Ի՞նչ կապ ունեն հայտնաբերված զենքերը մարտի 1-ի հետ. այսօր կառավարության նիստից հետո Արթուր Վանեցյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ, բայց դա դեռ վարկած է, որը պետք է ստուգվի: Հարցին, թե այդ զենքերից կրակել են ցուցարարների ուղղությա՞մբ, ԱԱԾ ղեկավարը պատասխանեց՝ դրա արդյունքները պարզ կլինեն համապատասխան փորձաքննություններից հետո. «Նախնական օպերատիվ տվյալներով նման վարկած կա»:
Կարծում եք, որ Հովիկ Աբրահամյանը առնչություն ունի մարտի 1-ի հե՞տ հարցին, օրինակ՝ հրաման է արձակել, որպեսզի իր կողմնակիցները կրակեն ցուցարարների ուղղությամբ, պարոն Վանեցյանը պատասխանեց. «Ես նման մանրուքներ չեմ կարող այս պահին ձեզ ասել, միայն կարող եմ ասել, որ մենք հայտնաբերել են զենքեր, որոնք, մեր նախնական, օպերատիվ տվյալների համաձայն կարող է օգտագործվել են 2008թ. մարտի 1-2-ին»:
ԱԱԾ ղեկավարից հետաքրքրվեցին, թե այսինքն՝ օգտագործվել են Հովիկ Աբրահամյա՞նի կողմից, որին ի պատասխան, պարոն Վանեցյանն ասաց, որ օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ընդգրկված չեն եղել իրավապահ համակարգում:
Արթուր Վանեցյանը չգիտեր Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է հարցաքննության թե՝ ոչ, հորդորեց հարցն ուղղել ՀՔԾ-ին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ