«Իմ տպավորությամբ, ով բեմահարթակ բարձրացել է, պաշտոն է ստանում, բա ո՞ւր է կադրային քաղաքականությունը, ինչքան էլ լինի ժամանակավոր…»,- իր մտահոգություններն այսօր «Հայելի» մամուլի ակումբում բարձրաձայնեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Նա տարակուսեց`մեզ այսօր մշակույթի նախարարություն պե՞տք է. նկարիչը նկարում է, քանդակագործը`քանդակում եւ այլն: Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանն էլ համամիտ է Հաղթանակ Շահումյանի հետ. «Եկել են նոր մարդիկ, եթե չեն բերել համակարգ, այլ փորձում են հարմարվել հին համակարգին` հանելով դրան քիչ թե շատ ծանոթ մարդկանց, շատ ավելի վատ է լինելու»:
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ նկատեց`նոր կառավարիչները պետք է բերեն ոչ իրենց հարմար համակարգ, այլապես, ոչինչ չի փոխվի: Նա կողմ է, որ հնից, նաեւ խորհրդային տարիներից եկող լավը պահպանելուն:
Խոսելով կառավարման համակարգի մասին, Ռուբեն Բաբայանն օրինակ է բերում Նյու Յորքի քաղաքապետարանը`մեկ սենյակ եւ ուշադրություն հրավիրում մեր քաղաքապետարանի հսկայական շենքին. «Ինչպե՞ս է այդ հսկայական քաղաքը կառավարվում մեկ սենյակից, իսկ Երեւանը…»
Անդրադառնալով Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, Լեւոն Թոքմաջյանը կրկին տարակուսեց. Հայկ Մարությանի թեկնածությունն իրեն չի հուսադրում, Նաիրա Զոհրաբյանի մասով ասում է`ԲՀԿ-ն է… Բայց Զարուհի Փոստանջյանն իր դուխով, իրեն հոգեհարազատ է:
Մանրամասները`տեսանյութում
Հաղթանակ Շահումյանի կարծիքով Երեւանը վերջին 50-60 տարիներին դիմազրկվել է: Ասում է`Երեւանը լիցքաթափվելու խնդիր ունի, իսկ դրա համար գավառները պետք է զարգացնել: «Մեզ հարկավոր չէ որեւէ մեկին նայել, Երեւանն իր կերպարն ուներ»,- ասում է նկարիչը` հավելելով, որ կառավարման համակարգը պետք է վերանայվի եւ ոչ թե սրա-նրա ցանկությամբ ու ճաշակով. «Մենք հույսներս դնում ենք Պողոսի, Պետրոսի ճաշակի եւ մշակույթի վրա: Ճարտարապետական վարչությունը գրեթե չի գործում, Երեւանը դարձավ հանրային գերակա շահի զոհը, երեւանցին զրկվեց իր ունեցվածքից, տեղն ով ասես` եկավ լցվեց: Ես կուզեի Երեւանի քաղաքապետի պաշտոնում մարդ լինի, որը սրտացավ կլինի, մասնագետներին լսող եւ նրանց կարծիքը հարգող կլինի»:
Հաղթանակ Շահումյանը չի ընդունում նաեւ կուսակցական ավագանու գոյությունը: Ասում է` այն ի նպաստ քաղաքի չի աշխատելու, այլ ի նպաստ իր խմբակային շահի. «Իսկ Երեւանը երևանցին պիտի կառավարի: Երեւանը խնդիրներ ունի, որ ցանկացած քաղաքապետ կամ ավագանի չեն կարող լուծել, դա կառավարության լուծելիքն է»: Իր համար, մեծ հաշվով, մեկ է, թե ով կդառնա Երեւանի քաղաքապետ, կարեւորը`խնդիրները լուծվեն:
Մանրամասները`տեսանյութում
Բեմադրիչ Ռուբեն Բաբայանը վաղ է համարում խոսել Երեւանի քաղաքապետի նախընտրելի թեկնածուի մասին, քանի որ որեւէ մի թեկնածու դեռ ծրագիր չի ներկայացրել: Նա ցանկանում է, որ այս ընտրություններն իսկապես արդար լինեն: Ասում է` դեռ կտեսնենք, թե ինչքա~ն սխալ ենք կողմնորոշվում: Մինչ այսօր, ըստ նրա, առիթ չենք ունեցել ինքներս մեզ մեղադրել մեր սխալ ընտրության համար եւ պատասխանատվություն զգալ սեփական ընտրության համար: Համամիտ է Հաղթանակ Շահումյանի հետ`Երեւանի ավագանին կուսակցականացնելը ճիշտ չէ:
Մանրամասները`տեսանյութում
«Հայկ Մարությանի առաջադրման մեջ մի ձեռքբերում կա`նա այլեւս ֆիլմերում չի նկարվի: Դա ձեռքբերում է ողջ հանրապետության համար»,- ասաց Ռուբեն Բաբայանը: Նա կարծում է, որ վերջին շրջանում Հայաստանով զբաղվում էին օտարները եւ մեր մշակույթ ներխուժեց ասիականությունը. «Գավառամտություն է երկիրը մայրաքաղաքից կառուցել, երկիրը սահմաններից են կառուցում»:
Օգոստոսի 17-ին էլ Ռուբեն Բաբայանը գնալու է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, ոչ այն պատճառով, որ Նիկոլին կուռք է դարձրել, կամ էլ, որ ցանկանում է լսել հարյուր օրվա պատմություններ, այլ որովհետեւ ուզում է Հայաստանի ինքնիշխանությունը հաստատվի: Հեղափոխության հիմնական ձեռքբերումը ինքնիշխանության հաստատման փորձն է համարում:
Հաղթանակ Շահումյանն էլ նկատեց`կարեւորը, որ վարչապետը վստահությամբ գա հաշվետվության`վստահ լինելով իր արածի մեջ. «Ժողովուրդը հավատացել է եւ դա չպետք է կոտրվի, այլապես երկիրը կհայտնվի քաոսի եւ եղբայրասպան դրության մեջ: Լուրջ պահի ենք, մեջն ենք, չենք գիտակցում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ