ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները /այսուհետ՝ Խումբ/ 2018թ. հուլիսի 13-ին այցելել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:
Այցելության ժամանակ Խմբի անդամները արձանագրել են, որ քրեակատարողական հիմնարկի խցերում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 45° ըստ Ցելսիուսի սանդղակի:
Այս ամենով հանդերձ՝ քրեակատարողական հիմնարկը չունի օդափոխության համակարգ, ինչը բացասաբար է անդրադառնում և՛ ազատությունից զրկված անձանց, և՛ ՔԿՀ աշխատակիցների վրա։ Հնարավոր օդափոխությունը կատարվում է լուսամուտների միջոցով։
Չկա նաև մշտական ջրամատակարարում, ինչը, սակայն, քրեակատարողական հիմնարկի խնդիրը չէ: Ջրամատակարարումը կատարվում է օրվա ընթացքում 3 անգամ՝ երկուական ժամով: Հիմնարկի վարչակազմը փորձում է իր ուժերով խնդիրը լուծել. երեկոյան ջուրը ամբարում է՝ առավոտյան օգտագործելու նպատակով:
Խմբի անդամների դիտարկմամբ՝ նշված իրավիճակը վտանգավոր է հատկապես սրտանոթային, շնչառական, նյարդային և նմանատիպ այլ խնդիրներ ունեցող անձանց համար, ուստի անհրաժեշտ է օր առաջ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ:
Այդ առնչությամբ, որպես ընթացիկ լուծման խնդիր, Խումբը 2018թ. հուլիսի 16-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով ջրամատակարար ընկերության հետ պայմանավորվածություն ձեռք բերել՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ջրամատակարարումը շուրջօրյա դարձնելու համար։
Ինչպես նաև առաջարկել է քննարկել քրեակատարողական հիմնարկում օդափոխության համակարգ տեղադրելու հարցը, ինչը համակարգային խնդիր է։
Ի պատասխան Խմբի գրությանը՝ 2018թ. օգոստոսի 1-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ «Արմավիր» ՔԿՀ-ում 2018թ. հուլիսի 10-13-ը «Վիոլա ջուր» ՓԲԸ-ի կողմից իրականացված ջրամատակարարման քանակը կազմել է 2.79 մ³/ժամ, ինչը 2.31 մ³/ժամ-ով պակաս է ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 16-ի թիվ 896-Ա որոշմամբ ընդունված սահմանաչափից:
«Վիոլա ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հավաստմամբ՝ այդ օրերին ջրամատակարարման քանակի նվազման պատճառները կենտրոնական ջրագծի վրա տեղի ունեցած տեխնիկական վթարներն են եղել, որոնք վերացվել են ս.թ. հուլիսի 13-ին՝ ժամը 16°°-ի սահմաններում: Ներկայումս ջրամատակարարման քանակը կազմում է 5.21 մ³/ժամ:
Բարձրացված հաջորդ խնդրի վերաբերյալ հայտնել են, որ «Արմավիր» ՔԿՀ-ն կառուցելիս օդափոխության կենտրոնացված համակարգի տեղակայումը հանվել է նախնական նախագծից՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով:
Այժմ քրեակատարողական ծառայությունում քննարկվում է «Արմավիր» ՔԿՀ-ում օդափոխության կենտրոնացված համակարգ տեղադրելու հնարավորությունը:
Համապատասխան միջոցների առկայության դեպքում անմիջապես կձեռնարկվի օդափոխության կենտրոնացված համակարգի տեղակայումը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի հաղորդագրություն