Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի արդարացման հարցը իրավականից բացի ունի մշակութային նշանակություն. գործիչների բաց նամակը ՀՀ վարչապետին

Օգոստոս 09,2018 16:38

Մշակույթի գործիչների բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ,

Դուք բազմիցս հրապարակավ բարձրաձայնել եք, որ նախորդ վարչախմբի օրոք քաղաքական գործունեության համար դատապարտվածները ազատ կարձակվեն։ Այնինչ հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը բանտում է։

Որպես արվեստի և մշակույթի մարդիկ, մենք առանձնապես հասու չենք իրավական հիմնավորումներին, բայց եթե խորհրդային բռնազավթման տարիների բռնադատվածներին նույն խորհրդային իշխանությունները կարողացան արդարացնել, եթե խորհրդային դատախազությունը կարող էր արդարացնել Գարեգին Նժդեհին (հետմահու), ապա ինչու՞ հիմա դատախազությունը չի կարող արդարացման որոշում կայացնել քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի վերաբերյալ։ Կամ ի՞նչն է խանգարում, որ դատարանը վերանայի այդ շինծու գործը և արդարացման վճիռ կայացնի։

Թավշյա հեղափոխությամբ արթնացած հույսը վերաբերում էր նաև արդարության վերականգնմանը։ Քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի արդարացման հարցը իրավականից բացի ունի մշակութային նշանակություն։ Ստեղծագործական կյանքով ապրող մարդու համար հանդուրժելի չեն արդարության ընտրովի մոտեցումները. այս միտքն անգամ կարող է փոշիացնել ժողովրդական ջանքով նվաճված ձեռքբերումները։

Մեծարգո պարոն վարչապետ,

Ըստ հին ավանդության, ի վերուստ նշանակված արդարներն իրենց կոչման մասին իմանում են միայն փորձության ժամին։ Ուզում ենք հավատալ, որ թավշյա հեղափոխության առաջնորդը պարտված հակաժողովրդական վարչախմբի կողմից ապօրինի դատապարտված Շանթ Հարությունյանին արդարացնելու հեղափոխական ճանապարհ կգտնի։

 

Ռուբեն Հախվերդյան – երգիչ-երգահան
Էդվարդ Զորիկյան – երգիչ-երգահան
Գրիգոր Խաչատրյան – նկարիչ
Նորայր Այվազյան – նկարիչ
Վահրամ Մարտիրոսյան – գրող-հրապարակախոս
Լևոն Ջավախյան – գրող
Անուշ Սեդրակյան – քաղաքագետ
Զավեն Ավետիսյան – գրականագետ
Արթուր Ազարյան – լրագրող-հրապարակախոս
Հրանտ Վարդանյան – ռեժիսոր
Միքայել Հայրապետյան – գրականագետ
Վիգեն Ավետիս – քանդակագործ
Արամ Ավետիսյան – արվեստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031