Այսօր «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվեց 2015-2016 թվականին զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն են կներառվեն հիմնադրամի շահառուների ցանկում:
Մինչ այս այսօր կառավարության նիստում էլ քննարկվել էր այս հարցը:
Հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր որոշվեց 2015-2016 թ-ի զոհված զինծառայողների ընտանիքներին եւ մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին որպես փոխհատուցում կտրամադրի պետության կողմից արդեն տրամադրվող գումարների եւ հիմնադրով նախատեսված գումարի տարբերությունը:
Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նիստին ներկայացնելով որոշումն,ասաց՝ «Եթե սպան մահացել է, ասենք` 60 հազար դրամ պետությունը ամսական տրամադրում է, հիմնադրամը 240 հազար դրամ կվճարի»:
Ավետիքյանի ներկայացմամբ՝ նախնական հաշվարկներով ՝ 2015-ին 93 միլիոն դրամ կտրամադրվի, 2016-ին՝ 206 միլիոն դրամ, սա 20 տարվա կտրվածքով կկազմի մոտ 6 միլիարդ դրամ:
Ավետիքյանն ասաց, որ երբ շահառուները դիմեն, այդ պահից փոխհատուցման գործընթացը սկսվելու է: Տոնոյան էլ առաջարկեց փոխհատուցման գործընթացը սկսել սեպտեմբերի 1-ից: Այս առաջարկն ընդունվեց նիստում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նշված գործընթացի շահառուներ, այսինքն՝ 2015-2016 թվականներին մարտական գործողություններում զոհվածների ընտանիքներն ու զինհաշմանդամ դարձածներն, ըստ նախարարի, 183- են, այդ թվում՝ 156 ընտանիք եւ 27 զինհաշմանդամ:
Նիստից հետո Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ 2015-2016 թվականներն էլ ներառվեցին այս գործընթացում, քանի որ անցյալ տարի այս որոշումն ընդունելու ժամանակ 2016 թվականն ընդգրկելու առաջարկները մերժվել էին:
«Հիմա հնարավորությունները թույլ են տալիս, կուտակված գումարներ կան, 1000 դրամների կուտակումներն են, որոնք հնարավորություն են տալիս եւս 2 տարի հետ գնալու»,-պատասխանեց նախարարը: Մեր հարցին՝ իսկ այն ժամանակ չէ՞ր հաշվարկվել, որ նման կուտակումներ կարող են լինել, Տոնոյանը պատասխանեց.«Բայց այդ հնարավորությունն անընդհատ քննարկվել է, չէ՞: Այսինքն՝ բարձրաձայնվել է, որ եթե ռեզերվները մեծանան հնարավոր է հետ գնանք»:
Ի պատասխան մեր այն հարցին՝ 2 տարում 27 զինհաշմանդամը քիչ չէ՞, նախարարն ասաց, որ այդ թիվը մի մեծ է.«1-2 կարգի զինհաշմանդամներն են: Այս փուլում 1-ին ուսումնասիրությունը թույլ է տալիս խոսել 27-ի մասին, հնարավոր է թիվը պակասի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տոնոյանը վստահեցրեց՝ այս գործընթացում են ներառվելու նաեւ մարտական գործողություններին կամավոր մասնակցած անձինք, որոնք կհամապատասխանեն որպես շահառու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ