Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունն այնպիսի հնարավորություն պիտի ստեղծի, որ ամենամեծ հանցագործն անգամ պաշտպանվի». Ալեք Ենիգոմշյան

Օգոստոս 09,2018 15:43

«Պետությունն այնպիսի հնարավորություն պիտի ստեղծի, որ ամենամեծ հանցագործն անգամ պաշտպանվի»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը:

Ալեք Ենիգոմշյանը շեշտեց՝ Ռոբերտ Քոչարյանը զուտ իրավական տեսանկյունից պետք է պաշտպանվի, այլ խնդիր է, որ իր անմիջական և անուղղակի հովանավորությամբ կատարված բոլոր ոճիրները կասկածի առարկա չեն և այդ ամենի և՛ քաղաքական, և՛ իրավական պատասխանատվությունը ինքը պետք է կրի. «Այստեղ կա պաշտպանության իրավունք, թող պաշտպանները փորձեն պաշտպանել, իսկ արդարություն իսկապես պիտի լինի»:

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ևս ընդգծեց՝ ՀՀ-ում ցանկացած անձ դատարանում պիտի կարողանա պաշտպանվել: Գևորգ Սաֆարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին հորդորեց չմոռանալ փաստաբանական էթիկայի կանոնները, քանի որ որոշ հայտարարություններ դուրս են գալիս այդ սահմաններից:

Դառնալով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդրին՝ Գևորգ Սաֆարյանն ասաց. «Շատ է խոսվում սահմանադրությամբ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության մասին: Ե՛վ իր պաշտպանները, և՛ մի շարք պատգամավորներ խոսում են, որ սահմանադրությունը տալիս է այդ անձեռնմխելիությունը: Բայց դա ունի սահմաններ, որևէ սահմանադրություն աշխարհում չի կարող տալ անձեռնմխելիություն, որ ինքը տապալի սահմանադրական կարգը: Ասել ենք, որ ՀՀ-ում առնվազն մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալվել է.  բանակի ստորաբաժանումների, բռնի ուժի կիրառմամբ, տանկերը մտցրին Երևան: Այստեղ ոստիկանական ուժերի մասին խոսելն ավելորդ է. մարտի 1-ին բանակի միջոցով զավթվել է ժողովրդի իշխանությունը»:

Անդրադառնալով այն հարցին՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվեց, իսկ «Սասնա ծռերը» ազատ արձակվեցին, Գևորգ Սաֆարյանն այսպիսի դիրքորոշում հայտնեց. «Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվեց, քանի որ նա ՀՀ-ում տապալել է սահմանադրական կարգը, իսկ «Սասնա ծռերը» սեփական կյանքի վտանգմամբ այդ կարգը վերականգնել են: Դեռ շատ հանցագործություններ, որ կատարվել են Քոչարյանի և իր շրջապատի կողմից, կբացահայտվեն: Ոնց որ թե մի շարք այլ անձինք էլ են ներգրավվում մարտի 1-ի գործով. բոլոր հրաման տվողները, կրակողները պիտի պատժվեն. դա Սերժ Սարգսյանն է,  Ռոբերտ Քոչարյանը, մի շարք բարձրաստիճան ոստիկաններ»:

Ալեք Ենիգոմշյանն էլ հիմնավորեց, թե ինչու է անհրաժեշտ, որ գերակայություն տրվի Ռոբերտ Քոչարյանի գործին. «Եթե կա հանցագործություն, անպայման պատասխանատուները պիտի պատժվեն օրենքի ուժով: Այստեղ ես կրկնում եմ միշտ պիտի հաշվի առնենք նաև օրենքի գերակայությունը, որը վեր է քաղաքական նկատառումներից: Կա քաղաքական իրականություն. այսօր 2018-ն է, իսկ այն դեպքերը, որոնցում մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, և դրանք ապացուցված են, տեղի են ունեցել 2008-ին: Դրանից հետո իշխանության սովորական փոխանցում է տեղի ունեցել: Ռոբերտ Քոչարյանի համակարգը շարունակվել է՝ պարզապես նախագահի աթոռը զբաղեցրած անձի փոփոխությամբ: 2018-ին համաժողովրդական շարժման արդյունքում վերջ է տրվել 1998-ին ձևավորված համակարգին, այսօր ամբողջ հայ ժողովրդին սպառնացող խնդիրն այս քսան տարիների համակարգի վերադարձն է: Իրավական իմաստով բոլոր հանցագործությունները հավասար արժեք ունեն, չի կարող լինել այնպես, որ 1996-ի, 2008-ի հանցագործությունները մեկը մյուսից ավելի մեծ առաջնահերթություն ունենան, բայց քաղաքական և երկրին սպառնացող վտանգի առումով Ռոբերտ Քոչարյանի խնդրի արծարծումը կարևոր է, քանի որ այսօր ՀՀ-ին սպառնում է այս վերջին 20 տարիներին ՀՀ-ում ստեղծված համակարգի վերադարձի սպառնալիքը, համենայն դեպս, շատ ավելի, քան մինչև 1998-ը»:

Գևորգ Սաֆարյանն էլ հայտարարեց՝ առնվազն կցանկանայի, որ հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվեր: Ալեք Ենիգոմշյանն էլ լրացրեց՝ հոկտեմբերի 27-ի ծալքերը պիտի բացել. այդ մասին խոսք չկա:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները չցանկացան մանրամասն խոսել Երևանի ավագանու ընտրություններից, քանի որ չմասնակցելու որոշում են կայացրել, մյուս կողմից էլ շեշտեցին՝ ՀՀ-ում ընտրությունները չեն կարող լեգիտիմ լինել, քանի դեռ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ

Օգոստոսի 17-ի հանրահավաքի մասին էլ Գևորգ Սաֆարյանն ասաց՝ ժողովուրդը պիտի աջակցի նոր կառավարությանը, որպեսզի թույլ չտանք, որ  ռևանշիստները կարողանան կառավարության նկատմամբ ճնշումներ գործադրել, ինչն այս օրերին ակնհայտ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031