Մանկապարտեզներին մատակարարվող մսի գործով
Ներկայացվող դատական պատմությունն այն մասին է, թե ինչպես փորձագետների եզրակացությունները, եզրակացության հիմքերը, ուր չեն բացառվում առեւեւույթ կոռուպցիոն ռիսկերը, կարող են դառնալ գործադիրի համար հիմք, երբեմն ծանր հետեւանքներ թողնելով առերեւույթ մեղավորի գործունեության մեջ:
Աբովյան համայնքի մանկապարտեզների 2017թ. կարիքների համար սննդամթերքի ձեռք բերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում մի շարք չափաբաժիններով հաղթող-մասնակից էր ճանաչվել «Դեագա» ՍՊ ընկերությունը, որի հետ կնքվել են թվով 9 սննդամթերքի մատակարարման գնման պայմանագրեր:
Ընկերությունը յուրաքանչյուր շաբաթ գնորդին մատակարարել է թիվ 31 և 32 չափաբաժինները՝ տավարի միս՝ տեղական ոսկրոտ և տավարի միս՝ տեղական փափուկ:
«Որևէ անգամ ապրանքն ընդունող տնտեսվարի կամ մեկ այլ անձի կողմից բողոք պահանջ չի ներկայացվել ապրանքի որակի կամ քանակի վերաբերյալ , ընդհակառակը վերջիններն ապրանքը ստանալուց հետո, «Դեագա» ՍՊԸ-ի կողմից կազմված ՝«հարցում մեր կատարած ապրանքի վերաբերյալ» փաստաթղթի տակ, իրենց անուն-ազգանուններով, ստորագրությամբ՝ թե ապրանքի որակի և թե մատակարարման որակի վերաբերյալ, տվել են դրական գնահատականներ:
Թիվ 2 և 3 մանկապարտեզների կողմից անկանխիկ եղանակով փոխանցման միջոցով, վճարվել է ապրանքի գինը, կողմերի միջև կազմված հանձնման-ընդունման ակտին համապատասխան»,-դատական գործընթացից հետո «Առավոտին» տեղեկացրել էր հայցվոր՝ «Դեագա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ փաստաբան Արմինե Ղասաբողլյանը: Փաստաբանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վ.Գևորգյանի 2017թ. մարտի 9-ի թիվ Ե-519 ակտը ՝գրությունը, և պարտավորեցնել կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները: Իրողությունն այն էր, որ առանց ընկերության գիտության 2017թ. փետրվարի 21-ին փորձաքննության են ուղարկվել իբրև «Դեագա» ՍՊԸ-ի կողմից մատակարարվող մսի՝ Աբովյանի թիվ 2 և 3 մանկապարտեզներից վերցված նմուշները: 2017թ. փետրվարի 22-ի թիվ 465 անասնաբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «մսի N2 նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը, մսի N3 նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը պիտանի չէ օգտագործման համար»:
Հայցվոր ընկերությունն անասնաբուժական փորձաքննություն նշանակելու մասին տեղեկացել է օրեր հետո՝ փետրվարի 28-ի ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հ. Ե-459 գրությունից: Ըստ էության, հայցվորի գնահատմամբ՝ «դիտավորյալ ընկերությանը զրկել էին փորձաքննությանը մասնակցելու և դիրքորոշում հայտնելու հնարավորությունից»:
Հայցվոր կողմը դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ փորձաքննությունը կատարվել է ոչ թե ապրանքը մատակարարելու օրը, այլ մեկ օր հետո, միսն էլ դիտավորյալ դրվել է արեւի տակ:«Երբ անհայտ է թե այդ մեկ օրվա ընթացքում միսն ի՞նչ պայմաններում է պահվել, ինչպիսի ջերմային ռեժիմ է ապահովվել, չի բացառվում, որ դիտավորյալ միսը դրվել է արևի տակ, արդյունքում այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի: Նկատի ունենալով, որ եթե մատակարարված օրը միսն ունենար այնպիսի տեսակային հատկանիշներ ինչպիսին հիշատակվում է փորձաքննության եզրակացության մեջ, բնական է, որ տնտեսվարներն այն չէին ընդունի, առավել ևս համապատասխան փաստաթղթի տակ չէին նշի լավ տարբերակը և չէին ստորագրի, իսկ մանկապարտեզներն էլ դրա դիմաց վճարում չէին կատարի»,-առարկել էր փաստաբան-ներկայացուցիչը՝ Արմինե Ղասաբողլյանը: Փորձագետները նաեւ չեն նախազգուշացվել կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հետևաբար, կողմի գնահատմամբ, եզրակացությունը որպես այդպիսին կասկածահարույց է: «Եթե փորձաքննության է ուղարկվել միայն տավարի փափուկ միսը, քաղաքապետարանն ի՞նչ իրավունքով է լուծել պայմանագրի թիվ 31 չափաբաժինը՝ տավարի ոսկրոտ մսի մատակարարումը»,-հարցնում էր ընկերության ներկայացուցիչը:
Պատասխանող կողմը՝ Աբովյանի քաղաքապետարանը լուծել է պայմանագրով նախատեսված չափաբաժինները, միաժամանակ, գրությամբ, ընկերությանը տեղեկացրել, որ հայցվորը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո 5 բանկային օրվա ընթացքում Աբովյանի թվով 9 մանկապարտեզների հաշվեհամարներին փոխանցել ընդհանուրը՝ 1.177.410 ՀՀ դրամ տուժանք, որպես պայմանագրերի կատարման ապահովումների թիվ 31 և 32 չափաբաժիններով չմատակարարված ապրանքի ընդհանուր գումարի 10 տոկոսը: Իսկ այս գործով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն էլ հայտնել էր, որ պայմանագրի լրիվ կամ մասնակի լուծելու դեպքում «Դեագա» ՍՊԸ-ից որպես տուժանք գանձվող գումարի չափը պետք է կազմի ոչ թե լուծված պայմանագրի տվյալ չափաբաժնի 10 տոկոսը, այլ՝ պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը:
Հետեւել էր ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կողմից հրավիրված նիստը, որի արձանագրությունը ներկայացվել էր դատարան: Այդ արձանագրության համաձայն « Թիվ 2 և 3 մանկապարտեզների ներկայացուցիչներն իրենց ելույթով հաստատեցին, որ ապրանքն ընդունելիս այն բացել և հանել են պոլիէթիլենային տոպրակից, միսը եղել է անհոտ, գույնը եղել է լավ, յուղայնությունը նորմալ, միսը չի եղել չորացած, տեսքը եղել է լավ: Ապրանքն ընդունելուց հետո այն մշակել են և դրել սառնարանը սառեցման համար: Մսի մշակման ընթացքում որևէ արտասովոր բան չեն նկատել»:
Ապրանքի հետ հանձնվել է նաեւ բժշկի տեղեկանքը, այն մասին, որ միսը եղել է թարմ:
Եւ դա միակ մանկապարտեզը չէր: Թիվ 3 մանկապարտեզի ներկայացուցիչն իր հերթին փաստել է, որ նշյալ օրը ընկերությունը մատակարարել է 7 կգ միս: Մանկապարտեզը բացի փետրվարի 20-ի օրը մատակարարված մսից, ունեցել է նաև նախորդ շաբաթվա մատակարարված մսից ՝ 3 կգ: Ի դեպ, չի բացառվում, հենց այս 3 կգ.միսն էլ խառնած լինեին թարմին:
Հայցվորի կողմից բարձրաձայնվել էր հետեւյալ հարցը. «Փորձաքննության ուղարկված միսը եղե՞լ է ընկերության կողմից մատակարարված թարմ միսը, թե՞ մանկապարտեզում նախկինում գոյացած միսը: Նկատի ունենալով որ ընկերությանը մասնակից չեն դարձրել փորձաքննության կատարմանը, ինչպես նաև նմուշ վերցնելու ընթացքին, ուստի հայցվորը հիմնավոր կասկած ունի առ այն, որ փորձաքննության է ուղարկվել ոչ թե մատակարարի կողմից մատակարարված թարմ միսը, այլ անհայտ ծագմամբ միս, որը չգիտես թե որքան ժամանակ է պահվել և ինչ պայմաններում: Անժխտելի փաստ է, որ եթե ընկերության կողմից մատակարարվեր անորակ միս, մանկապարտեզի տնօրենները այն չէին ընդունի, առավել ևս դրա դիմաց վճարում չէին կատարի, հանձնման-ընդունման արձանագրություն չէին կազմի»: Խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2017թ. նոյեմբերի 29-ի թիվ 453 գրության համաձայն՝ 20.02.2017թ.-ի թիվ 020173 անասնաբուժական վկայականով «Դեագա» ՍՊԸ-ի կողմից մատակարարված տավարի մսի որակի վերաբերյալ որևէ դժգոհություն չունեն: Մատակարարված տավարի միսը համապատասխանել է պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 24-ին «Դեագա» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Աբովյան համայնքի` Աբովյան համայնքի ղեկավարի 09.03.2017 թվականի թիվ Ե-519 ակտը անվավեր ճանաչելու և ընկերության հաշվից կատարված 4.137.503 ՀՀ դրամ գումարի չափով պահումը վերադարձնելու պահանջի մասին, բավարարել է, Աբովյան համայնքի ղեկավարի 09.03.2017 թվականի թիվ Ե-519 ակտը (գրությունը) ճանաչել է անվավեր:
Աբովյան համայնքից հօգուտ «Դեագա» ՍՊ ընկերության կբռնագանձվի 8.000 դրամ՝ որպես վճարված պետական տուրքի գումար:
Աբովյան համայնքից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի նաեւ 82.750 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար: Դատավոր Տ.Փոլադյանի վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
09.08.2018