Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղի խաղողի այգիները վարակվել են ալրավոր որդան եւ ողկուզակեր միջատներով: Խոշորացված Այրում համայնքի (որը ներառում է նաեւ Արճիս գյուղը) ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ այդ վնասատու միջատները մեծ վնաս են պատճառել խաղողի այգիներին, այգեգործների կիրառած բուժամիջոց-թունաքիմիկատները բավարար արդյունք չեն տալիս:
Տավուշի գյուղատնտեսներն ասում են, որ Հայաստան են ներկրվում հիմնականում թուրքական, հնդկական, չինական արտադրության թունաքիմիկատներ, որոնք համեմատաբար էժան լինելով`այգիների բուժում, վնասատուների դեմ արդյունավետ պայքար չեն ապահովում:
Թունաքիմիկատների վաճառքով զբաղվողները դրանց վերաբերյալ մասնագիտական բավարար գիտելիքներ չունեն եւ չեն կարողանում այգեգործներին ճիշտ խորհուրդներ տալ, թե որ թունաքիմիկատը որ վնասատուների դեմ, ինչ քանակությամբ, քանի անգամ պետք է կիրառել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ