Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին նախագահների դատում ենք Սահմանադրությունը խախտելու համար, բայց մենք հիմա ունենք այդ իրավիճակը»

Օգոստոս 10,2018 13:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման հյուրերն են «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Էմին Երիցյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը:

Նելլի Գրիգորյան.- 2015-ի հունվարի 1-ից գործում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող ընկերությունները պետք է ազատվեին բոլոր հարկերից: Մասնավորապես, նախատեսվում է, որ սահմանամերձ գյուղական համայնքներում կազմակերպվող արտադրությունն ազատվելու է ԱԱՀ-ից, շահութահարկից, եկամտահարկից՝ եթե կազմակերպիչը իրավաբանական անձ է և անհատ ձեռնարկատեր: Նախատեսվում են արտոնություններ նաև առևտրային գործունեություն իրականացնող անձանց համար, մասնավորապես արտոնագրային հարկման ռեժիմից նրանք ևս կազատվեն: Միաժամանակ, վերը նշված համայնքների բնակիչները պետք է օգտվեին նաև տարբեր արտոնություններից, մասնավորապես, պետք է ազատվեին հողի հարկից և ոռոգման ջրի վարձից, նաեւ օգտագործած գազի ու էլեկտրաէներգիայի համար պետք է հիսուն տոկոսով վճարեին:

Ի՞նչ արդյունքներ կան, արդարացվեցի՞ն այս նախաձեռնությունից սպասելիքները:

Արթուր Սողոմոնյան.- Այս արտոնությունից օգտվում է 16 համայնք՝ 38 բնակավայրով: Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության օրենքի գործողությունը մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ն էր, նախարարության նախաձեռնությամբ ժամկետը եւս երեք տարով երկարաձգվեց: Յուրաքանչյուր տարի այդ նպատակի համար պետական բյուջեից հատկացվում է 928 միլիոն դրամ:

Ն. Գ.- Սոցիալական աջակցության մասով հասկանալի է, անհեթեթ կլիներ, եթե մարդիկ չօգտվեին այդ արտոնություններից: Իսկ գործարարությանն աջակցության մասով տվյալներ ունե՞նք, գործարարները ոգեւորվեցի՞ն տրված արտոնություններից:

Ա. Ս.– Փոքր եւ միջին գործարարությամբ զբաղվող ձեռնարկատերեր կան, եթե չեմ սխալվում՝ մինչեւ հարյուր ձեռնարկատերերի մասին է խոսքը, որոնք օգտվում էին հարկային արտոնություններից: Դրանց մեջ կան նաեւ խոշորներ: Օրինակ՝ «Տավուշ տեքստիլը», որը լուրջ ծավալներ ունի:

Ն. Գ.– Տեղի բնակիչնե՞ր են:

Ա. Ս.– Այո, ուղղակի արտերկրում բնակություն հաստատած մարդիկ: Օրինակ՝ «Տավուշ տեքստիլի» պարագայում այդ մարդիկ ՌԴ-ում էլ նույն բիզնեսն են ծավալում, բայց այնտեղ հիմնել են, աշխատողներն էլ տեղացիներն են:

Ն. Գ.– Սա ա՞յն արդյունքն էր, որ ակնկալվում էր, 100 մանր եւ միջին ձեռնարկությունները զարգացում ապահովելո՞ւ են տվյալ տարածաշրջաններում:

Ա. Ս.– Ոչ: Մենք ավելի ակտիվություն էինք ակնկալում: Գործում է նաեւ սահմանամերձ համայնքների խնդիրներով զբաղվող միջգերատեսչական խումբ, որի ուշադրության կենտրոնում են սահմանամերձ համայնքներին վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում՝ նաեւ հարկային արտոնությունների, տնտեսական զարգացման, պաշտպանական կառույցների ստեղծման եւ այլն: Կարծում եմ՝ այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն:

Ն. Գ.– Թվում էր, թե հարկային արտոնությունները մարդկանց պետք է շատ ոգեւորեին, եւ բոլորը գլխապտույտ արագությամբ պետք է վազեին գործարարությամբ զբաղվելու, ինչը, սակայն, չեղավ: Հարակից ի՞նչ պայմաններ էին պետք, որոնք չապահովվեցին:

Էմին Երիցյան.- Թվում էր, թե… բայց քաղաքականությունն այլ բան է, բիզնեսի տրամաբանությունը՝ այլ: Կոնկրետ «Տավուշ տեքստիլի» դեպքում ես կարծում եմ, որ այդ մարդը նաեւ հայրենասիրական մղումներից գործեց: Դա ես գիտեմ, որովհետեւ իմ ազգակիցն է: Նման գործիքները թվում է, թե հրապուրիչ են, բայց միջավայրը, խաղի կանոնները փոխող քաղաքականություն պետք է տարվի: Բիզնեսի տրամաբանությունը շահույթն է: Դրանից բացի, ԱԱՀ խնայելը գործոն է, բայց շատ կարեւոր է, որ արտադրական գործընթաց ես տանում որակյալ աշխատուժ: Մենք բոլոր համայնքներում ունենք միգրացիայի խնդիր, այսօր նույնիսկ որակյալ բանվորական ուժի խնդիր կա: Այս իմաստով սա այսօր քիչ հրապուրիչ է բիզնեսի համար: Նաեւ՝ շուկայի խնդիր կա, հումքի, եթե արտադրական է, կոմունիկացիաների: Միայն հարկային արտոնություններով չէ: Միայն նման գործիքներով փորձել խթանել Հայաստանում բիզնեսի ապակոնցենտրացիան, չեմ կարծում, որ շատ մեծ էֆեկտ կունենա:

Նաեւ, բացի Կոտայքի մարզից, մեր մյուս բոլոր համայնքները սահմանամերձ են: Այսինքն՝ տնտեսական զարգացման քաղաքականությունները պետք է դիտարկել տարածաշրջանային կտրվածքով: Եվ միայն միջավայրի տնտեսական զարգացման փոփոխությունները կարող են բերել բիզնեսի զարգացմանը: Տեղում մարդկանց համար պետք է շահեկան լինի բիզնեսով զբաղվելը, եւ երբ արտոնություններ ես տալիս, այդ ժամանակ տեղում ստեղծված բիզնեսն ավելի հաճույքով է գնում դրան:

Խնդիրը նաեւ հոգեբանության փոփոխությունն է: Հավանաբար սոցիալական-տնտեսական վիճակից է գալիս. կառավարությունը միշտ խնամակալության դիրքերից է հանդես գալիս` կենտրոնացված իր վրա է վերցնում պատասխանատվությունը, այնինչ պետք է թողնվի ավելի ապակենտրոնացված: Նախկին իշխանություններն էլ, նորն էլ խոսում են համայնքների տնտեսական աշխուժացման մասին: Համայնքները կարող են ազդել տնտեսական միջավայրի վրա, չնայած գործիքներ չունեն, բայց հիմնական շարժիչը տարածաշրջանները պետք է դառնան: Այսինքն՝ մենք խնդիր ունենք ինստիտուցիոնալ, քաղաքականությունների կտրուկ փոփոխության, որպեսզի տարածաշրջանները դառնան շարժիչներ: Օրինակ՝ Գերմանիայում դա Բավարիան է, Իսպանիայում՝ Կատալոնիան եւ այլն: Հաճախ լսում ենք «դոնոր» շրջաններ. եթե մեր մարզերն ունենան այդ ինստիտուցիոնալ հնարավորությունները, կառավարումն ամբողջությամբ փոխվի, կարող է տարածաշրջանային մակարդակում բավական ռեսուրս կուտակվել, որպեսզի քաղաքականությունները մշակվեն: Օրինակ՝ նույն Տավուշի մարզում զբոսաշրջության, գյուղատնտեսության պարագայում, եթե այդ շարժիչները չստեղծենք, չի աշխատի: Այսինքն՝ պետությունը չպետք է ամեն ինչով զբաղվի: Պետությունը պետք է միջավայրը ստեղծի: Կա նոր տեսլականի խնդիր:

Ա. Ս.– Նախարարությունը ձեւավորել է տնտեսական պատասխանատուների համակարգ, որը շարունակաբար կատարելագործում ենք, ե՛ւ մարզային, ե՛ւ խոշորացված համայնքներում ունենք տնտեսական ծրագրերի պատասխանատուներ, որոնք վերապատրաստվել են, եւ նրանց միջոցով համայնքները բարձր ինքնուրույնության մակարդակով որոշում եւ կառավարությանն են ներկայացնում սուբվենցիաների ծրագրերը: Առաջին փոխվարչապետի գլխավորությամբ գործող հանձնաժողովում այսօր 124 այդպիսի ծրագրեր արդեն իսկ հավանության են արժանացել: Կառավարությունը համաֆինանսավորել է այդ ծրագրերը:

Ն. Գ.– Եթե անհրաժեշտ ռազմավարական ծրագրերը կան, մասնագետների վերապատրաստումները պարբերաբար իրականացվում են, խնդիրը ո՞րն է, որ դրական տեղաշարժեր չենք ունենում:

Է. Ե.– Եղած քաղաքականության շրջանակներում նախարարությունը միշտ էլ գերակտիվ է եղել: Բայց կան արմատական փոփոխության խնդիրներ բոլոր ոլորտների քաղաքականություններում: Ես համամիտ չեմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններին լայն իշխանություն է տրված: Ընդհանուր հանրային ռեսուրսներում տեղական իշխանությունների մասնաբաժինն ութ տոկոս է: Այսինքն՝ բոլոր հարկերից գոյացող գումարի 92 տոկոսը ծախսում է կենտրոնական իշխանությունը: Բոլոր մարզպետարանների պահպանման ծախսերը համեմատական են, Երեւանից բացի, մնացած բոլոր համայնքների բյուջեներին: Տնտեսության վրա ազդեցության ոչ մի գործիք համայնքները չունեն: Համայնքը, որպեսզի շահագրգիռ լինի բիզնես-միջավայրի զարգացման համար, բիզնես հարկատեսակներից մասհանումներ պետք է ունենա: Դրանք վաղուց մեր օրենքում գրել ենք, բայց ոչ մի մասհանում չկա: Հյուրանոցային հարկի մասին. օրինակ՝ եթե տուրիզմը օրինակ ենք բերում որպես գերակայություն… երկար տարիներ մենք այդ լոբբինգը փորձում ենք անել: Նախարարությունն էլ, իմիջիայլոց, համամիտ է: Մեկ անգամ օրենքը գնաց ԱԺ, բայց հյուրանոցատերերի լոբբինգն ավելի ուժեղ էր… Նաեւ՝ ես կարծում եմ, որ շատ վատ էր կառավարության համակարգում նախարարության դերի նվազումը: Նախարարությունը համակարգող դեր պետք է ունենա, նախարարը պետք է լինի փոխվարչապետ, որովհետեւ սա այն ոլորտն է, որը սիներգիա պետք է ստեղծի:

Տեսեք, օրինակ՝ Ջերմուկը, Դիլիջանը կամ մյուս առողջարանային քաղաքները, որոնց բնակչությունն ամառային ամիսների ընթացքում ծառայություններ են մատուցում. քաղաքային բնակչությունը կրկնապատկվում է` աղբահանությունն է ավելանում, ավելորդ լուսավորություն եւ այլն: Հյուրանոցային հարկի պարագայում առաջանում է հետադարձ կապ տեղական բիզնեսի հետ: Տեղական իշխանությունը կարող է ստեղծել ֆոնդ, խթանել հյուրատներին շրջանառու ֆոնդերով եւ այլն: Հետազոտությունները արված են, նախարարության ծրագրերում էլ կա ամենը: Սա մի գործիք է` հարկերից մասհանումները, որը պետք է օգտագործվի: Բայց խորհրդային տարիներից եկող սինդրոմը կա, համայնքները «ռուչնոյ ուպրավլենիայի» տակ են: Համայնքներին պետք է ազատություն տալ: Տեղական իշխանությունը փոքր բիզնեսի նման է, պետք է շնչառություն տաս, որ ինքը սկսի ինչ-որ բան անել:

Ինչ վերաբերում է մարզային համաչափ զարգացմանը, մենք մարզպետների լրիվ նոր տեսլական եւ դերակատարություն պետք է ունենանք: Խոսքը միայն հայեցողության կամ քաղաքականության խնդիր չէ, սա նաեւ սահմանադրական պահանջ է: Ապրիլի 9-ից հետո մարզպետները տեղական կառավարողների, վերակացուների ֆունկցիա չպետք է ունենան: Նրանք պետք է միայն տարածքային կառավարմամբ զբաղվեն: Հիմա մենք ունենք Սահմանադրությանը չհամապատասխանող իրավիճակ: Որոշ մարդկանց, նախկին նախագահների հիմա դատում ենք Սահմանադրությունը խախտելու համար, բայց մենք հիմա ունենք այդ իրավիճակը:

Ինչ վերաբերում է սուբվենցիաների ծրագրին, փոքր համայնքը չի կարողանում մեծ փողեր դնել, ուստի ստացվում է, որ փոքր համայնքը փոքր փող է դնում եւ միայն փոքր ծրագրեր կարող է իրականացնել: Մարզպետներից մեկը համայնքապետին մեղադրում է` 20 տարի, որ գյուղապետ եք եղել, ինչո՞ւ մշակույթի տուն չունեք: Բախտը չի բերել, որ Սովետը չի կառուցել (կատակում է-Ն. Գ.): Բայց այս դեպքում էլ, համայնքի կողմից չեն կարող այնքան ռեսուրս դնել, որ նման շինարարական խնդիրներ լուծեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

09.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031