Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ տնտեսական ցուցանիշներին՝ նշելով, որ պաշտոնական վիճակագրությունը դրական միտումներ է արձանագրել: Այս տարվա հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.6 տոկոս, իսկ առաջին կիսամյակում՝ 8.9 տոկոս:
«Հեղափոխությունը, քաղաքական այս փոփոխությունները ոչ միայն անկման չեն բերել, չնայած սովորաբար այդպես է լինում, այլ ընդհակառակը բերել են որոշակի տնտեսական ակտիվության: Դա պայմանավորված է օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով, նախ՝ գյուղատնտեսության ոլորտում բերքը լավ է այս տարի, անշարժ գույքի ու շինարարության ոլորտում ակտիվություն կա: Մեր քաղաքականությունը սա խթանելն է, տնտեսության օրինական զարգացմանը չխանգարելն է, երկրորդ, օգնելն է: Դրա համար տնտեսության մեջ յոթը չափում ենք, մեկը կտրում»,- ասաց վարչապետը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, ներդրողը Հայաստանում ազատ է որեւէ կոռուպցիոն պարտավորությունից, որեւէ խոչընդոտի չի հանդիպի, եթե օրինական դաշտում է աշխատում, իսկ իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեն բոլոր նրանց, որոնք որեւէ ներդրողի կոռուպցիոն պարտավորություն կառաջադրեն: «Հայաստանը մի երկիր է, որտեղ գրագետ ու հետեւողական աշխատանքով կարելի է հասնել մեծ արդյունքի»,- ասաց նա: Կառավարությունն իր հերթին, ըստ Նիկոլ Փաշինյանի, ամեն կերպ կաջակցի տնտեսվարողներին:
Վարչապետն անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը, ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքներին ու տնտեսվարողների դժգոհությանը, ասաց, որ սկզբանե ուղերձը եղել է հստակ՝ կառավարությունը եւ բոլորը կարող են ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար ի սկզբանե որդեգրում է օրինապահ քաղաքականություն. «Եթե ասված է, որ ՀԴՄ պետք է տրվի, ուրեմն պետք է տրվի: Մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ պետբյուջե վճարված գումարներն արդյունավետ ծախսվում են»:
Վարչապետը ՊԵԿ-ին հորդորեց իր գործունեության մեջ առաջնորդվել այնպես, որ քաղաքացիներ շրջանում անարդարության զգացողությունը, որը հաղթահարվել է, չառաջանա. «Եթե որեւէ մեկը կասկածի, հետո համոզվի, որ իր նկատմամբ այլ վերաբերմունք կա, քան իր կողքի աշխատողի նկատմամբ է, մենք լուրջ պրոբլեմներ կունենանք: Մեր քաղաքականությունը ոչ թե պատժող է, այլ քաղաքացիների հետ պետք է երկխոսությունը շարունակենք, որպեսզի օրինականությունը պահպանվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ