Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ման ենք գալիս լավագույն մասնագետին, ոչ թե նրան, ով ավելի մոտ է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին»

Օգոստոս 10,2018 14:00

Ըստ Արարատ Զուրաբյանի՝ եթե երեւանցին ընտրեց ոչ թե լավ թեկնածուի, այլ նրան, ով զուտ մոտ է Փաշինյանի հետ, ուրեմն արժանի է նման քաղաքապետի

Երեւանի ավագանու ընտրություններում «Հայոց համազգային շարժում» կուսակցության ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ չի համարում, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Մարությանն է իրենց հիմնական մրցակիցը:

Մեր դիտարկմանը, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը՝ իր կուսակցության առաջադրած թեկնածուն, հասկանալի է, հաղթելու մեծ հնարավորություններ ունի՝ Արարատ Զուրաբյանը չհամաձայնեց. «Հիմա Նիկոլ Փաշինյանը չի ընտրվում, ընտրվում է Հայկ Մարությանը: Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ Հայկ Մարության, կխոսեինք դրա մասին, բայց Հայկ Մարությանը Հայկ Մարությանն է, Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանն է, յուրաքանչյուր ոք ինչ-որ հարցում պետք է ինքն իր համար պատասխան տա: Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ լինել վարչապետ, ԱԺ նախագահ, քաղաքապետ, մարզպետ, դիվանագետ, ոստիկան, զորավար: Դրանք գործառույթներ են, որոնք պետք է կատարեն առանձին անհատներ եւ պետք է ունենան համապատասխան գիտելիքներ, համապատասխան փորձ, անցած ճանապարհ, կարողություններ, ունակություններ: Ես ընտրողներից մեկն եմ, բացի այն, որ ընտրվելու հայտ եմ ներկայացրել: Երեւանն ունի բազմաթիվ ընտրողներ, որոնք այս ամենը պետք է գնահատեն: Մենք պետք է առաջնորդվենք հետեւյալ սկզբունքով՝ երբ մենք գնում ենք հիվանդանոց եւ պետք է մեր հարազատին բուժենք, ման ենք գալիս լավագույն մասնագետին, ոչ թե նրան, ով ավելի մոտ է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին կամ Սերոբ Սերոբյանին: Այստեղ պետք է յուրաքանչյուր մարդ առաջնորդվի հետեւյալ սկզբունքով՝ ով հավակնում է այդ պաշտոնին, մինչ այդ որեւէ պաշտոնական գործառույթ իրականացրե՞լ է, թե՞ չէ, ընդհանրապես կարո՞ղ է ղեկավարել մի մարմին, որն ունի հազարավոր համակարգեր, մարդիկ: Դա բավականին լուրջ կառավարման փորձ է պահանջում եւ գիտելիքներ: Եթե երեւանցին փորձի առաջնորդվել այն սկզբունքով, որ միեւնույն է՝ եթե առաջարկում է այս կամ այն անհատը, ուրեմն պետք է ընտրել, դա էլ երեւանցու իրավունքն է: Ուրեմն Երեւանը կունենա այնպիսի քաղաքապետ, ինչպիսին արժանի է նրան: Սովորաբար ասում են՝ յուրաքանչյուր հասարակություն եւ իշխանություն իրար արժանի են: Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումը կարող է չլինել, բայց մեր բնակիչների ընտրության հարցն է: Ես կփորձեմ այս ամենը մատուցել հասարակությանը եւ համբերատար կսպասեմ նրանց արձագանքին»:

Ըստ Արարատ Զուրաբյանի՝ հսկայական գործ է արվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, արվել է հանուն Հայաստանի Հանրապետության, եւ դա ողջունելի է, գնահատելի է եւ բացառիկ է, բայց դա չի տալիս հնարավորություն, որ ցանկացած հարցով ցանկացած լուծում լինի պարտադիր մարդկանց համար: ժողովրդավարությունը այն է, որ ցանկացածը ներկայանա իր գաղափարներով, իր ծրագրերով, հասարակությունն էլ իր համար կատարի ընտրություն:

Մեր հարցին՝ սա քաղաքապետի ընտրություն չէ, սա Երեւանի ավագանու ընտրություն է, եւ միայն առաջին համարին չենք նայում, չէ՞, նաեւ ձեր թիմին են նայում, թե ով է հաջորդում ցուցակում ձեզ, ում եք բերելու քաղաքապետարան, իսկ ՀՀՇ-ն վերջին շրջանում ընտրություններին չի մասնակցել առհասարակ՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Իմ կողքին կա թիմ, որն ինձ հետ եկել է գործադիր իշխանություն, ինձ հետ դուրս է եկել գործադիր իշխանությունից, եւ կա նաեւ թիմ, որը Երեւանի քաղաքապետարանում է նաեւ ներկայացված եղել եւ դուրս է եկել այնտեղից: Կան բազմաթիվ մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, ունեն մասնագիտական լայն կարողություններ, ունակություններ, հավատացած եղեք՝ թիմ ձեւավորելու հարցում ես պրոբլեմ չունեմ եւ չեմ կարող ունենալ: Հանգիստ եղեք: Անկախ նրանից, որ մարդիկ աշխատել են ինչ-որ ժամանակ կամ դադարել են աշխատել ինչ-որ ժամանակ, նրանք հստակ պատկերացնում են Երեւանի խնդիրներն ու պրոբլեմները: Նախորդ իշխանությունները այնքան բան չեն կարողացել կամ չեն փոխել Երեւանում, որ ասենք՝ խնդիրների նոր հատված է առաջացել, հին խնդիրները չկան: Հին խնդիրներն առկա են, նորերն էլ ավելացել են, հստակ պատկերացնում ենք այդ խնդիրները եւ ունենք դրանց լուծման բանալին»:

Հարցին՝ Դուք «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր եք, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առաջադրվելուց առաջ մոտեցել եք Գագիկ Ծառուկյանին, նրան տեղեկացրել եք, որ պատրաստվում եք առաջադրվել, ինչպե՞ս ընդունեց Ծառուկյանը, Զուրաբյանը պատասխանեց. «Երբ ԲՀԿ-ն առաջադրեց Նաիրա Զոհրաբյանին, ես տեղեկացրի, որ ՀՀՇ վարչությունը եւս իր որոշումն է կայացրել եւ առաջարկել է ինձ առաջադրվել, բայց քանի որ ես «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր եմ, ճիշտ կլինի, որ սրա մասին բարձրաձայնեմ, եւ իմանաք: Սա շատ լավ ընդունվեց, նույնիսկ եղավ հետեւյալ որոշումը խմբակցության կողմից, որ խմբակցությունն առաջադրում է, այսպես ասած, երկու թեկնածու»:

Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ պահի միավորվեն ձեր ձայները, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Բնականաբար, ի վերջո Երեւանի քաղաքապետ ընտրում է ավագանին, կարծում եմ՝ ավագանու այն անդամները, որոնք ԲՀԿ-ից կամ ՀՀՇ-ից կլինեն Երեւանի ավագանիում, նրանք համատեղ կկայացնեն որոշում եւ որեւէ մեկին կընտրեն Երեւանի քաղաքապետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

09.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել