ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ երեսուներորդ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվ ահա՝ մեր մտավորական երեւելիներից ամենատեսարժանն ինձ հրամայելով խնդրում ու խնդրելով հրամայում էր, որ Մուշեղ Գալշոյանի ու Ֆրունզիկի հետ կապված էդ պատմությունն իրենց համար պատմեմ, եւ ես պատմեցի, եւ չէի կարող չպատմել, որովհետեւ արդեն խոստացել էի, եւ չնայած Ֆրունզիկն ինձ մի քանի անգամ աչքովունքով հասկացրել էր, որ չպատմեմ, բայց Խորեն Աբրահամյանն ինձ հրամայելով խնդրում ու խնդրելով հրամայում էր, որ պատմեմ, եւ մյուս երեւելիների հայացքներից զգացվում էր, որ իրենք էլ ցանկություն ունեն Գալշոյանի ու Ֆրունզիկի հետ կապված էդ պատմությունն ինձանից լսել, եւ քանի որ էդ պատմության մասին էսքան շատ խոսեցի, հիմա արդեն համոզված եմ, որ ձեր մեջ էլ ցանկություն առաջացավ էդ պատմությունն ինձանից լսել, եւ այն, ինչ էդ գիշեր պատմեցի իրենց համար, հիմա ձեզ համար էլ կպատմեմ, ու նաեւ հիշում եմ, որ երբ իրենց համար Գալշոյանի՝ Ֆրունզիկի հետ կապված էդ պատմությունը պատմեցի, արդեն լուսադեմ էր, եւ արեւի առաջին ճառագայթներն աջից ու ձախից ու բոլոր կողմերից լցվում էին Մոսկվայի «Ուկրաինա» հյուրանոցի Հրանտ Մաթեւոսյանին հատկացված լյուքսից ներս, եւ երբ նոր-նոր էի սկսում Գալշոյանի էդ պատմությունը, Ֆրունզիկն ամոթխած ժպտալով ինձ ասաց՝ «Արմեն ջան, ինձ խայտառակ չանես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «էդ պատմությունը ոնց էլ պատմեմ, չեմ կարա ձեզ խայտառակ անեմ», եւ Հրանտ Մաթեւոսյանն ասաց՝ «ես էլ եմ էդ ասում», եւ Խորեն Աբրահամյանը թարս նայեց Ֆրունզիկին ու ասաց՝ «խանգարում ես, Ֆրունզ», եւ Ֆրունզիկը ժպտալով Խորիկին ասաց՝ «էնքան ասեցիր, որ ինձ էլ սկսեց էդ պատմությունը հետաքրքրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «շատ հետաքրքիր ա՝ Արմենն էդ պատմությունն ինչ ձեւով կպատմի» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ես Արմենի ոճին հեչ ծանոթ չեմ», եւ Հրանտ Մաթեւոսյանը փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «հիմա կծանոթանաս», եւ նախքան էդ պատմությունը սկսելս պիտի ձեզ տեղեկացնեմ, որ Հրանտ Մաթեւոսյանն իմ պատմելը շատ էր հավանում, եւ երբ որեւէ ծիծաղաշարժ պատմություն էի պատմում պրծնում, Հրանտն ինձ թախանձագին խնդրում էր՝ «էն Սարոյանինն էլ պատմի», եւ, չնայած դրան, շատ էր նեղսրտում, երբ իրենց Ահնիձորի հետ կապված Արիսի ու Գագոյի պատմությունն էի պատմում, եւ երբ ներկաներն սկսում էին հռհռալ էդ պատմության վրա, Հրանտը ներկաներին ասում էր՝ «էս պատմությունն Արմենչոյի ամենաանհետաքրքիր պատմությունն ա», եւ երբ մի անգամ Հրանտն իր էդ կարծիքն արտահայտեց, Ամարյան Վազգենը փռթկացնելով Հրանտին ասաց՝ «ես ճիշտ հակառակ կարծիքին եմ», եւ Հրանտը թարս նայեց Վազգենին, մի քիչ մտածեց ու փռթկացնելով Վազգենին ասաց՝ «հաստատ քո «Դեղձի կորիզին» չի հասնի»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: