Հայաստանում «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության ներկայացուցչության համար «պատերազմ է» ընթանում Մեծ Բրիտանիայի եւ ՀՀ քաղաքացիների միջեւ, որոնք մի ժամանակ գործընկերներ են եղել:
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սոնյա Վիսլոն Մաք-Լեոդը «Ֆլայ Դուբայ» ընկերության ներկայացուցիչն էր, լիազորված էր համապատասխան անձանց հետ բանակցություններ վարելու:
2010 թվականին Սոնյան Վաչագան Սարկիսյանի եւ Դիանա Ալեքսանյանի հետ հիմնադրում է «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ընկերությունը, որն էլ հանդիսանում էր «Ֆլայ Դուբայի» ներկայացուցչությունը: Ըստ Սոնյայի փաստաբանի՝ «Ֆլայ Դուբայի» ներկայացուցչությունը Հայաստան է բերել հենց Սոնյա Մաք-Լեոդը: Ընկերությունը հիմնադրվել է Սոնյայի 40% բաժնեմասով եւ 30-ական տոկոս Վաչագան Սարկիսյանի եւ Դիանա Ալեքսանյանի մասնակցությամբ: Սոնյան, ըստ նրա փաստաբանի, համաձայն չէր, որ ընկերությունում 3-րդ անձը բաժնեմաս ունենա, սակայն գործընկերն էր համոզել:
2013-ին Դիանա Ալեքսանյանն ընկերության իր բաժնեմասը վաճառել է, 20%-ը՝ Վաչագան Սարկիսյանին, Սոնյա Մաք-Լեոդին՝ 10%-ը: Այս առուվաճառքի գործարքից հետո Սոնյան եւ Վաչագանը դառնում են հավասար չափով բաժնետերեր՝ 50/50: Սակայն բաժնետոմսերի վաճառքը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ: Այս կարծիքին է Սոնյա Մաքլոդի փաստաբան Նարինե Բեգլարյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետերերի սեփականատերերի համաձայնությունը գրավոր չեն կնքել, իրենք ունեցել են բանավոր պայմանավորվածություն, որ Սոնյան լինելու է առավելագույն բաժնեմասով սեփականատերը: Այնուհետեւ, երբ սկսվել էր «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ»-ի բաժնեմասի վաճառքի գործընթացը, ինչպես վստահեցնում է փաստաբանը, Սոնյային հնարավորություն չեն տվել օգտվելու իր նախապատվության իրավունքից՝ որպես 40%-ի սեփականատեր. «Դա՝ ՍՊԸ-ների մասին օրենքով է եւ ընկերության կանոնադրությամբ: Թեեւ Սոնյան եւ Վաչագանը իրացրել են իրավունքը, սակայն Սոնյան չի եղել տեղեկացված, որ որպես 40%-ի սեփականատեր՝ ինքն իրավունք ունի համապատասխան հարաբերակցությամբ ձեռք բերելու Դիանայի բաժնեմասը: Քանի որ 40%-ի սեփականատերն ինքն էր, իրավունք ուներ ավելի շատ բաժնետոմսերի գնման նախապատվության, քան Վաչագանը»: Նարինե Բեգլարյանն ասում է՝ Սոնյան օրենքը չի իմացել, եւ նրան չեն էլ բացատրել, նախապատվության ծանուցում չեն ուղարկել, ինչը պարտավոր էին անել օրենքով, եւ Սոնյան նախապատվության իրավունքի իրացման շրջանակներում դեռեւս 2013-ին չի ասել, որ հրաժարվում է իր հասանելիք այդ մեծ մասից եւ համաձայնում է, որ Վաչագանը լինի 50% բաժնետեր. «Արդյունքում կնքվել են պայմանագրեր, որ նախապատվության իրավունքի չիրացման ադյունքում նրանք դարձել են «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ընկերության 50/50%-ի բաժնետերեր: Այստեղ առաջացել է առաջին վեճը, երբ Սոնյան պարզել է, որ ինքն ավելի մեծ բաժին ունենալու իրավունք ունի»:
Հիմա դատական գործընթաց է գնում. Սոնյա Մաք-Լեոդը դատարան հայց է ներկայացրել դեռեւս 2013-ին՝ Վաչագան Սարկիսյանի եւ Դիանա Ալեքսանյանի միջեւ կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցի հիմքում այն փաստն է, որ պայմանագիրը կնքվել է մասնակցի բաժնեմասի գնման նախապատվության իրավունքի խախտումով: Սակայն միայն սրանով բիզնես-պատերազմը չի սահմանափակվում: Գործընկերների միջեւ սկսվում է անվստահությունը:
Մինչ «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ»-ի բաժնետոմսերի «վերաբաշխումը»՝ Սոնյա Մաք-Լեոդը եւ իր գործընկեր Վաչագան Սարկիսյանը 2013-ին հիմնադրել էին եւս մեկ ընկերություն ՝ «Էմիրեյթս Էյէմ» ՍՊԸ-ն՝ յուրաքանչյուրը 50% բաժնեմասնությամբ: Այս ընկերությունը նույնպես զբաղվել է ավիատոմսերի վաճառքով, սակայն ավելի փոքր շահույթով էր աշխատում:
Արտադատական բանակցությունների ընթացքում 2014-ին կողմերը որոշում են կայացնում, եւ Վաչագան Սարկիսյանը «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ»-ի իր բաժնեմասի 7%-ը վաճառում է Սոնյային, եւ վերջինս դառնում է ընկերության 57%-ի բաժնետեր: Բայց խնդիրը չի լուծվում, նրանք ընկերության շահույթի բաշխման շուրջ անհամաձայնություն են ունենում: Միմյանց հանդեպ վստահությունը կորցրած Սոնյան եւ Վաչագանը որոշում են գործընկերային կապերը վերջնական խզել, եւ քանի որ Սոնյան Հայաստանում չէր, նամակագրության միջոցով կողմերը պայմանավորվում են՝ Վաչագան Սարկիսյանը «Էմիրեյթս Էյէմ»-ի իր 50% բաժնեմասը վաճառում է Սոնյա Մաք-Լեոդին, իսկ «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ»-ի գործունեությունը դադարեցվում է: Այս համաձայնության շուրջ բանակցություններում միջնորդը իրավաբան Սարգիս Գրիգորյանն էր, որը Վաչագանին էր փոխանցում Սոնյայի առաջարկները:
Սակայն, ինչպես Սոնյան է ներկայացրել իր փաստաբաններին, վերջիններս էլ՝ «Առավոտին», Գրիգորյանի միջնորդությամբ բանակցությունների արդյունքում կնքված պայմանագրի համաձայն՝ Վաչագան Սարկիսյանն «Էմիրյեյթս Էյէմ»-ում ունեցած իր 50% բաժնեմասը վաճառում է Սոնյա Մաք-Լեոդին, փոխարենը վերցնում Սոնյայի՝ «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ»-ի 57% բաժնեմասը:
Սոնյան հետագայում իրավապահներին պատմել է՝ չի իմացել, որ ստորագրում է մի պայմանագիր, որը ոչ թե «Թրասթ Թրավելի» լուծարման մասին է, այլ իր 57%-ի փոխանցման: Սոյնան պատմել է, որ իրեն ներկայացրած փաստաթղթերը հայերեն էին, իսկ ինքը չի տիրապետում հայերեն լեզվին, բայց ստորագրել է փաստաթղթերը:
«Առավոտ»-ի հարցին՝ առանց պայմանագրի բովանդակությունը հասկանալու, ինչո՞ւ է գործարար Սոնյա Մաք-Լեոդը այն ստորագրել, եւ ինչո՞ւ չի պահանջել անգլերեն տարբերակը, փաստաբան Նարինե Բեգլարյանը պատասխանեց. «Սոնյան վստահել է իր իրավաբանին: Սոնյան ասել է, որ կյանքում ունի սկզբունք՝ վստահել գործընկերոջդ, բժշկիդ եւ փաստաբանիդ, ուստի ստորագրել է իրավաբան Սարգիս Գրիգորյանի առաջարկած փաստաթղթերը՝ արդյունքում իր 57%-ը չիմանալով փոխանցել է Վաչագանին»:
Բայց մինչ այս Վաչագանը իր անունով մեկ այլ ընկերություն էր հիմնել եւ ստացել «Ֆլայ Դուբայի» լիցենզիան, այս մասին Սոնյային տեղյակ չի պահել, սա է պատճառը, ինչպես վստահեցնում է Սոնյան, որ Վաչագանը այդպես հեշտ իրեն է փոխանցել «Էմիրյեյթս Էյէմ»-ի իր 50%-ը:
Երբ 2013-ին Սոնյան հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Վաչագան Սարկիսյանի եւ Դիանա Ալեքսանյանի՝ բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով, վեճը հաշտությամբ լուծելու համար բանակցություններ են ընթացել արտադատարանական կարգով: Հաշտության գործընթացին զուգահեռ, ինչպես Սոնյան է վստահեցրել իր փաստաբաններին, ընթացել են «կորպորատիվ պատերազմներ»: Սոնյայի պատմելով՝ 2014-ի ապրիլի 1-ին Վաչագան Սարկիսյանը «Ֆլայ Դուբայի» կոմերցիոն տնօրենի տեղակալին նամակ է գրել, որով վարկաբեկել է Սոնյա Մաք-Լեոդի գործարար համբավը, նրա՝ ընկերություն ղեկավարելու հմտությունները, ներկայացրել նրան որպես հոգեկան խնդիրներ ունեցող: Նույն թվականի ապրիլի 27-ին «Ֆլայ Դուբայ» ընկերության կոմերցիոն տնօրենի տեղակալը էլեկտրոնային նամակով տեղեկացրել է Վաչագան Սարկիսյանին եւ Սոնյա Մաք-Լեոդին, որ 2014-ի մայիսի 27-ից լուծվելու է «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ»-ի եւ «Ֆլայ Դուբայ»-ի միջեւ կնքված ներկայացուցչության պայմանագիրը, քանի որ «Ֆլայ Դուբայը» մտադիր է ներկացուցչությունը պատվիրակել այլ ընկերության: Հետագայում պարզվել է, որ այդ ընկերությունը Վաչագան Սարկիսյանի կողմից հիմնված «Ֆլայ Էքսպրես» ընկերությունն է, որի հետ «Ֆլայ Դուբայ»-ը պայմանագիր է կնքել:
Մեզ հետ զրույցում Սոնյայի փաստաբանն ասում է՝ Մաք-Լեոդը, ստորագրելով փաստաթղթերը 2014-ի դեկտեմբերին, վստահ էր, որ դրանք արտահայտում են իր կամքը, որը եղել է «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊԸ-ի լուծարումը եւ լուծարման արդյունքում ընկերության չբաշխված շահույթի ստացումը, ինչպես նաեւ գույքի փոխանցումը դրա մասնակիցներին: Փաստաբան Բեգլարյանն ասում է. «Սոնյան փաստում է, որ միայն վերջին էջում է առկա իր ստորագրությունը, մնացած բոլոր էջերում առկա է միայն Վաչագանի ստորագրությունը: Իր ստորագրության առկայությունը բացատրում է նրանով, որ այդ փաստաթղթի վերջին էջը իրեն ներկայացրել է Գրիգորյանը՝ որպես դատարան ուղարկվելիք հերթական փաստաթուղթ: Այդ ընթացքում իր եւ Վաչագանի միջեւ առկա էր դատական վեճ, այլեւս չէր վստահում Վաչագանին եւ չէր ուզում, որպեսզի վերջինս լինի ընկերության տնօրենը: Իրեն Սարգիս Գրիգորյանը ասել էր, որ այդ հարցով դիմում է դատարան եւ դրա համար փաստաթղթեր է ներկայացնում, ինքն էլ իր հերթին, հայերենին չտիրապետելու պատճառով, չհասկանալով՝ ինչ է գրված փաստաթղթում՝ ստորագրել է այն»: Փաստաբանը պնդում է. «Սոնյա Մաք-Լեոդը 24.12.2014-ի բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը ստորագրելիս եղել է գործարքի բնույթի վերաբերյալ էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ: Սոնյա Մաք-Լեոդի համոզմամբ՝ իր ստորագրված փաստաթղթերը պետք է հանգեցնեին ընկերության լուծարմանը, այնինչ հանգեցրել են իր բաժնեմասի նկատմամբ իրավունքների փոխանցմանը: Վաչագան Սարկիսյանի գործողությունների արդյունքում «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ընկերությունը զրկվել է «Ֆլայ Դուբայ» ընկերության հետ համագործակցության հնարավորությունից՝ այդ կերպ զրկվելով իր հիմնական ֆինանսական շրջանառությունից, ստացվող շահույթից, եւ կրել էական վնաս: Մաք-Լեոդն էլ իր հերթին իր հետ Հայաստան բերելով ոչ նյութական արժեք, այն է՝ լիցենզիան, պաշտոնապես ներկայացնելու, «Ֆլայ Դուբայ»-ը Հայաստանում զրկվում է ոչ նյութական արժեքից, կորցնում է իր ունեցած 57% բաժնեմասը ընկերությունում՝ կրելով էական վնաս»:
Այժմ «Ֆլայ Դուբայ»-ի լիցենզիան Սարկիսյանի ընկերությանն է:
Սարգիս Գրիգորյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հերքում է, որ Սոնյան տեղյակ չի եղել պայմանագրի բովանդակությանը: Գրիգորյանն ասում է. «Սոնյան ամեն փաստաթուղթ չի ստորագրել առանց կարդալու եւ ծանոթանալու: Բոլոր փաստաթղթերը համաձայնեցրել է իր ընկերոջ հետ, որը հայ է, ու երբեւիցե իմ գրասենյակում փաստաթուղթ չի ստորագրել: Ամենակարեւորը՝ այն փաթեթը, որը ստորագրել է եւ պնդում է, թե ծանոթ չի եղել, դա 2 ընկերության գործարք է եղել, այսինքն՝ «Թրասթ Թրավել»-ը եւ «Էմիերեյթս Էյէմ»-ը: Նա նշում է, որ մի փաստաթուղթը չիմանալով ստորագրել է, մյուսը ստորագրել է եւ խնդիր չի տեսնում, քանի որ դարձել է դրա 100% բաժնետերը: Այս պայմանագրերը նույն տիպային փաստաթղթերն են, դժվար չէր հասկանալ, որ դա պայմանագիր է: Այս գործարքը եղել է «կոմպլեքսային»: Գրիգորյանն ասաց, որ հիմա զրպարտանքի համար դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սոնյայի:
Իսկ Սոնյայի երբեմնի գործընկեր Վաչագան Սարկիսյանն էլ այս առնչությամբ վստահեցնում է. «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ»-ի 57% բաժնեմասը ձեռք է բերել Սոնյա Մաք-Լեոդից փոխադարձ համաձայնությամբ՝ առանց որեւէ խաբեության եւ մոլորության»: Ինչ վերաբերում է ընկերության 3-րդ բաժնետիրոջ 30% բաժնեմասը ձեռք բերելուն, ապա Սարկիսյանն ասում է. «Իմ եւ Սոնյայի միջեւ եղել են քննարկումներ, եւ մենք որոշել ենք դառնալ հավասար 50/50 բաժնետերեր «Թրասթ Թրավելում»: Բաշխման այս ձեւաչափը պայմանավորված է եղել նաեւ նրանով, որ մեր հիմնած «Էմիրեյթս ԷյԷմ»-ում փոխադարձ համաձայնությամբ հանդիսանում էինք 50/50 բաժնետերեր: Եվ այդ իրավիճակում տրամաբանական է, որ մենք 2 ընկերություններում էլ ունեինք հավասար բաժնեմասեր: 3-րդ բաժնետիրոջից 30% բաժնեմասի ձեռք բերումը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգով՝ առանց որեւէ պարտավորեցման եւ ճնշումների: Սոնյան նախապես համաձայնել է այն ձեւաչափին, որ 3-րդ բաժնետիրոջ բաժնեմասի վաճառքից հետո մենք պետք է դառնայինք հավասար բաժնետերեր»:
Սարկիսյանը պատմում է՝ որոշ ժամանակ անց Սոնյան առարկել է այդ որոշմանը՝ պնդելով, որ վերջինս նախապատվության իրավունքով պետք է ավելի մեծ բաժնեմաս գնի, չնայած որ նախապես համաձայնություն է եղել Դ. Ալեքսանյանի բաժնեմասի 20%-ն իրեն օտարելու մասին. «Հասկանալով, որ Սոնյայի հետ հետագա համագործակցությունը լի է լինելու կոնֆլիկտներով, ես համաձայնեցի զիջել եւ իմ 7% բաժնեմասը վաճառել Սոնյային»:
Սարկիսյանը պնդում է՝ բանակցությունների ողջ ընթացքը վարվել է թե՛ բանավոր, թե՛ գրավոր անգլերեն լեզվով, եւ Սոնյան օգտվում էր իրավաբանի ծառայությունից. «Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ եղել են հանդիպումներ, քննարկումներ, փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները փոխանակվել են կողմերի միջեւ ուսումնասիրման եւ խմբագրման համար: Փաստաթղթերի եւ տեքստերի երկկողմանի համաձայնությունից հետո միմիայն դրանք ստորագրվել են մեր կողմից: «Թրասթ Թրավելում» Սոնյայի բաժնեմասի առուվաճառքի պայմանագրին նախորդած բաժնետերերի ժողովում Սոնյան իր համաձայնությունը տվել է»:
Սարկիսյանը վստահեցնում է՝ երբեք չենք մերժել որեւէ փաստաթուղթ տրամադրել ուսումնասիրության համար. «Սոնյան երբեք չի առարկել պայմանագրերը ստորագրել հայերենով: 2 ընկերությունների առուվճառքի պայմանագրերի բովանդակությունն ու կազմվածքը լիովին նման են եղել: Սակայն Սոնյան երբեւիցե չի վիճարկել, որ «Էմիրեյթս ԷյԷմ» ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը կնքել է մոլորության ազդեցության ներքո՝ կարծելով, թե ստորագրում է ընկերության լուծարային փաստաթղթերը։ Հետեւաբար, փաստելով, որ Սոնյան ստորագրել է միանման 2 փաստաթուղթ, որոնք բովանդակությամբ եւ կազմվածքով լիովին նույնանման են, Սոնյան գիտակցել է, որ ստորագրել է «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ»-ի բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը»։
Սարկիսյանի ներկայացմամբ՝ 2014-ին մենք փորձում էինք խնդիրները լուծել քննարկումների միջոցով, իմացել է, որ Սոնյան 25.03.2014թ. պաշտոնական նամակ է ուղարկել «Ֆլայ Դուբայ». «Այդ ժամանակ Սոնյան անհիմն մեղադրում է ինձ հանցագործությունների մեջ՝ ներկայացնելով իրեն իբրեւ ընկերության տնօրեն, հայտնում է կեղծ տեղեկություններ: Նույն նամակում Սոնյան հայտնում է ավիաընկերությանը, որ հրաժարվում է ինձ հետ համատեղ հետագա աշխատանքից եւ առաջարկում է իր կողմից հիմնած ընկերությունով միանձնյա դառնալ ավիաընկերության ներկայացուցիչը Հայաստանում: Հասկացա, որ այլեւս համատեղ աշխատանքի ոչ մի հույս չկա, ստիպված դիմել եմ ավիաընկերությանը, որ դիտարկեն նաեւ իմ թեկնածությունը որպես ավիաընկերության հնարավոր ներկայացուցիչ ՀՀ-ում»:
Վաչագան Սարկիսյանը վստահեցնում է՝ «Ֆլայ Դուբայ»-ը «Թրասթ Թրավելի» հետ իր համագործակցության դադարեցման մասին պաշտոնապես տեղեկացրել է ե՛ւ Վաչագանին, ե՛ւ Սոնյային. «Այդ ընթացքում ցանկացողները կարող էին դիմել Ա/Ը եւ մասնակցել մրցույթին: Այդ հնարավորությունից է օգտվել նաեւ Սոնյան՝ ՀՀ-ում ներկայացուցիչ դառնալու համար հանդիպել է Ա/Ը գլխավոր տնօրենին»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
09.08.2018