Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ԱԺ 45 պատգամավորների միջնորդությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ: Այս եւ այլ հարցերի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել Է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Որպես քաղաքական գործիչ՝ չե՞ք կարծում, որ Ռ. Քոչարյանը քաղաքական պատասխանատվություն է կրում Մարտի 1 -ի մասով, քանի որ այդ ժամանակ երկրի նախագահն էր:
–Բոլոր ժամանակներում էլ քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Բայց քաղաքական պատասխանատուն ու մեղավորը տարբեր հասկացություններ են: Քաղաքական պատասխանատվությունը, մեղավորը, հանցագործը շատ տարբեր եզրույթներ են: Քոչարյանն ունի շատ լուրջ փաստաբաններ, որոնք կներկայացնեն փաստեր: Ես չեմ կարծում, որ Քոչարյանն իմ պաշտպանության կարիքն ունի:
Ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, շահագրգռված եմ, որպեսզի իմ երկրում չլինեն ընտրովի արդարադատություն, կրկնակի ստանդարտներ: Ես առնվազն տարակուսելի, զավեշտալի եւ մտահոգիչ եմ համարում այն, որ երկու կամ երեք պատգամավորների միջնորդություն՝ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներին կալանքից ազատելու վերաբերյալ, բավարարվում է, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, ՊՊԾ գնդի վրա հարձակվել են, որի արդյունքում սպանվել է ոստիկանության գնդապետ, իսկ 45 պատգամավորի ստորագրության վերաբերյալ ՀՔԾ պետը, Գլխավոր դատախազությունն ասում են, որ Քոչարյանը կարող է խոչընդոտ հանդիսանալ: Ծիծաղելի մեկնաբանություններ են: Այդ ի՞նչ պիտի անի Քոչարյանը. իշխանությունը ձեր ձեռքն է. մի՛ թողեք՝ Հայաստանից գնա: Ի՞նչ խնդիր կա: Եթե դուք չեք կարողանում Հայաստանի սահմանները փակ պահել, որ Քոչարյանը չփախչի, կամ Քոչարյանը եթե փախչող լիներ, չէր գա: Քոչարյանը հայտարարել է, որ արտասահմանից գալու է: Արտասահմանից չէր գա, կմնար դրսում: Մարդը եկել է, չէ՞: Մարդը Հայաստանի երկրորդ նախագահն է եղել, Արցախի հերոս է եղել, Արցախի առաջին նախագահն է եղել: Այստեղ պետության խնդիր կա: Չի կարելի արդարադատությունը եւ սեփական կարծիքը նույնականացնել:
–Ասում եք՝ ՀՀԿ-ն ամենից շատ է շահագրգռված, որ Մարտի 1-ի դեպքերը բացահայտվեն: Այդ դեպքում նախորդ 10 տարիներին ինչո՞ւ հստակ քայլեր չարվեցին:
–Իսկ ո՞վ է ասել, որ հստակ քայլեր չեն արվել: Իսկ այսօր ինչ-որ նոր բան ի հայտ եկե՞լ է, կոնկրետ փաստեր կա՞ն, թե ով է կրակել: Մենք խոսում ենք տասը զոհերի մասին. որեւէ մեկը գիտի՞, թե նրանց ով է սպանել: ՀՀԿ-ն ոչ մի բան չի կոծկել: ՀՀԿ-ն առաջինն է շահագրգռված, որ տասը զոհերի սպանության հանգամանքները պարզվեն:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում