Այսօր ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վիքիլիքսի հրապարակման հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել. «Որովհետեւ, անձին, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքը կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է: Ապացույցները սպառիչ թվարկված են Քրեական դատավարության օրենսգրքով, այսինքն՝ այդ ապացույցների ցանկից դուրս, այլ փաստական տվյալ չի կարող դրվել մարդուն մեղադրանքի հիմքում: Այսինքն՝ եթե մարդուն մեղադրանք է առաջադրվել, ուրեմն եղել են Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ձեռքբերված ապացույցները»:
Սասուն Խաչատրյանը նաեւ ասաց, որ չի ցանկանում փակագծերը բացել, խոսել, թե ինչ ապացույցներ են դրանք եղել. «Բայց նորից եմ կրկնում, Վիքիլիքսի հրապարակումն ապացույց չէ եւ Վիքիլիքսի հրապարակումը չի կարող դրվել անձին որպես մեղադրանք առաջադրելու հիմք»:
Հարցին, թե դատավոր Վալերի Պողոսյանն իր անվտանգության հարցը բարձրացրեց, ՀՔԾ ղեկավարն ի պատասխան կրկին ասաց, որ չի ցանկանում բացել փակագծերը եւ այս հարցի հետ կապված այլ մեկնաբանություն չունի: Հարցին, թե Վալերի Պողոսյանի անվտանգության հետ կապված խնդիր չի՞ տեսնում, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Վալերի Պողոսյանի անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում, անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացնող մարմինը պատրաստ է ապահովել նրա անվտանգությունը՝ եթե պարոն Պողոսյանը գտնի, որ իրեն վտանգ է սպառնում: Նա կարող է համապատասխան դիմումով դիմել վարույթն իրականացնող մարմնին եւ ստանալ այդ աջակցությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ