Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը:
8 ժամ տեւած նիստից հետո Քոչարյանի փաստաբաններից մեկը՝ Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հարցի քննությունը հետաձգվել է, մինչեւ վաղը ժամը 14-ը: Թե ինչ փուլում է հարցի քննությունը՝ Ալումյանը պատասխանեց, որ հիմա մեղադրանքի կողմն է բողոքի վերաբերյալ իր առարկությունը ներկայացնում. «Հիմնավորումը շատ չի տարբերվում առաջին ատյանում ներկայացվածից»:
Ըստ Ալումյանի, շատ լուրջ փաստարկներ կան, որ կալանքը պետք է փոխել:
Քոչարյանի մյուս պաշտպանը՝ Արամ Օրբելյանն ասաց, որ եթե Վերաքննիչ դատարանը վաղը չհասցնի քննել ու որոշում կայացնել կալանքի մասին բողոքի վերաբերյալ, կտեղափոխվի երկուշաբթի. «Ակնկալիքները դրական են», – ասաց նա՝ նշելով, որ փաստարկներն ամբողջությամբ չեն լսել, երբ լսեն, նոր իրենց կարծիքը կհայտնեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ