ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր կառավարությունում, պատասխանելով հարցին, թե Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրվե՞լ է, պատասխանեց. «Այդ մասին հրապարակում չի եղել, հետեւաբար, Սեյրան Օհանյանին մեղադրանք չի առաջադրվել»:
Հարցրին նաեւ, որ մամուլում Գագիկ Ծառուկյանի անունն էլ է շրջանառվել Մարտի 1-ի գործով, ինչին ի պատասխան՝ ՀՔԾ ղեկավարն ասաց, որ չի մեկնաբանելու. «Բազմաթիվ վարկածներ կան, բոլորն էլ ստուգվում են՝ առանց մանրամասնելու վարկածները զուտ նախաքննության շահերից ելնելով ես չեմ ցանկանում խոսել վարկածների մասին»:
Այն հարցին, թե Մարտի 1-ի գործով քանի մեղադրյալ է մեղադրյալի կարգավիճակից դարձել տուժող, պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ գործը կրկին քննվում է՝ բոլոր կարեւոր հանգամանքներով. «Եթե հաշվի առնենք, որ այնպիսի կարեւոր փաստաթուղթ, ինչպիսին 0038 հույժ գաղտնի հրամանն էր նախաքննության այս տասուկես տարիների ընթացքում, նախաքննության մարմնի կողմից փորձ չի արվել հայտնաբերել եւ կցել գործին եւ դրա շուրջ քննություն արվեր, դուք արդեն պատկերացրեք, որ մենք ունենք նաեւ կասկածներ, որ կան նաեւ այլ փաստաթղթեր, այլ վկայություններ, որոնց շուրջ ներկայումս, մեծ ծավալի քննչական գործողություններ են կատարվում: Բնականաբար կլինեն նոր տուժողներ: Ես չեմ կարող ասել նախկինում մեղադրանք առաջադրված անձանցից տուժողներ կլինեն թե չեն լինի, բայց այսօր ունենք տենդենց, որ մարդիկ, որոնք ժամանակին մարդիկ վախենալով քրեական հետապնդումներից չեն հայտնել իրենց՝ մարմնական վնասվածք ստանալու մասին այսօր դիմում են եւ տուժողի կարգավիճակ են ստանում, հայտնում են գործի մասին իրենց ամբողջ տեղեկատվությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ