Այսօր տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների նոր խորհրդի անդրանիկ նիստը, որի 24 անդամներից ներկայացել էին 14-ը։ Վերջիններս միաձայն հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրեցին Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին։ Քարտուղար ընտրվեց տնտեսագետ Կարեն Ավագյանը։
Լրագրողների հետ զրույցում Լևոն Բարսեղյանն ասաց․ «Հեղափոխություն է տեղի ունեցել, ես 20 տարուց ավել քննադատել եմ այս և Գյումրվա ուրիշ բուհերի վարքերը, համարել եմ, որ այս բուհը խայտառակ կեպով թաղված է կոռուպցիայի մեջ։ Երկար ժամանակ հույս չեմ տեսել և վստահ էի, որ նախորդ իշխանությունների օրոք այս բուհում կոռուպցիան, կոռուպցիան լայն իմաստով՝ իր բոլոր ենթաշերտերով, հնարավոր չէ վերացնել։ Երբ նախարարն ինձ առաջարկեց լինել հոգաբարձուների խորհրդի անդամ, մտածելու բան ունեի՝ իսկապես արժե՞ գնալ այնտեղ, տանջվել, ջանքեր ներդնել, հնարավո՞ր է ուղղել, կարգի բերել, խելքի բերել, մտածեցի շանսը փորձել։ Եկա, մարդիկ առաջարկեցին, դեմ չեղա, քանի դեռ ես այստեղ եմ, այստեղ կոռուպցիա չի լինելու ու լիքը ուրիշ բան է փոխվելու։ Միայն ես չէ, այստեղ հարգելի, պատվարժան, իմաստուն մարդիկ կան, որոնց օգնությունը ես խնդրեցի, որոնք, ինչքան հասկանում եմ, իրենց ջանքերը ներդնելու են, որպեսզի Շիրակի պետական համալսարանը վերջապես թոթափի այն բացասական համբավը, ինչ ունեցել է Սովետի տարիներից սկսած՝ դիպլոմ առնիմ, դիպլոմ ունենամ, որ սիրուն աղջիկ առնիմ, դիպլոմ ունենամ, օժիտիս մեջ դնեմ, օբշի տետրակից դասախոսություն թելադրող դասախոսներ մինչև հիմա։
Սրանք անմեղ բաներ են, ավելի լուրջ բաներ կան՝ գնումներն են, խնամի, ծանոթ, բարեկամ, շահերի բախումներ, սեփական բիզնեսներն աճեցնելու ինչ-ինչ մեխանիզմներ բուհի բյուջեի հաշվին, անարդյունավետ կառավարում, անարդյունավետ ծախսեր, հաստիքացուցակների հետ կապված բազմաթիվ պրոբլեմներ և, իհարկե, կուսակցականացվածություն, քաղաքականացվածություն։ Բոլորս լավ հիշում ենք, երբ իշխանությունների թեկնածուն գալիս էր քաղաք, պետական բուհերը, կրթօջախները պիտի անպայման աշխատողներով, դասախոսներով և բարձր դասարանցիներով, ուսանողներով գնային, այսպես ասած սատարելու»։
Լևոն Բարսեղյանը համոզված է, որ արդյունավետ կառավարման դեպքում բուհում տիրող լարված մթնոլորտը վերանալու է։ Ըստ Լևոն Բարսեղյանի, հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են բազմաթիվ մարդիկ, որոնք անձնական շահեր չունեն։ «Լիակատար շանս կա բարեփոխելու Շիրակի պետական համալսարանը, հենց չեղավ խոստանում եմ, հո ձևական չե՞նք գնալ-գալու այստեղ»,- ասում է պարոն Բարսեղյանը։
Ըստ Լևոն Բարսեղյանի, ինչքան շատ մարդիկ իրենց թեկնածությունն առաջադրեն ռեկտորի պաշտոնի համար, այնքան լավ, հանկարծ մեկ թեկնածուով ռեկտորի ընտրություն չլինի։ Նրա ասելով՝ իրենք շատ ժամանակ կտրամադրեն ռեկտորի թեկնածուների ծրագրերը լսելուն, բնականաբար հաշվի կառնեն նաև նրանց կենսագրականը, փորձը, արած գործերը։
Նունե ԱՐԵՎՇՏՅԱՆ