ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու թեկնածուների մասին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խուսափեց խոսել:
Այսօր «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձումների խորհրդի նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ արդեն անուններ են շրջանառվում, թե ով կարող է փոխարինել Խաչատուրովին, նախարարը պատասխանեց՝ «Գործընթացներ են գնում, հիմա չեմ կարող պատասխանել: Այդ գործընթացներից հետո նոր կլինեն թեկնածուների քննարկումները»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, 5 միլիոն դրամ գրավով նրա խափանման միջոցը փոխարինվել է ստորագրությամբ չհեռանալը:
Սրանց ՌԴ-ն միանշանակ չի արձագանքել: Հայաստանը հայտարարել էր, որ սկսում են Խաչատուրովին փոխարինելու գործընթացը: ՌԴ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթաց սկսելու վերաբերյալ, եւ այն համարել ոչ պրոֆեսիոնալ:
Հայկական կողմից կարծիքներ են հնչել, որ Խաչատուրովի թեկնածության շուրջ երկար բանակցություններ են ընթացել, մինչեւ ռուսները համաձայնվել են:
Aravot.am-ը Տոնոյանից հետաքրքրվեց՝ Խաչատուրովին փոխարինող անձը ե՞ւս պետք է Ռուսաստանին հաճո թեկնածու լինի: «Ես արդեն դրա վերաբերյալ արեցի իմ հայտարարությունը»,-այսպիսի խուսափողական պատասխան տվեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ