական փողոցին հարակից Հայկական եկեղեցին և Առաջնորդարանը, Դուդյան թանգարանն ու գրադարանը, Հայկական մշակութային կենտրոնը:
Փառատոնի օրերին ելույթ ունեցան հայտնի արտիստներ, այդ թվում` երգչուհի Կորինա Կիրիակն/Corina Chiriac ու Իրինա Ռիմեսը/Irina Rimes, կիթառահար, երգիչ և կոմպոզիտոր Միհայ Մարջինյանու/Mihai Margineanu: Ժամանակակից և ջազ երաժշտության կատարումներով փառատոնին հանդես եկան Հայաստանից հրավիրված Երվանդ Մարգարյան ջազ կվարտետը և Կարպիս ու Գաբրիել Դեդեյան եղբայրները:
Հայկական պարարվեստը ներկայացրեցին Գեռլայի/Արմենոպոլիսի Հայաքաղաք և Բուխարեստի Վարդավառ պարախմբերը, ինչպես նաև Միկո և խումբ/Mico&Crew անսամբլը:
Փոքր բեմականացումներով հանդես եկավ Բուխարեստի երիտասարդական Rampa թատերախումբը:
Հաշվի առնելով տարեցտարի փառատոնի այցելուների թվի մեծացումը՝ Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունը գրքերի արահետ էր փռել փողոցի ողջ երկայնքով:
Փառատոնի շրջանակներում սոպրանո Արմինե Խաչատրյանը Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց հայ առաքելական եկեղեցում հանդես եկավ հոգևոր երաժշտության համերգով:
Կիրակի օրը Առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի կողմից մատուցվեց Սբ.պատարագ, որին հաջորդեց եկեղեցու բակում Վարդավառի ծեսի բեմականացումը:
Հազարավոր այցելուների առջև իրենց հյուրընկալ դռներն էին բացել Հայոց մշակութային Դուդյան կենտրոնում տեղակայված թանգարանն և գրադարանը:
Հայկական փողոցի վրա շարված կրպակներում ներկայացված էին հայկական զարդեր, բազմագույն զարդանախշերով գորգեր և գործվածքներ, նկարազարդումներ: Բացօթյա հայկական ճաշատանը կարելի էր համտեսել հայկական ազգային կերակրատեսակներ և աղանդեր: Երեխաների համար կազմակերպվել էին ստեղծագործական խաղեր և գեղագիտական ուսուցում:
Փառատոնը վարում էր ռումինահայ հայտնի քաղաքական գործիչ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Ռումինիայի Հայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանը, Ռումինիայի Հույների միության նախագահ, պատգամավոր Գաբրիել Զիսոպոլը և Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդատու Լիանա Մինասյանը:
Ռումինահայոց միության հրավերով՝ փառատոնին մասնակցում էին նաև այլ ազգային փոքրամասնություններ՝ հույներ, հրեաներ ու գնչուներ:
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն