Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր Սարի թաղի բնակիչներ Կարեն Վանոյանի եւ Սարգիս Արաբաջյանի գործով հերթական դատական նիստն էր: Նրանք մեղադրվում են 2016թ. ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու համար:
Հիշեցնենք՝ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր, տրանսպորտ ու գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց՝ բողոքելու:
Այս գործով մեղադրյալներ են մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ: Վկա-ոստիկանները, թեեւ պատշաճ ծանուցվել էին, սակայն նիստին չէին ներկայացել, ուստի դատավորը որոշեց նրանց բերման ենթարկելու գրություն ուղարկել ոստիկանություն: Ըստ այդմ, նիստը հետաձգվեց ու նշանակվեց արդեն սեպտեմբերին:
Aravot.am-ը զրուցեց մեղադրյալներից Կարեն Վանոյանի հետ, որը նախորդ նիստում ազատվել է կալանքից, ինչպես եւ գործով մյուս մեղադրյալները: Նա դատարանում դեռ ցուցմունք չի տվել, ուստի կարծիք հարցրեցինք մինչ օրս հարցաքննված վկա-ոստիկանների հայտնած տվյալների մասին միայն:
Որոշ ոստիկաններ դատարանում պնդել էին, թե սարիթաղցիները ալկոհոլ օգտագործած են եղել: Կարեն Վանոյանը հերքեց. «Մենք խմած չենք եղել: Գուցե իրենց մարդիկ (նկատի ունի՝ ոստիկանների) են եղել: Խմելով չի, էլի…»:
Ըստ Վանոյանի՝ բնակիչները ոստիկանների հետ խոսելու են գնացել կենցաղային խնդիրների պատճառով, ոչ թե ի սկզբանե ագրեսիվ տրամադրված, ինչպես ոստիկաններից ոմանք են ասել. «Սարի թաղը կարծես շրջափակման մեջ լիներ՝ ոչ ջուր կար, ոչ տրանսպորտ: Հասկացանք, որ գազամատակակարումն անջատել էին, որովհետեւ վտանգավոր էր (ՊՊԾ գնդի տարածքից պարբերաբար կրակոցներ էին հնչում), բայց լույս էլ չկար…մենք տեսախցիկով էինք գնացել ու պահանջել, որ գոնե տրանսպորտ աշխատի: Եթե դուրս եկած լինեինք կռիվ անելու, տեսախցիկով չէինք գնա ու ոչ էլ ցերեկով կգնայինք: Այնպես չէ, որ տեսախցիկով իջել էինք ոստիկան տփելու ու ինքներս մեզ նկարելու ու հետագայում ոստիկանություն տարվելու…»:
Կարեն Վանոյանը նաեւ հերքեց ոստիկանների ցուցմունքներն այն մասին, թե սարիթաղցիների մի մասը ցանկացել է ոստիկանական պատնեշից այն կողմ անցնել եւ միանալ ՊՊԾ գունդը գրավածներին. «Մեզ նման բան պետք չի եղել, մենք մեր թաղամասի համար ենք դուրս եկել՝ առանց չար մտադրությունների: Ո՞նց կարող էինք ոստիկանին՝ օրենքի մարդուն, նեղացնել»:
Իսկ թե ինչից է սկսել բախումը, մեր զրուցակցի խոսքով՝ պատճառը ոստիկաններն են եղել. «Մարդկանց գցել են գետնին…այդ ամենը նկարահանվել է ոստիկանության կողմից, բայց այդ կադրերը չգիտես ինչ են եղել: Ոստիկաններն էլ շատ լավ գիտեն՝ ինչ են արել: Դեպքի վայրում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ