Այսօր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» կամ ինչպես ավելի տարածված է՝ «1000 դրամների» օրենքում փոփոխություն տեղի ունեցավ, համաձայն որի՝ այդ գումարները, որոնք պահվում են մեր աշխատող քաղաքացիներից, կարող են տրամադրվել նաեւ 2015 թվականից հետո ծառայության ընթացքում զոհված եւ հաշմանդամություն ստացած դեպքերի առիթով:
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դե ֆակտո որոշումը կայացված է, մնում է դե յուրե կայացնել: Խոսքը ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց եւ նրանց հարազատներին հատուցելու մասին օրենքի նախագծի մասին է: Դա հանրության շրջանում հայտնի է որպես 1000 դրամների մասին օրենք: Նախատեսվում էր, որ այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017 թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ստացած անձինք կամ նրանց հարազատները: ՊՆ հետ քննարկեցինք եւ պարզեցինք, որ կա հնարավորություն այդ ամսաթիվը 2 տարով հետ տանել, օրենքի նախագիծը կտարածվի 2015 թ-ից հետո տեղի ունեցած դեպքերին»:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 15:00-ին կայանալու է նշված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, օրակարգում ներառված է 2015-16 թթ. ընթացքում նշված չափանիշներին համապատասխանող զինծառայողներին շահառու ճանաչելու հարցը: Ըստ նրա, ընդհանուր առմամբ՝ շահառու կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք եւ զինհաշմանդամ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մի նուրբ պահ կա, որ ապրիլյան պատերազմի զոհերը եւ տուժածներն այդ օրենքի շահառու չէին համարվում. «Սա կարեւոր որոշում է»:
Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ կա՞ն ոչ անհայտ ընկերություններ, որոնք վճարումները չեն կատարում, կամ պարտքեր ունեն: Նա նշեց, որ ընկերությունների անունները կփոխանցի, եւ կոչ արեց բոլոր ընկերություններին վճարումները կատարել:
Վարչապետի կարծիքով՝ հիմնադրամը պետք է մեծանա, որպեսզի շահառու դառնան ավելի վաղ ժամանակում զոհված կամ տուժածների ընտանիքները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ