Ինչպես տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նիստի օրակարգի հարցերից մեկը ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի զեկույցն էր համալսարանում տիրող իրավիճակի մասին։ Նա բավական մանրամասն ներկայացրեց բուհի խնդիրները, անդրադարձավ ֆինանսական վիճակին, ուսանողների թվաքանակի նվազմանը․ այս տարի ընդունվել են 134 ուսանող, նախորդ տարվա հետ համեմատ 199-ով պակաս․ պետպատվերի շրջանակներում ընդունվել են 47-ը՝ հայտավորված 67-ի փոխարեն։
Պարոն Սերոբյանը խոսեց թերբեռնված խմբերից, որոշ բաժինների, օրինակ՝ ֆիզիկայի փակման վտանգի տակ գտնվելու։ Ի դեպ, Երվանդ Սերոբյանը ֆիզիկոս է ու այս մասին խոսում էր մեծ ցավով։ Առաջարկեց նաև որոշ հաստիքներ կրճատել, իր հաշվարկներով՝ թվով 10-12 անձի, որի արդյունքում բուհը մոտ 15 միլիոնի տնտեսում կունենա։
«Մտածում եմ նաև ռեկտորի աշխատակազմում լուրջ փոփոխություն կատարելու մասին, միգուցե և՛ գործավար, և՛ օգնական մեծ շռայլությո՞ւն է, կարելի է համատեղել և մի հաստիք պահել»,- ասաց բանախոսը։ Այնուհետ անդրադարձավ բուհում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին։
«Ինձ թվում է՝ շատերը մտահոգ են եղել համալսարանի վիճակով, ես չգիտեմ սոցիալական ցանցերով կա՞ ավելի հայտնի և քննարկվող բուհ, քան մերն է։ Բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Երվանդ Սերոբյանը։ Նա տեղեկացրեց, որ երեք դատական գործընթացներից մեկի մասով արդեն ունեն դատարանի որոշում․ դասախոս Գագիկ Համբարյանը վերականգնվել է իր աշխատանքում, բուհի ղեկավարությունը չի բողոքարկելու Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը։ Իսկ Հովհաննես Խորիկյանի ու Անահիտ Ֆարմանյանի հայցերը դեռ քննվում են դատարանում։
Երվանդ Սերոբյանն ասաց, որ ամեն ջանք ներդնելու է, այսպես ասած, երկու կողմերին հաշտեցնելու, բանակցության նստեցնելու համար։ «Որպես ռեկտորի պարտականությունները կատարող՝ պարզապես չունեմ որևէ բարոյական իրավունք վիճաբանող որևէ կողմին արդարացնելու կամ մեղադրելու։ Ես ամեն ինչ անելու եմ, որ կողմերի միջև եղած տաս քայլերից յուրաքանչյուրը կատարի իր հինգ քայլը։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի գտնվեն հաշտության եզրեր։ Եթե մենք այս մթնոլորտը պահպանում ենք, ո՞նց ենք աշխատելու իրար հետ»,- ասաց Երվանդ Սերոբյանը՝ հոգաբարձուների խորհրդին խնդրելով աջակցել իրեն համալսարանում բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու համար։
Երվանդ Սերոբյանին հոգաբարձուների խորհրդի անդամները հարցեր ուղղեցին։ Կրթության ու գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու երկու կողմերի հաշտեցման համար, արդյո՞ք 12 հոգու կրճատելը զանգվածային կրճատում չի դիտվում ու անհրաժեշտություն չի՞ առաջանում արդյոք նախապես հայտարարություն տարածել այս մասին։ Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է բուհն ուզում 40 միլիոն դրամի վարկ վերցնել։
Երվանդ Սերոբյանն ասաց, որ բուհում տիրող անհանդուրժողականության մթնոլորտին վերջ տալու համար, բանակցելու է յուրաքանչյուր կողմի հետ։ Նա ասաց, որ արդեն իսկ հանդիպել է Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի հետ։ «Տղաների հետ կա պայմանավորվածություն․ բոլոր հարցերը լուծվելու են բացառապես բանակցությունների, քննարկումների միջոցով։ Եթե ունենք ինչ-որ բանից դժգոհություն, քննարկում ենք իրար հետ, ոչ թե սոցիալական ցանցերում։ Սոցիալական ցանցերում քննարկումներն անընդհատ, ամեն վայրկյան վնասում են մեր բուհի հեղինակությանը»,-ասաց Երվանդ Սերոբյանը։
Իսկ վարկ վերցնելու հետ կապված նա պարզաբանեց, որ օգոստոսի 20-ին բուհը պարտավոր է աշխատակիցներին տրված արձակուրդայինի եկամտահարկը ՝30 միլիոն դրամի չափով փոխանցել հարկայինին, այլապես տույժ-տուգանքի կենթարկվի բուհը, հաշիվների վրա կալանքի կդրվի: Նա ասաց, որ այս վերցված վարկը կկարողանան փակել մինչև մարտ ամիս, արդեն իսկ հաշվարկ կա, թե ընդունված ուսանողների վարձավճարի քանի տոկոսով կկարողանան փակել այն։
Հոգաբարձուների խորհուրդը Երվանդ Սերոբյանին ժամանակ տվեց իր առաջարկների հիմնավորումները ձևակերպելու ու իրենց ներկայացնելու համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ