Չպետք է լինեն դեպքեր, որոնց արդյունքում փոքր ու միջին ձեռներեցները եզրակացնեն, թե իրավիճակը նույնն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հուլիսի 30-ին տեղի էր ունեցել տնտեսական մենաշնորհների վերաբերյալ խորհրդակցություն, որի ընթացքում նա հայտարարել էր, որ գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չպետք է ունենանք: Այդ օրը քննարկվել էր տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար եւ բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր:
«Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը ՀՀ-ում հայտնի է որպես մենաշնորհ, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ: Մեր տնտեսական քաղաքականությունը հետեւյալն է. մենք մտադիր ենք Հայաստանում հաստատել ներառող տնտեսական համակարգ: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ արձանագրում ենք իրողություն, ըստ որի՝ մինչեւ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Հայաստանում վարչական որոշումներով իրականացվել է որոշակի տնտեսական գործունեություն, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում էական չէ, եւ այդ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունները բաշխված են եղել սահմանափակ թվով մարդկանց միջեւ: Ներառող տնտեսական համակարգ ասելով մենք նկատի ենք ունենում այն, որ նախկինում այդ ոլորտներում ընդգրկված մարդիկ ոչ թե չպետք է այլեւս հնարավորություն ունենան տվյալ ոլորտներում ծավալելու գործունեություն, այլ հակառակը, գործունեության այն հատվածը, որոնք նրանց վերապահվել են իշխանական որոշումներով, պետք է, այսպես ասած, ազատականացվի եւ այդ մարդիկ նույնպես ու բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն՝ այդ ոլորտներում գործունեություն ծավալեն: Իհարկե, միանշանակ է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում այսպիսի իրավիճակ ստեղծելու համար քաղաքական որեւէ խոչընդոտ գոյություն չունի եւ քաղաքական խոչընդոտներն այլեւս վերացված են, ներառող համակարգ ունենալու բոլոր պայմանները ստեղծված են: Կարծում եմ՝ մենք ժամանակ առ ժամանակ պետք է իրավիճակը մոնիթորինգի ենթարկենք՝ հասկանալու համար, թե հանրության շրջանում որպես մենաշնորհված ոլորտներ հայտնի տիրույթներում ինչ է կատարվում, արդյոք այնտեղ դե ֆակտո իրավիճակի փոփոխություն ունենք, թե՝ ոչ, եւ եթե չունենք իրավիճակի փոփոխություն՝ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի իսկապես կարողանանք ապահովել իրական տնտեսական մրցակցություն, շուկաների հասանելիություն ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անդրադարձել է շաքարավազի, բենզինի եւ բանանի շուկաներում զարգացումներին: Մասնավորապես, նա զեկուցել է, որ մինչեւ վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են: Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում:
ՏՄՊՊՀ նախագահն անդրադառնալով բենզինի եւ դիզվառելիքի ոլորտին՝ տեղեկացրել է, որ այստեղ գործում են 3-4 խոշոր ընկերություններ եւ ներկա դրությամբ որեւէ արգելք չկա ու ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում: Ըստ Արտակ Շաբոյանի, այս ոլորտում շուկա մուտք գործող ընկերությունների համար հիմնական խնդիրը կապված է ենթակառուցվածքների հետ՝ բենզինն ու դիզվառելիքն իրացնելու առումով: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում առկա է նաեւ թերլցումների խնդիր, ինչն առաջացնում է մրցակցային անհավասար պայմաններ, խնդիրներ կան նաեւ դիզվառելիքի ստանդարտների հետ կապված: Գալով բանանի շուկային՝ ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ մինչեւ վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերության եւ նրան կապակցված ընկերություններին: Վերջին երկու ամիսների ընթացքում էապես ավելացել է նաեւ բանան ներմուծող ընկերությունների եւ ներմուծման խմբաքանակների թիվը: Արդյունքում՝ բանանի գինը մեր երկրում նվազել է առնվազն երկու անգամ:
Մենաշնորհների դեմ պայքարելու եւ ազատ մրցակցային պայմաններ ապահովելու ուղղությամբ կառավարության կողմից առանձին ոլորտներում հաջողություններ մատնանշելուց բացի, ժամանակն է, որպեսզի անցնել ընդհանուր համակարգային փոփոխությունների՝ բարեփոխումների իրագործմամբ, որը ոչ միայն կբացահայտի չարաշահումները, տույժ-տուգանքները կների, այլ՝ նման խնդիրների առաջացման պատճառներն առհասարակ:
Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք պետք է մենաշնորհներ եւ գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք, անկախ նրանից, թե ինչ գործիքով մենք դա կանենք: Մեր խնդիրն է, որ չլինեն շուկայի հասանելիության խնդիրներ ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո: Մենք հայտարարություն անելիս նախ պետք է ուսումնասիրենք՝ կարգավորումներն իրական կյանքում գործում են, թե՞ հայտարարությունները կրկին շարունակում են լինել մի հարթության մեջ, իսկ իրականությունը՝ մեկ այլ: Այստեղ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի եւ, ընդհանրապես, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը»:
Գաղտնիք չէ, թե փոքր ու միջին ձեռներեցները ինչ մեծ հույսեր են կապում նոր կառավարության հետ: Ամենագլխավոր խնդիրն այստեղ տարիներ շարունակ բարձրացված հարկային անտեղի ստուգումներն ու տուգանքներն են: Խնդիրները եղել են համատարած, ուստի փոքր ու միջին ձեռներեցները հույս ունեն, որ «կազատագրվեն»՝ հարկային վարչարարությունից եւ տեսուչների՝ կոռուպցիոն նպատակներով ստուգումներից: Դեռ այսօր էլ կան գործարարներ, որոնք վստահեցնում են, որ այս օրերին էլ հարկայինն անհիմն տուգանքներ են նշանակում, ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար խոշոր չափի տուգանքներ են կիրառվում:
Գործարար Էմիլ Մկրտչյանն, որը հագուստի մանրածախ վաճառքով է զբաղվում, օրինակ «Առավոտ»-ին ահազանգել էր հարկային տեսուչի կասկածելի վարքագծի մասին: «Վերջին շրջանում ես նկատեցի, որ հարկային տեսչության ներքին օղակներում ոչինչ չի փոխվել, հենց տեսուչների գործելաոճը չի փոխվել: Մենք Կենտրոնի հարկատու էինք, տեղափոխեցին Էրեբունի, հետո սկսեցին անընդհատ ինձ զանգել, անհանգստացնել՝ «արի մեր բաժին, խոսելու բան ունենք»: Ասում էի՝ մենք հարկայինի հետ խնդիր չունենք, բոլոր հարկերը վճարում եմ. ի՞նչ կա: Այնքան անհանգստացրին… Երբ գնացի տեսչություն, կոռեկտ չէին խոսում, փողոցային լեքսիկոնով էին խոսում, ասում էին՝ «դու հարկայինի հետ ընկերություն անող տղա ես, չէ՞»: Քաղաքավարի պատասխանեցի, որ ես օրինական դաշտում եմ աշխատում, ու հասկացա՝ խոսքը ինչի մասին է, ընդհատեցի նրանց»: Այսինքն՝ փորձում էին կաշառք ստանալ: «Այո, դե ասում էին՝ նախկինում հարկ չես տվել»,- ասել է Էմիլ Մկրտչյանը:
Պետք է բացառվեն նման դեպքերը, որոնք հիմքեր չեն տա կասկածելու, որ ՊԵԿ-ը պաշտպանում է խոշորին, իսկ միջին ու փոքր բիզնեսը դարձյալ ճնշվում է ու հաճախ անպաշտպան է: Չպետք է լինեն դեպքեր, որոնց արդյունքում փոքր ու միջին ձեռներեցները գան եզրահանգումների, թե իրավիճակը նույնն է եւ թավշյա հեղափոխությունից հետո էլ արատավոր սովորությունները նույնությամբ պահպանվել են:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 09.08.2018